Սոցինտերնի գլխավոր քարտուղարը Սերժ Սարգսյանին է ներկայացրել ԼՂ խնդրի լուծմանը միտված իրենց ծրագրերը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Սոցինտերնի գլխավոր քարտուղարը Սերժ Սարգսյանին է ներկայացրել ԼՂ խնդրի լուծմանը միտված իրենց ծրագրերը

Սոցինտերնի գլխավոր քարտուղարը Սերժ Սարգսյանին է ներկայացրել ԼՂ խնդրի լուծմանը միտված իրենց ծրագրերը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 6-ին, ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը եւ համաշխարհային այդ կառույցի անդամ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

 

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը եւ Սոցինտերնի գլխավոր քարտուղարը ջերմությամբ են հիշել շուրջ մեկ տարի առաջ Երեւանում կայացած իրենց նախորդ հանդիպումը, որի ընթացքում բաց եւ անկեղծ զրույց են ունեցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների շուրջ:

 

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Սոցինտերնի գործունեությունը, որն աշխարհով մեկ միավորում է սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական գաղափարներ դավանող քաղաքական ուժերին եւ որի հռչակած արժեքներն ու քաղաքական նպատակները՝ ազատություն, արդարություն, համերաշխություն, Սերժ Սարգսյանի խոսքով, շատ արդիական են, եւ ցավոք, դրանց պակասն այսօր աշխարհում զգացվում է:

 

Լուիս Այալան իր գլխավորած կազմակերպության կողմից մտահոգություն է հայտնել ս.թ. ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի խախտման հետեւանքով առաջացած իրավիճակի կապակցությամբ: Սոցինտերնի գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահից հետաքրքրվել է իրավիճակի լարվածության աճի կապակցությամբ նրա տեսակետներով եւ Սոցինտերնի կողմից պատրաստակամություն հայտնել կազմակերպության հնարավորությունների շրջանակում նպաստելու երկխոսության, շփումների միջոցով հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը: Լուիս Այալան ներկայացրել է այդ նպատակին միտված իրենց առաջիկա ծրագրերը՝ համակարծիք լինելով ՀՀ նախագահի հետ, որ որքան բաց ու անկեղծ լինեն հանդիպումներն ու քննարկումները եւ հստակ՝ արտահայտվող դիրքորոշումները, այնքան օգտակար կլինեն գործին:

 

Սոցինտերնի գլխավոր քարտուղարը գոհունակությամբ է խոսել կազմակերպության անդամ ՀՅԴ-ի միջոցով Հայաստանի հետ համագործակցության մասին, որը, նրա խոսքով, տարեցտարի ամրապնդվում է:

 

Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայաստանի համար կարեւորագույն հարցերում միջազգային տարբեր հարթակներում եւ կառույցի անդամ կուսակցությունների երկրներում Սոցինտերնի շարունակական կառուցողական դիրքորոշումը:

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանի իրավիճակին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

1