«Կոլցո» օպերացիա. 25 տարի անց
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Կոլցո» օպերացիա. 25 տարի անց

«Կոլցո» օպերացիա. 25 տարի անց

1991 թվականի ապրիլի 30-ին սկսվեց չարաբաստիկ Կոլցո /«Օղակ»/ օպերացիան, որը անցկացնում էին Խորհրդային Միության 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի մոտոհրաձգային ստորաբաժանումները, 104 օդադեսանտային դիվիզիան եւ Ադրբեջանի ՆԳՆ ՕՄՕՆ-ը:

 

«Օղակ» գործողությունը հայաբնակ 35 գյուղերի խաղաղ բնակչության դեմ պետական ահաբեկչության գործողություն էր, որի իրականացման վայրը Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Շուշիի, Մարտակերտի, Հադրութի շրջաններ, Ստեփանակերտ, խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի, Գորիսի, Տաուշի շրջաններն էին։

 

Ահա այդ օրերի համառոտ ժամանակագրությունը.

30 ԱՊՐԻԼԻ – Խորհրդային բանակի եւ ադրբեջանական օմօն-ի ստորաբաժանումները մտնում են Շահումյանի շրջանի Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերը: Նրանց ուղեկցում էր ադրբեջանական ամբոխը, որը գյուղ մտնելուց հետո սկսում է հայերի սպանությունն ու թալանը: Գետաշենի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար, ՀՅԴ անդամ  Թաթուլ Կրպեյանը զոհվում է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մակաշովին պատանդ վերցնելուց հետո: Մարտունաշենում, ապահովելով բնակչության նահանջը, զոհվում է ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, ՀՅԴ անդամ Սիմոն Աչիկգյոզյանը` Դեդը:

1 ՄԱՅԻՍԻ – «Ազատություն» ռադիոկայանը հեռարձակում է Ադրբեջանի Ժողճակատի առաջնորդներից մեկի հայտարարությունը, ըստ որի՝ Շահումյանի շրջանում տեղի ունեցած բարբարոսությունների հեղինակն ու կազմակերպիչը Գորբաչովն ու Մութալիբովն են, որոնք հանդիպել էին դեպքերից մի քանի օր առաջ: Հանդիպմանը մասնակցել էր նաեւ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Յու. Շատալինը: Վերջինս Մութալիբովի հետ մեկնել էր Բաքու:

3 ՄԱՅԻՍԻ – Ադրբեջանական ԽՍՀ Ղազախի շրջանից գնդակոծվում են Հայկական ԽՍՀ Իջեւանի շրջանի Կիրանց, Աչաջուր եւ Ծաղկավան գյուղերը:

4 ՄԱՅԻՍԻ – Հայաստանի ԳԽ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Մոսկվայում հանդիպում է Գորբաչովի, Կրյուչկովի, Պուգոյի, հետո նաեւ Բորիս Ելցինի հետ: Նույն օրը Մ. Գորբաչովը հանդիպում է Մութալիբովի եւ Պոլյանիչկոյի հետ, սակայն իրադրությունը Լեռնային Ղարաբաղում մնում է անփոփոխ:

— Նախիջեւանի ԻԽՍՀ տարածքից գնդակոծվում է Սիսիանի շրջանի Շաղաթ գյուղը:

 

5 ՄԱՅԻՍԻ – Ադրբեջանական ԽՍՀ Լաչինի շրջանի Ջալալար գյուղից գնդակոծվում են Գորիսի շրջանի Արամուս գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող հայ գյուղացիները:
-Ադրբեջանական ԽՍՀ Կուբաթլուի շրջանից գնդակոծվում է Գորիս-Կապան ավտոճանապարհը:

 

6 ՄԱՅԻՍԻ – Մոսկվայում ԽՍՀՄ ԳԽ-ն քննարկում է Հայաստանի Հանրապետության ԳԽ ապրիլի 25-ի պահանջը` ԽՍՀՄ ժողպատգամավորների արտահերթ նիստ հրավիրելու մասին: Ադրբեջանի ԳԽ նախագահության նախագահ Է. Կաֆարովան հայտարարում է, որ դա հակասում է ԽՍՀՄ Սահմանադրությանը եւ ներկայացնում որպես Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ: Հակահայկական ելույթ է ունենում նաեւ ԽՍՀՄ ՆԳ նախարար Մ. Պուգոն, որին պաշտպանում է նաեւ ԽՍՀՄ ԳԽ նախագահ Ա. Լուկյանովը: Հարցը փակվում է:
— Գնդակոծվում են Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար եւ Բարեկամավան գյուղերը:
— Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարում 18 ՄԻ-26 ուղղաթիռ` 350 դեսանտայիններով: Մի քանի ժամ անց դեսանտայինների 2 վաշտ տեղափոխվում է Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր գյուղ եւ հսկողության տակ են վերցնում Հայկական ատոմակայանը:

 

