Թուրքական հնարավոր սադրանք՝ ԼՂ-ում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թուրքական հնարավոր սադրանք՝ ԼՂ-ում

Թուրքական հնարավոր սադրանք՝ ԼՂ-ում

Սիրիական կառավարական ուժերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի, Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկների և «Հըզբոլլահ»-ի զինյալների աջակցությամբ վերջին օրերին հսկայական առաջխաղացում են ունեցել Լաթաքիայի պրովինցիայի՝ դեպի Թուրքիայի հետ սահմանը։ Նրանք վերահսկողության տակ են առել Հալեպ քաղաքի զգալի մասը, և շարժվելով ավելի հյուսիս՝ արդեն 5 կմ հեռավորության վրա են գտնվում Թուրքիայի սահմանից ընդամենը 25կմ-ի վրա գտնվող Թել-Ռաֆատ քաղաքից։

 

Սիրայի կառավարական ուժերի այս կայծակնային առաջխաղացումը, որը կարող է ամբողջությամբ փոխել 5-ամյա քաղաքացիական պատերազմի ընթացքը, խուճապի է մատնել Անկարային։ Եթե Ասադի բանակը հասնի սահմանագծին, Թուրքիան կզրկվի իր հովանավության տակ գտնվող ահաբեկչական խմբավորումներին սնուցող, ինչպես նաև անօրինական նավթային գործարքների իրականացման հիմնական միջանցքից։ Դա էականորեն նվազեցնում է Անկարայի ազդեցությունը սիրիական հարցում և նրան զրկում մինչ այժմ Արևմուտքի համար ուենցած քաղաքական նշանակությունից։ Դա է պատճառը, որ իր տարածքից հրետակոծության ենթարկելով Սիրիայի կառավարական ուժերին՝ թուրքական զինուժը փորձում է օգնել ճողոպրող ԻՊ զինյալներին և կասեցնել նրանց հախուռն նահանջը։ Անկարայի` ցայտնոտային վիճակի մեջ գտնվելու մասին են վկայում օրերս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ռուսաստանին` Սիրիան օկուպացնելու մեջ մեղադրելու աբսուրդային հայտարարությունը։  

 

Այդ խուճապայնությունը կրկնապատկվում է Սիրիայի քուրդ զինյալ խմբավորումներին ԱՄՆ-ի ցուցաբերած օժանդակության պատճառով, ինչի ներքո Անկարայում տեսնում են քրդական պետական միավորում ստեղծելու հստակ միտում։  Հենց դրա համար Անկարան խափանեց քրդերի մասնակցությունը Սիրիայի հարցով Ժնևի վերջին կոնֆերանսին։ Նախօրեին անդրադառնալով սիրիական Քոբանի քաղաք ԱՄՆ կառավարության ներկայացուցչի այցելության և քրդական PYD կուսակցության մարտիկների հետ հանդիպման փաստին՝ Էրդողանը հայտարարել է, թե ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի Թուրքիայի և քուրդ ահաբեկիչների միջև։ Սա հուսահատության ևս մեկ արտահայտություն է, որի շրջանակներում երկրի հարավարևելյան շրջաններում ու հատկապես Դիարբեքիրում և Ջիզրեում թուրքական իշխանությունները իսկական ջարդ են սկսել ոչ միայն քուրդ անջատողականների, այլև խաղաղ բնակիչների շրջանում։

 

Թուրքիան փաստացի մերձավորարևելյան իր քաղաքականության մեջ տանուլ է տալիս բացարձակապես ամեն ինչ՝ գնալով «վա բանկ»՝ նույնիսկ խաղատախտակին դնելով սեփական տարածքային ամբողջականությունը։ Թուրքիան նմանվել է թակարդն ընկած գազանի, ինչը, սակայն, նրան դարձնում է էլ ավելի վտանգավոր ու անկանխատեսելի։ Փակուղային նման իրավիճակներից դուրս գալու համար Անկարան սովորաբար դիմում է վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով հղի սադրանքների։ Այդպիսի սադրանք էր նախորդ տարվա նոյեմբերի վերջին ռուսական ռմբակոծիչը Սիրիայի սահմանին ոչնչացնելու թուրքական ՌՕՈՒ-ի քայլը, որը նպատակ ուներ խափանել ԻՊ-ի դեմ Ռուսաստան-Արևմուտք կոալիցիայի ձևավորումը։ Եվ հիմա հարցն այն է՝ ի՞նչ է Անկարան ձեռնարկելու այս անգամ։

 

