Տարածք ինչի՞ դիմաց, բնաջնջմա՞ն. Արթուր Աղաբեկյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Տարածք ինչի՞ դիմաց, բնաջնջմա՞ն. Արթուր Աղաբեկյան

Տարածք ինչի՞ դիմաց, բնաջնջմա՞ն. Արթուր Աղաբեկյան

1994 թվականի զինադադարը, որը կնքվեց Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների միջև՝ ՌԴ-ի մասնակցությամբ, իրական գնահատական չտվեց՝ խաղաղությունը պարտադրվե՞լ է, թե՞ ոչ։ Այս կարծիքին է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Արցախում Yerkir.am-ի հետ զրույցում նա անդրադարձավ ապրիլի սկզբին և դրան հաջորդած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին, ԼՂ հակամարտության խնդրի կարգավորման տարբերակներին, միջազգային հանրության որդեգրած քաղաքականությանը և մի շարք այլ հարցերի:

 

Ըստ ԼՂՀ փոխվարչապետի` խաղաղություն պարտադրողը լինում է կողմերից մեկը, և դա արել է հայկական կողմը, մասնավորապես՝ ԼՂՀ Պաշտպանության բանակը՝ ամբողջ հայ ժողովրդի աջակցությամբ:

 

«Ուժերի մեկտեղումով մենք Ադրբեջանին կարողացել ենք պարտադրել խաղաղություն: Այսինքն՝ երրորդ կողմը խաղաղություն չի ապահովել այս տարածաշրջանում: Ադրբեջանցիների հստակ ձևակերպումն է` Ղարաբաղն առանց ղարաբաղցիների, և նրանց պահվածքը, գործողությունների ընթացքը հենց այդպիսին են։ ՊԲ-ն մարտերը վարում էր՝ հիմքում ունենալով խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը և հակառակորդի ջախջախումը, և պատրաստ էր մարտը վարել այնքան ժամանակ, մինչև հակառակորդը հասկանա, որ ռազմական գործողություններով չի կարող լուծել իր խնդիրը, և ԼՂՀ-ն պատրաստ է ռազմական գործողություններով լուծել իր խնդիրը: Պետք է փաստենք, և միջազգային հանրությունը պետք է իմանա, որ Ղարաբաղին պարտադրված պատերազմում հաղթող է դուրս եկել ԼՂՀ-ն՝ բավարարվելով միայն հակառակորդին խաղաղություն պարտադրելով: Եռանախագահների հետագա միջնորդության հիմքում եղել է պարտադրված խաղաղությունը պահել այնքան ժամանակ, մինչև որ գտնվեն լուծումներ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման համար: Պետք է անկեղծ ասեմ, որ եռանախագահների գործունեության հենց առաջին փուլից միանգամից խոսք էր գնում փոխզիջումների մասին, և ցավում եմ, որ փոխզիջում ասվածը դիտարկվել էր միայն «տարածք» հասկացության մեջ. այլ զիջելու բան չկա, ընդամենը խոսք էր գնում տարածքի մասին: Սա կարգավորումը ինչ-որ տեղ մղել է փակուղի, և լուծումներ չեն գտնվում»,- ասաց Աղաբեկյանը եւ ընդգծեց, որ հայկական կողմը, դիվանագիտական գործառույթներով անընդհատ համաձայնություն տալով կամ չտալով, մեկ նպատակ է ունեցել, որ այս փխրուն խաղաղությունը մնա այնքան ժամանակ, մինչև ձեռք բերվի փոխադարձ համաձայնություն:

 

Ըստ նրա` իրականում ցանկացած կոնֆլիկտ, որն ավարտվում է ռազմական գործողություններով, միշտ դիտարկվում է մի տիրույթում. ցանկացած կոնֆլիկտի լուծում պահանջում է փոխադարձ զիջում, իսկ փոխադարձ զիջումից առաջ պետք է լինի փոխադարձ ընկալում։ Եթե առկա է փոխադարձ ընկալումը, փոխադարձ զիջումների տարբերակները լինում են շատ:

 

«Ադրբեջանը փորձ չի արել իր հասարակությանը պատրաստել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանի իշխանություններն ապրիլի 2-ին փորձ արեցին ռազմական ճանապարհով լուծել ԼՂ խնդիրը։  Ադրբեջանի իշխանությունները նորից համոզվեցին կամ, եթե դեռ չեն համոզվել, ապա շուտով կհամոզվեն, որ ռազմական ճանապարհով ԼՂ հակամարտության խնդրի լուծումն անհնար է, որովհետև հայ ժողովուրդն այս հողի վրա, այս տարածքում, այս բարձրավանդակում ապրել և ապրելու է: Բոլոր սերունդները պետք է իմանան՝ ինչ չտրասֆորմացվող հարևանի հետ գործ ունենք, և պետք է այդ հարևանի հետ գործ ունենալու համար պատրաստ լինել ցանկացած պահի դարձյալ պարտադրել զինադադար»,- հայտարարեց Աղաբեկյանը:

 

Նա համոզված է` հակառակորդը պատրաստ չէ որևէ երկխոսության, չի հանդուրժում մեր լինելիությունը, սակայն Ադրբեջանը չի կարող անընդհատ ռազմական գործողություններ իրականացնել. ոչ մի երկիր անսպառ ռեսուրսներ չունի, այդ թվում` Ադրբեջանը:

 

