ԱՀ վարչապետը հանդիպում է ունեցել մի խումբ միջին և խոշոր հողօգտագործողների հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԱՀ վարչապետը հանդիպում է ունեցել մի խումբ միջին և խոշոր հողօգտագործողների հետ

ԱՀ վարչապետը հանդիպում է ունեցել մի խումբ միջին և խոշոր հողօգտագործողների հետ

ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 8-ին Ասկերան քաղաքում հրավիրել է խորհրդակցություն՝ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի խումբ միջին և խոշոր հողօգտագործողների մասնակցությամբ՝ պետական աջակցության ծրագրերի հետ կապված հարցեր քննարկելու նպատակով:

 

Վարչապետի խոսքով՝  կառավարությունն առաջնահերթություն է տալիս գարնանացան միամյա և բազմամյա կուլտուրաների մշակմանը:  Նա հորդորել է հողամշակներին՝ աշնանացանից անցում կատարել գարնանացան մշակաբույսերին:

 

«Այս հանդիպումը նախաձեռնել ենք, որպեսզի միասին քննարկենք գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրները և կառավարության առաջիկա անելիքները: Ակնկալում եմ, որ արդյունքում մեր համագործակցությունն ու աջակցության ծրագրերն ավելի արդյունավետ կդառնան: Մենք խթանում ենք գարնանացան կուլտուրաների մշակումը՝ աջակցություն ցուցաբերելով արտադրողներին թե՛ պարարտանյութերով ու սերմերով, և թե՛ ֆինանսապես, որպեսզի կարողանաք կազմակերպել մշակման աշխատանքները: Նպատակ ունենք դրանով բարձրացնել հանրապետության ինքնաբավության մակարդակը բանջարաբոստանային կուլտուրաների առումով, իսկ այգեգործության համար զարգացման նոր հեռանկարներ ստեղծել: Կառավարությունը, բացի արտադրողներից, ձեռք է մեկնում նաև վերամշակող ձեռնարկություններին, որպեսզի նրանք կարողանան շուկայում իրացնել տեղական արտադրանքը»,- հողօգտագործողներին ուղղված խոսքում ասել է վարչապետ Հարությունյանը:

 

Անդրադառնալով ոռոգման ջրի սակավության խնդրին՝ կառավարության ղեկավարը հորդորել է ներկաներին բարեխղճորեն օգտագործել եղած պաշարները և համոզմունք հայտնել, որ այդ պարագայում զգալիորեն կավելանան ոռոգովի հողատարածքների ծավալները: Ա. Հարությունյանը հանձնարարել է պատասխանատու պաշտոնյաներին խստորեն վերահսկել ոռոգման ջրի պաշարների օգտագործումը և բարձրացնել դրանց կառավարման արդյունավետությունը:

 

«Մենք քայլեր ենք ձեռնարկում ոռոգման նոր ենթակառուցվածքների ստեղծման և համակարգի բարելավման ուղղությամբ: Դրան զուգահեռ՝ կառավարությունը, աջակցության համապատասխան ծրագրերի միջոցով, խրախուսում է ոռոգման արդի տեխնոլոգիաների կիրառումը, ինչը կբարձրացնի և՛ ջրային պաշարների կառավարման արդյունավետությունը, և՛ հողերի բերքատվությունը»,- նշել է Ա. Հարությունյանը:

 

Վարչապետը պատասխանել է հողօգտագործողների հարցերին, փոխանակել մտքեր նրանց հետ: Ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը՝ ներկայացնելով պետական աջակցության ընթացիկ ծրագրերը:

 

1