Անցած շաբաթ Թուրքիան կրկին հայտարարեց ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից իր օդային սահմանները խախտելու մասին։ Չնայած ՆԱՏՕ-ի խաղաքարտը կրկին կիրառելու Անկարայի փորձերին՝ դաշինքն այս անգամ դրան նկատելիորեն սառը վերաբերվեց։ Դրանից հետո թուրքերը դիմեցին երկրորդ սադրանքին՝ թույլ չտվեցին Ռուսաստանին «Բաց երկնքի մասին» պայմանագրի շրջանակներում ստուգողական թռիչք իրակնացնել  իրենց տարածքի վրայով։ Մոսկվան անմիջապես դա վերագրեց Թուրքիայի կողմից Սիրիայի տարածք ցամաքային ներխուժման  նախապատրաստմանը։ Որ դա միանգամայն հնարավոր զարգացում էր, հաստատեց Սաուդյան Արաբիան։ Էր Ռիադը Ռուսաստանի մեղադրանքներին ի պատասխան հայտարարեց, թե պատրաստ է հազարավոր զինվորներ ուղարկել, եթե Թուրքիան Սիրիայում  ցամաքային օպերացիա սկսի։ Մի կողմից Անկարայի հասցեին Ռուսաստանի մեղադրանքներին Արևմուտքի զգուշավոր արձագանքը, մյուս կողմից Լաթաքիայում տեղակայված իր ռազմաբազան նորագույն ՍՈՒ-35Ս կործանիչներով համալրելու` Ռուսաստանի «ցուցադրական» քայլը Թուրքիային հասկանալի դարձրին, որ ցամաքային օպերացիա սկսելու դեպքում կարող է չստանալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությունը, և որ Ռուսաստանը դրան միանշանակ պատասխանելու է ագրեսիայով։

 

Սիրիական ճակատում այս անհաջողությունները, իր համար վատթարացող իրավիճակը որևէ ձևով բեկել չկարողանալու հանգամանքը Անկարային կարող է ստիպել ճեղքման փորձ ձեռնարկել բոլորովին այլ ուղղությամբ։ Այս տեսանկյունից հետաքրքրական է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այցը Ղազախստան և փետրվարի կեսերին պլանավորված նախագահ Էրդողանի՝ Ադրբեջան կատարելիք այցը։ Ամենայն հավանականությամբ Դավութօղլուն փորձելու է Նազարբաևին իբրև միջնորդ օգտագործել Մոսկվայի հետ կոնտակտի դուրս գալու համար, ինչից Կրեմլը համառորեն և հետեւողականորեն հրաժարվում է։ Աստանայում Դավութօղլուի հաջողությունից կամ անհաջողությունից կարող է կախված լինել  Էրդողանի` Բաքու կատարելիք այցի օրակարգը, այսինքն այն, թե կփորձի արդյոք Անկարան գնալ հերթական հուսահատ և ցայտնոտային քայլին՝ ապակայունացնել Ռուսաստանի և Արևմուտքի համար ոչ պակաս նուրբ՝  Հարավային Կովկասի տարածրջանը։  Այդ ապակայունացումը հնարավոր է ոչ թե Հայաստանի սահմանների նկատմամբ որևէ ուղղակի ոտնձգություն ձեռնարկելով, ինչի հնարավորությունը Մոսկվան կարծես թե չեզոքացնում է Էրեբունու օդանավակայանը նոր ռազմաօդային տեխնիկայով համալրելով, այլ Ադրբեջանի զինուժի միջոցով ԼՂ հակամարտության գոտին պայթեցնելով։

 

 Հիշեցնենք, որ նախորդ տարի ռուս-թուրքական առճակատման առաջին էտապում Բաքու  կատարած Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այցին անմիջապես հաջորդեց հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով գրեթե լիարժեք պատերազմական գործողությունների ծավալումը։ Անկարան այն ժամանակ ուղղակի ցույց տվեց, թե ինչպես կարող է ՌԴ-ի դեմ օգտագործել ղարաբաղյան խաղաքարտը։ Նույն սցենարը կարող է կիրառվել նաև Էրդողանի այցի միջոցով։

Առաջին հայացքից թվում է, թե դա կախված է պաշտոնական Բաքվի դիրքորոշումից։  Գտնվելով ռուսական սալի և թուրքական մուրճի արանքում` Բաքուն հիմա ձգտում է զերծ մնալ դեպի Մոսկվա կամ դեպի Անկարա հստակ դիրքավորումից։ Գուցե Էրդողանն իսկապես Բաքու է այցելում՝ Ադրբեջանին հենց այդ միանշանակ քաղաքական կողմնորոշմանը դրդելու համար։ Սակայն չի կարելի բացառել, որ իրավիճակը շփման գծում կարող է սրվել նույնիսկ անկախ Բաքվի ցանկությունից՝ հաշվի առնելով, թե իրականում որքան մեծ է ադրբեջանական բանակի վրա Թուրքիայի ազդեցությունը։ Բացի այն, որ Նախիջևանի առանձացված համազորային բանակը գրեթե լիարժեք պատկանում է Թուրքիային, վերջինս գրեթե ամբողջական վերահսկողություն է իրականացնում նաև ադրբեջանական բանակի սպայակազմի նկատմամբ։ Իսկ սա ժամանակի վրա աշխատող ռումբ է, որը կարող է գործի դրվել ցանկացած պահի։

 

   Գևորգ Դարբինյան

yerkir.am

1