BBC-ի անդրադարձը ռուս-թուրքական հարաբերությունների սրմանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » BBC-ի անդրադարձը ռուս-թուրքական հարաբերությունների սրմանը

BBC-ի անդրադարձը ռուս-թուրքական հարաբերությունների սրմանը

BBC-ն անդրադառնում է ՌԴ Պետդումայի 2 կոմունիստ պատգամավորների նախաձեռնությանը` չեղյալ հայտարարել 1921 թվականին Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կնքված «Եղբայրության եւ բարեկամության» մասին  պայմանագիրը` ռուս-թուրքական հարաբերությունների գերլարման ֆոնին:

 

Խոսքը Մոսկվայի պայմանագրի մասին է, մանրամասնում է պարբերականը` հիշեցնելով, որ այն կնքվել է 1921 թվականի մարտի 16-ին: Փաստաթղթի համաձայն Թուրքիան հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով  Հայկական ՍՍՀ-ի մի մասը, այդ թվում` Արարատ լեռը:

 

Պատգամավորներ Սերգեյ Օբուխովը եւ Վալերի Ռաշկինը պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին նամակ են հղել ՌԴ նախագահին եւ արտգործնախարարին:

 

BBC-ն նշում է, որ երկու երկրների հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական  ռազմաօդային ուժերը խոցել են  ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռը, ինչի հետեւանքով  օդաչուն զոհվել էր:

 

BBC-ին տված հարցազրույցում կոմունիստ պատգամավորները դժվարացել են պատասխանել հարցին` ինչ հետեւանքներ կարող է ունենալ  պայմանագիրը չեղյալ հայտարարելը :

 

Բրիտանական պարբերականը ներկայացնում է ռուս բոլշեւիկների եւ Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի գործարքը, համաձայն  որի Թուրքիան հրաժարվեց Սեւրի դաշնագրից, որում Հայաստանը ճանաչում էր` որպես անկախ եւ ազատ պետություն:

 

Այնուհետեւ նյութի հեղինակն անդրադառնում է 1920 թվականի հայ-թուրքական պատերազմին եւ անկախ Հայաստանի պարտությանն ու տարածքային կորուստներին, որից հետո երկրում իշխանությունները գրավեցին բոլշեւիկները:

 

Նշվում է, որ այդ բախտին արժանացան նաեւ Ադրբեջանն ու Վրաստանը:

 

BBC-ն նաեւ հիշեցնում է, որ Մոսկվայի պայմանագիը, որ սահմանում էր Վրաստանի եւ Հայաստանի ՍՍՀ-ների սահմաները, առանց այդ երկրների մասնակցության է կնքվել, նրանք ավելի ուշ որպես կողմ են հանդես գալիս Կարսի պայմանագրում` կնքված 1921 թվականի հոկտեմբերի 13-ին: Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում այդ պայմանագիրը: Իսկ Վրաստանը ճանաչում է, թեեւ 2000 թվականին վրացական խորհրդարանում քննարկվում էր այն վերանայելու հարցը:  

 

Հղում անելով թուրքագետ Վլադիմիր Ավատկովին`  BBC-ն  նշում է, որ Ռուսաստանը, փաստորեն,  քաջալերում է  Հայաստանին`  հրաժարվել ներկա սահմաններից:

 

Նշվում է, որ պայմանագիրը ԽՍՀՄ իշխանությունները փորձել են վիճարկել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սակայն Արեւմուտքն այս հարցում աջակցել է Թուրքիային եւ հենց այս խնդրի պատճառով էր նաեւ, որ 1952 թվականին Թուրքիան անդամակցել է ՆԱՏՕ-ին:

 

Միեւնույն ժամանակ BBC-ն հիշեցնում  է, որ Ռուսաստանը  ետպատերազմյան սահմանների պահպանման մասին միջազգային  պայմանագիր է ստորագրել ` պարտավորվելով երաշխավորել այդ սահմանների անփոփոխությունը:

1