Արցախի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծանում ադրբեջանական սադրանքներից հետո
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծանում ադրբեջանական սադրանքներից հետո

Արցախի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծանում ադրբեջանական սադրանքներից հետո

«Ադրբեջանը մշտապես փորձում է խոչընդոտել Արցախի մասնակցությանը միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին: Սակայն Ադրբեջանի գործողությունները ցուցահանդեսների ընթացքում տալիս են ճիշտ հակառակ արդյունքը: Իհարկե, դրանք փոքր-ինչ դժվարացնում են մեր ֆիզիկական մասնակցությունը ցուցահանդեսներին, սակայն այդ ցույցերի շնորհիվ ավելի մեծ ուշադրություն է սեւեռվում դեպի ցուցահանդեսներում ներկայացված մեր տեղավարի, մեր երկրի զբոսաշրջային ներուժի նկատմամբ»,- մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը:

 

Մարտի 9-13-ը Արցախի պատվիրակությունն առանձին տաղավարով ներկայացրել է Արցախի զբոսաշրջային ներուժը «ITB Berlin 2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, իսկ մարտի 24-ին մասնակցել ՌԴ-ում կայացած զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին:

 

Երկու ցուցահանդեսների ընթացքում էլ ադրբեջանական կողմը փորձել է կասեցնել Արցախի մասնակցությունը: Երկու դեպքերում էլ՝ նրանց գործողությունները կասեցվել են:

 

«Մոսկվայում ցուցահանդեսի կազմակերպիչը մեծ ճնշումների է ենթարկվել: Ադրբեջանցիները պահանջում էին, որպեսզի Ղարաբաղի տաղավարը դուրս բերվի ցուցահանդեսի սրահից, որի հետեւանքով հնարավորություն կունենանք մասնակցելու միայն զբոսաշրջային ընկերությունների մակարդակով: Սա անընդունելի է մեզ համար, քանի որ մեր գերնպատակներից մեկն է միջազգային զբոսաշրջային շուկայում ԼՂՀ-ի՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկրի իմիջի ձեւավորումը, իսկ այդ իմիջի ձեւավորումը կարելի է իրականացնել միայն այն դեպքում, եթե ցուցահանդեսին մասնակցում է  երկիրը»,- ասել է Սերգեյ Շահվերդյանը:

 

Ս. Շահվերդյանը նշել է, որ մեկ տարի շարունակ Ադրբեջանը փորձել է ՄԱԿ-ի զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության մեջ անցկացնել մի բանաձեւ, որով արգելափակվում է չճանաչված երկրների մասնակցությունը միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին, սակայն շնորհիվ ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարությունների համատեղ ջանքերի՝ այդ բանաձեւերի ընդունումը խաթարվել է, եւ Ադրբեջանը իրավական հիմք չի ստացել բողոքարկելու ԼՂՀ մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին:

 

«ITB Berlin»-ը խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկն է, որը ամեն տարի անցեկացվում Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ «Մեսե Բեռլին» համալիր-ցուցասրահում՝ ունենելով ավելի քան հարյուր հազար այցելու աշխարհի 185 երկրներից:

 

Ցուցահանդեսի տաղավարներում եւ սրահներում ներկայացվում են զբոսաշրջային օպերատորներ, ամրագրման համակարգեր, ավիակազմակերպություններ, հյուրանոցներ, տարբեր երկրների պատմամշակույթային օբյեկտներ եւ զբոսաշրջության բնագավառում գործունեություն ծավալող բազմաթիվ կազմակերպություններ:

1