— Ծայրահեղ լարվում է դրությունը ՀԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում: Գյուղի մերձակա բարձունքները զբաղեցրած դեսանտագրոհային գումարտակի հրամանատարությունը գյուղի բնակչությանը զինաթափման վերջնագիր է ներկայացնում, այդ թվում` միլիցիայի աշխատակիցներին: Սկսվում են բանակցությունները: Նույն օրը՝ երեկոյան Նոյեմբերյան են ժամանում ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի մի խումբ պատգամավորներ:

 

— Իրադրությունը շարունակում է լարված մնալ ԼՂԻՄ Շահումյանի շրջանում: Ողջ գիշեր հայկական գյուղերը ռնբակոծվում են խորհրդային բանակի տանկերից եւ ՀՄՄ-ներից:

 

— Խորհրդային բանակին պատկանող երկու ռազմական ուղղաթիռներ գնդակոծում են ՀՀ Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղը:
— Ռազմական ուղղաթիռներով Գետաշենից Ստեփանակերտ է տեղափոխվում շուրջ 700 հայ փախստական:

 

6 ՄԱՅԻՍԻ – Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում խորհրդային բանակի դեսանտայինները գնդակոծում են ՀՀ ՆԳՆ աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը, որի հետեւանքով միլիցիայի 10 աշխատակիցներ եւ վարորդը տեղում զոհվում են, եւս երեքը ստացած վերքերից մահանում են հիվանդանոցում:

 

7 ՄԱՅԻՍԻ – ԽՍՀՄ բանակի զինվորականները շրջապատում են ՀՀ Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղը, պատանդներ են վերցնում եւ տանում Ադրբեջանի Կուբաթլուի շրջան: Դրանից հետո նրանք գնդակոծում են հեռուստաաշտարակը, որի հարակից շինություններում հրդեհ է բռնկվում:
— Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերից 14 ավտոբուսներով Իջեւան են տեղափոխվում մեծ թվով փախստականներ:

 

— Խորհրդային բանակի ստորաբաժանումները 21 տանկերով շրջապատում են Արծվաշեն գյուղը: 4 զրահամեքենա ներխուժում է ոսկերչական գործարանի տարածք, գնդակոծում վարչական շենքը եւ փակում մուտքի ճանապարհը: Նույն օրը զինվորականները իրենց վերահսկողությունն են սահմանում նաեւ Վարդենիսի շրջանի Զոդ բնակավայրում:

 

9 ՄԱՅԻՍԻ – տեղահանվում են Գետաշենի ենթաշրջանի Ազատ եւ Կամո գյուղերը:

 

13 ՄԱՅԻՍԻ – Խոհրդային բանակի եւ օմօն-ի ստորաբաժանումները շրջապատում են Բինաթլու, Արագյալ, Ջիլան, Բանազուր, Քարագլուխ, Մույքիդարա, Սպիտակաշեն եւ Դոլանլար հայկական գյուղերը:

 

15 ՄԱՅԻՍԻ – Վաղ առավոտյան շրջապատվում են Բերդաձորն ու հարակից գյուղերը: Ե՛վ Հադրութում, ե՛ւ Բերդաձորում նախօրոք անջատվել էին հեռախոսը եւ ռադիոկապը: Շրջկենտրոնը եւ գյուղերը կապող բոլոր ճանապարհները փակված էին զրահամեքենաներով:

 

17-18 ՄԱՅԻՍԻ – Հադրութից փախստականների ու տեղահանվածների առաջին ավտոբուսները հասնում են Գորիս: Դրանք հիմնականում կանայք էին, ծերեր եւ երեխաներ: Տղամարդիկ քիչ էին. մի մասը կարողացել էր փախչել եւ թաքնվել սարերում ու անտառներում, մյուսներին ձերբակալել ու տարել էին անհայտ ուղղությամբ:

 

1991թ. ապրիլի 30-ին սկսված «Կոլցո» գործողությունը շարունակվում է մինչեւ ամռան կեսերը, որի ընթացքում Խորհրդային բանակի եւ Ադրբեջանի օմօն-ի ուժերով ամբողջովին հայաթափվում են ԼՂԻՄ Հադրութի շրջանի 14, Բերդաձորի ենթաշրջանի 6 գյուղեր, ինչպես նաեւ Խանլարի շրջանի Ազատ, Գետաշեն, Մարտունաշեն եւ Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ գյուղերը: Այդ գյուղերի ողջ բնակչությունը բռնի տեղահանվում է, իսկ մի մասը` սպանվում: 1991թ. մայիս-հունիս ամիսներին («Կոլցո» գործողությունից հետո մեկ ամսվա ընթացքում) Բերդաձորի ենթաշրջանում վերաբնակեցվում են 132, Հադրութի շրջանում` 245 ադրբեջանական ընտանիք: Ավելի քան 3000 ադրբեջանցիներ հաստատվում են նաեւ Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում:

1