«Բոլոր ռազմական գործողություններն ունենում են սկիզբ և ավարտ։ Վերսկսված ռազմական գործողությունների մասշտաբը բավականին մեծ էր և հատուկ պլանավորված, այն պետք է վերածվեր լայնամասշտաբ ռազմական գործողությունների, եթե  հայկական կողմի գործողությունները չլինեին համապատասխան։ Հայկական կողմը պատրաստ է էլ ավելի մեծ մարտ վարել և հակառակորդին զսպել։ Մեկ հիմք պետք է ունենա մեր ժողովուրդը՝ պատրաստ բանակ։ Եթե ուզում ենք խաղաղություն, պետք է  պատրաստ լինենք պատերազմի։Եթե հայկական կողմը պատրաստ չլիներ, ադրբեջանական կողմը վաղուց էր հայտարարություններ  արել, ապակողմնորոշել միջազգային հանրությանը։ Անգամ եթե մի պահ պատկերացնենք, որ Մադրիդյան, Կազանյան սկզբունքները կարող են կյանքի կոչվել, դրա շարունակությունը կլիներ այն, որ մեր հակառակորդը չի հանդուրժելու, որ ԼՂՀ-ն լինի անկախ, ունենա անկախ պաշտպանական համակարգ և կարողանա դիմակայել։ Այդ առումով՝ հիմա փոխզիջումների մասին խոսելը պարտվողական կեցվածք է»,- ասաց ԼՂՀ փոխվարչապետը:

 

Խոսելով Արցախի անկախությունը ճանաչելու մասին ԱԺ երկու պատգամավորների օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մասին, համաձայն որի` ՀՀ-ն ցանկացած պահի, երբ Ադրբեջանը կրկին հարձակվի ԼՂՀ-ի վրա, կճանաչի Արցախի անկախությունը, Աղաբեկյանը կարծիք հայտնեց, որ  դա «ուշացած իրադարձություն է»:

 

«1994 թվականին ամբողջ Հայաստանը, չխնայելով իր ռեսուրսները` թե՛ մարդկային, թե՛ նյութական, ուներ մեկ նպատակ՝ այնպես անել, որ ԼՂՀ-ում ապրող բնակչությունը չհայտնվի միայնակի կարգավիճակում այդպիսի հակառակորդի առաջ։  Հայաստանն ամեն նպաստ բերում էր` 1994 թվականից սկսած` արդեն ստորաբաժանումներով և զորամիավորումներով դեմ կանգնելով հակառակորդի ճնշմանը։ Ցավ եմ ապրում, որ հայկական կողմը փորձում էր դա անել քողարկված, երբ Արցախի ֆիզիկական բնաջնջման համար մարտահրավեր նետած Ադրբեջանի դեմ էր դուրս եկել։ Եթե այդ օրերին տեղի ունենար այդ մեծ իրադարձությունը, եթե այդ օրերին Հայաստանը ճանաչեր ԼՂՀ-ն և հանդես գար որպես անվտանգության երաշխավոր, հիմա կունենայինք այլ իրադրություն, այլ պայմաններ,  արտաքին քաղաքական գործընթացները կընթանային այլ ուղիով, բայց, ցավոք, դա տեղի չի ունեցել։ Զինվորական գործչին հարցնում են ՝ օգնությունը պետք է ուղարկես ստորաբաժանմանը մարտը սկսելուց առա՞ջ, թե՞ հետո։ Հարցն ունի ընդամենը մեկ ճիշտ պատասխան՝ ճիշտ ժամանակին։ Մենք երբեք չենք խոստովանել, որ արդեն մեծ պատերազմի մեջ ենք, և  այս զինադադարը երկու կողմին հնարավորություն է տալիս պատրաստվելու հաջորդ պատերազմին։ Ապրիլյան իրադարձությունների ընթացքում էլ կար մեծ համախմբում, կար մի նպատակ`․պետք է ճնշել հակառակորդին։ Եթե չլիներ համախմբումը, ՊԲ-ն չէր կարողանա դիմակայել այդ ճնշմանը»,- նշեց Աղաբեկյանը։

 

Միջազգային հանրության լոյալ կեցվածքը, ՌԴ-ի, Եվրոպայի, բոլոր պետությունների կեցվածքը, որոնք առաջնորդվում են իրենց քաղաքական շահերով ԼՂՀ փոխվարչապետի համար անընդունելի է:

 

Անդրադառնալով տարածքների զիջման մասին խոսակցություններին` Աղաբեկյանը հստակ հայտարարեց, որ տարածք տվողը, պահողը, ընդլայնողը, մեծացնողը ԼՂՀ-ն է և իր Սահմանադրությամբ ամրագրել է այն տարածքը, որի վրա ձևավորվել է Արցախի Հանրապետությունը։

 

«Զիջումներ կարող է անել միայն միջազգայնորեն ճանաչված Ղարաբաղը՝ իր իշխանություններով և իր ժողովրդով։ Պետք չէ  ուշադրություն դարձնել մեսիջներին, որոնք ժամանակ առ ժամանակ հասնում են մեզ։  Այսինքն՝ տարածք ինչի՞ դիմաց, բնաջնջմա՞ն։ Բնաջնջման դիմաց մենք ունենք բավարար ուժ և բնաջնջման փորձ անողին էլ կարող ենք իր տեղը դնել։ Միջազգային հանրությունը, և եթե Ադրբեջանն էլ դրա մաս կազմի,  երբ ճանաչի ԼՂՀ անկախությունը, դրանից հետո երկու պետությունները կսկսեն խոսել սահմանների մասին, հիմա այդ մեսիջներն ու պայմանները ընդունելի չեն, որովհետև հարևանիդ պահվածքն անընդունելի է։ Տարածքները ոչ թե զիջելու համար են, այլ կառուցելու։ Եթե անգամ Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, տարածքների հանձնման հարցը կարող են որոշել ԼՂՀ-ն ու Ադրբեջանը՝ միայն»,- հայտարարեց ԼՂՀ փոխվարչապետը։

 

Լուսինե Հակոբյան

Արցախ

Շարունակելի…

1