Ավստրալացի սենատորի անկողմնակալ ելույթը դաշնային խորհրդարանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Ավստրալացի սենատորի անկողմնակալ ելույթը դաշնային խորհրդարանում

Ավստրալացի սենատորի անկողմնակալ ելույթը դաշնային խորհրդարանում

Փետրվարի 2-ին Արեւմտյան Ավստրալիայի սենատոր Ջո Բուլոկը Ավստրալիայի Սենատում հանդես է եկել իր գործընկեր, դաշնային քաղաքական գործիչ, Կովանի պատգամավոր Լյուկ Սիմփկինսի կողմից Լեռնային Ղարաբաղի մասին հակահայկական դիրքորոշմանը հակադարձող ելույթով:

 

 

Լյուկ Սիմփկինսն Ավստրալիայի Կովանի լիբերալ պատգամավոր է, հանդիսանում է նաեւ վերջերս  ձեւավորված Ավստրալիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը: Վերջերս նա Ավստրալիայի խորհրդարանում հանդես է եկել հակահայկական ելույթներով՝ քննադատելով Լեռնային Ղարաբաղը եւ այն անվանելով   «ապօրինի բռնագրավված տարածք, որը  պատկանում է  Ադրբեջանին»:

 

Սենատոր Բուլոկը, հղում կատարելով The Australian ամսագրի հունվարի 23-24-ի հոդվածին, որն անդրադարձել էր ավստրալական քաղաքական գործիչների եւ նրանց կանանց` Ադրբեջան կատարած բիզնես-դասի ուղեւորություններին /որոնք վճարվել են Ադրբեջանի կողմից/ նշել է, որ նման «զվարճալի ուղեւորությունների» խնդիրներից մեկն այն է, որ  այն կողմը, ով իր վրա է վերցրել ուղեւորության ծախսերը, ունենում է իր շահաբաժինը, եւ նման դեպքում չի կարող հրավիրվողն անկողմնապահ լինել, նամանավանդ, որ տվյալ պարագայում Սիմփկինսը նույնիսկ չի հանդիպել հայկական կողմի հետ եւ տեսակետների փոխանակում չի եղել:

 

2016 թվականի առաջին խորհրդարանական նիստում Ջո Բուլոկը  հանդես է եկել ելույթով՝ հիշելով իր՝ 2015 թվականի վերջին Ավստրալիայի Հայ Դատի պատվիրակության հետ հանդիպումը , որը գլխավորում էր ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Նա նշել է, որ չնայած կարճ, սակայն տպավորիչ հանդիպում էր, որն էլ նրան ստիպել է ավելի հանգամանալից տեղեկանալ  Լեռնային Ղարաբաղի պատմությանն ու հիմնահարցին:

 

Իր խոսքում նա Սիմփկինսի մոտեցումը անվանել է կողմնակալ եւ անդրադարձել Լեռնային Ղարաբաղի պատմությանը, Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքին եւ անցած ուղուն, որը, ըստ նրա, մեկ ուղղություն ունի՝ դեպի ժողովրդավարություն:

 

Իր խոսքում նա Սիմփկինսի ասածը, թե «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ապօրինաբար բռնազավթել է ադրբեջանական տարածքները»,  ծիծաղելի է անվանել:

 

«Ինչպե՞ս կարող են մարդիկ, ովքեր դարեր շարունակ ապրել են այս տարածաշրջանում, ապօրինաբար գրավել իրենց իսկ սեփական հողերը: Բացի այդ, Ադրբեջանի անհեթեթ  պահանջը՝ հրաժարվելու ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,  քանդում է  25 ամյա ժողովրդավարության ուղին  եւ  կարող է ծառայել Ադրբեջանի անզիջողականության ամրապնդելուն»,- նշել է նա:

 

Բուլոկն իր ելույթում անդրադարձել է նաեւ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի՝ 1989 թվականի նոյեմբերին մահվանից առաջ ասած խոսքին. «Ադրբեջանի համար Ղարաբաղը  փառասիրության, Ղարաբաղի հայերի  համար՝ կյանքի կամ մահվան հարց է»:

 

Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի անդամ Արին Մարգարյանը,  ողջունելով սենատոր Բուլոկի ելույթը, նշել է. «Ոգեւորիչ է, որ Ավստրալիում ունենք  սենատոր Բուլոկի նման օրենսդիր ներկայացուցիչ: Նա ընդունել է հայկական պատվիրակությանը, ապա՝ ուսումնասիրել մեր բարձրացրած խնդիրները, արել սեփական եզրակացություն, որն էլ   այժմ ներկայացրել է խորհրդարանում՝պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրենց իսկ հողի վրա»: 

 

12666302_1521631131466872_524727669_n

 

 

«Ապառաժ» 

 

1