Լեռնիկ Հովհաննիսյան. Մենք չպետք է առաջնորդվենք ուրիշի գծած քարտեզով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Լեռնիկ Հովհաննիսյան. Մենք չպետք է առաջնորդվենք ուրիշի գծած քարտեզով

Լեռնիկ Հովհաննիսյան. Մենք չպետք է առաջնորդվենք ուրիշի գծած քարտեզով

ՌԴ Պետդումայի մի շարք պատգամավորներ օրերս ՌԴ նախագահին առաջարկել են չեղարկել Մոսկվայի՝ 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության պայմանագիրը:

 

Այս թեմայի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանի հետ:

 

Ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված ռուս պատգամավորների նման առաջարկը հարցի շուրջ՝ Լ. Հովհաննիսյանը նշել է. «Միանշանակ, դա պայմանավորված է միայն ու միայն ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմամբ: Ռուս-թուրքական հարաբերություններն այսօր գտնվում են բավականին լարված վիճակում, եւ այդ ամենի ֆոնին արված այս առաջարկը, կարծում եմ, Թուրքիային շանտաժի ենթարկելու կամ,  ինչպես նույն Վ. Ռաշկինն  էր ասել ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում՝ Թուրքիային սեղանի շուրջ նստեցնելու եւ նրանից  ներողություն կորզելու համար է լոկ: Մենք պետք է մեր քաղաքականությունը վարենք եւ դրանից բխող քայլեր կատարենք, այլ ոչ թե հավատանք Ռուսաստանի այս կամ այն պատգամավորի առաջարկին՝ թեկուզ դա համաձայնեցված լինի իշխանական օղակների հետ»:

 

Հակառակ նրան, որ ՌԴ Պետդումայի կոմունիստական կուսակցության խմբակցության երկու պատգամավորները ՌԴ Պետդումա են ներկայացրել են պայմանագիրը չեղարկելու մասին նախագիծը, սակայն այդ կուսակցության եւ խմբակցության ղեկավար Գ. Զյուգանովը հայտարարել է, որ համաձայն չէ պատգամավորների ներկայացրած նախագծի հետ:

 

«Իմ կարծիքով՝ այդ նախագծի ի հայտ գալը Ռուսաստանի պետական դումայում՝ պատահականություն չէ,- նշել է Լ. Հովհաննիսյանը եւ հավելել, որ նա ակնկալիքներ չունի այդ առաջարկից: Նախագծի համահեղինակ Վալերի Ռաշկինը հայտարարել է, որ ինչ ընթացք էլ ստանա այդ նախագիծը, այնպես են անելու, որ Ադրբեջանն այդ հարցում չտուժի: Այս դեպքում ես չեմ հասկանում այդ առաջարկի հայանպաստ լինելը եւ ընդհանրապես այս պայմանագրի չեղարկման իմաստը: Ի վերջո, եթե Հայաստանի տարածքները կիսել են, ապա դրանում հավասարաչափ մեղսակից են թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը: Ի՞նչ է նշանակում այնպես է արվելու, որ Ադրբեջանը չտուժի: Չէ՞ որ այնտեղ կա հստակ, նաեւ մեզ համար շատ ցավալի հարց՝ Նախիջեւանի հարցը»:

 

Լ. Հովհաննիսյանի կարծիքով՝ առաջադրած նախագիծը պետք է պաշտպանի պայմանագրի բոլոր կետերը, եւ ոչ թե քաղաքական կամ ուրիշ պատճառներով կետերում բացառություններ արվեն: Պատգամավորը թերահավատորեն է նայում նաեւ Թուրքիայի մասով հարցի լուծմանը:

 

«Քանի որ մեր օրերում կախարդական փայտիկներ չկան, այդ պատճառով հույսեր չունեմ: Բոլորս գիտենք եւ ականատես ենք վերջին տարիներին Ռուսաստանի վարած քաղաքականությանը, ով մի երկրի հետ հարաբերությունները վատթարացնելով՝ դիմում  է նման մոտեցումների,- նշել է պատգամավորը,- նույնիսկ ռուսական վերլուծական շրջանակները, այդ պայմանագրի չեղարկման հետ կապված, զգուշավորությամբ են արտահայտվում: Մասնավորապես, ռուս վերլուծաբան Ա. Սկակովը նշում է, որ Մոսկվայի պայմանագրի նման շատ պայմանագրեր են եղել, որոնք մինչեւ այսօր չեն չեղարկվել»:

 

Ռուսաստանը տեսականորեն չի բացառում Թուրքիայի հետ պատերազմի հնարավորությունը, եւ, ինչպես միշտ, Թուրքիայի ուղղությամբ ցանկացած պատերազմական  զարգացման դեպքում իր քայլերն իրականացնելու է Հայաստանի շահի հաշվին: Անդրադառնալով այս հարցին՝ ՀՅԴ պատգամավորն ասել է. «Այս հարցում պետք է զգուշավորություն ցուցաբերենք: Ճիշտ է՝ Թուրքիան մեզ հետ բարեկամ երկիր չէ, այլ ընդհակառակը՝ մենք Թուրքիայի հետ բավականին լուրջ խնդիրներ ունենք, բայց նաեւ չպետք է հավատանք, որ Ռուսաստանը կլուծի մեր խնդիրը: Մենք ընդհանրապես չպետք է ուրիշի գծած քարտեզով կամ ուրիշի թելադրած քայլերով առաջնորդվենք, պետք է առաջնորդվենք մեր ազգային շահերով»:

 

«Այդ պայմանագիրն անարդարացի պայմանագիր է,- հավելել է Հովհաննիսյանը,- այն կնքվել է  երկու ոչ իշխանական ուժերի կողմից, եւ անօրինական պայմանագիր է: Բայց նորից եմ կրկնում՝ մենք պետք է այդ ամենին մտածված եւ մեր ազգային շահերից ելնելով մոտենանք, այլ ոչ թե՝ սպասարկենք Ռուսաստանի շահերը: Մենք չպետք է տարբեր խորհրդարաններում քննարկվող հարցերի հետ մեծ հույսեր կապենք:  Պետք է ուշադիր հետեւենք կատարվող իրադարձություններին ու գործընթացներին, դրանցից հետեւություններ անենք եւ գուշակենք, թե դրանց ընթացքն ուր է տանելու եւ ինչ է թաքնված տողատակերում… Ամեն ինչ պետք է ճիշտ հաշվարկենք, որպեսզի հերթական անգամ մեր ժողովուրդը չհայտնվի այն վիճակում, որում հայտնվեց 1921 թվականին»:

1