«Կամ-կամ»-ի իրավիճակ՝ ԼՂ հարցում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Կամ-կամ»-ի իրավիճակ՝ ԼՂ հարցում

«Կամ-կամ»-ի իրավիճակ՝ ԼՂ հարցում

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հայտարարեց, որ մոտակա օրերին հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նախարարը չի մանրամասնել՝ ինչ շրջանակներում է լինելու այդ հանդիպումը, արդյոք համանախագահներն այցելելու են տարածաշրջա՞ն, թե՞ հանդիպումը հայկական կողմի մասնավոր նախաձեռնությունն է: Կամ՝ կոնկերտ ի՞նչ է քննարկվելու նրանց հետ` հաշվի առնելով, որ չի խոսվում ադրբեջանական կողմի հետ համանախագահների նման հանդիպման մասին:

 

Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բացահայտ դժգոհություն է արտահայտել համանախագահների գործունեությունից՝ պահանջելով նրանցից պրոցեսը տանել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ: Երկու օր առաջ նախագահ Ալիևը ՄԽ համանախագահներին մեղադրեց Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելու և իսլամաֆոբիայի մեջ: Փաստացի պաշտոնական Բաքուն արդեն ուղղակի հայտարարում է, որ ՄԽ համանախագահության նման ձեւաչափի հետ գործ ունենալ չի ուզում:

 

Այս «խռովկանությունն», իհարկե, բացատրվում է ԵԽԽՎ-ում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բացարձակ պրոադրբեջանական բանաձևի նախագծի տապալման հարցում ՄԽ համանախագահների ունեցած հսկայական դերակատարությամբ: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկի նախօրեին համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով վեհաժողովին չընդունել այդ բանաձևերը և չփորձել յուրացնել ԵԱՀԿ ՄԽ-ի բացառիկ մանդատի ներքո գտնվող հիմնախնդիրը: Սակայն համանախագահների այդ սկզբունքային դիրքորոշման պատճառը ոչ թե նրանց կողմից Հայաստանին պաշտպանելու մղումն էր, ինչպես հիմա փորձում է մեկնաբանել Բաքուն կամ հայերի գեղեցիկ աչքերին նրանց սիրահարվածությունը, այլ՝ հենց ՄԽ եռանախագահության ձևաչափի հեղինակությունը փրկելը, ինչի պարտադրանքի առջև նրանց կանգնեցրել էր Բաքուն ինքը:

 

Այս մոտեցումն, ի դեպ, իրականում առաջին անգամ չի դրսևորվում: Մի քանի տարի առաջ համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը նույն կերպ հորդորում էին ՄԱԿ-ի Ասամբլեային՝ չընդառաջել Ադրբեջանի ներկայացրած՝ «Միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում բանաձևին: Նրանց ազդեցությամբ այդ գործընթացը կասեցվեց՝ որպես փոխզիջումային տարբերակ ընտրվելով համանախագահների կողմից փաստահավաք առաքելություն կազմակերպելը:

 

Ամեն դեպքում, Բաքվի ներկայիս հիստերիկ պահվածքը բացատրվում է նրանով, որ համարում են, թե ՄԽ համանախագահներն ամբողջությամբ յուրացնում են հիմնախնդրով զբաղվելու իրավունքը, և, սակայն, այս իրողության վրա ազդելու որևէ լծակ չունեն: Եվ հիմա խնդիրը շատ պարզ է. Ադրբեջանը կամ համակերպվում է այս իրողությանը և հասկանալով, որ տարբերակ չկա` վերադառնում է բանակցություններին, կամ հրաժարվում է դրանից և նախապատվությունը տալիս ռազմական լուծմանը՝ առճակատման գնալով ողջ միջազգային հանրության հետ: Թերևս հենց այս հանգամանքը նկատի ուներ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, երբ նշում էր, թե միջազգային հանրությունը հիմա զբաղված է Ադրբեջանին բանակցությունների ձեւաչափ վերադարձնելու գործով: Կնահանջի՞ արդյոք Բաքուն այդ ճնշումների առջև, դժվար է ասել: Սակայն մեկ բան ակնհայտ է. հիմա թե տնտեսական, թե ներքաղաքական և թե տարածաշրջանային իրադրության առումով Ադրբեջանն այն վիճակում չէ, որ կարողանա գնալ ռազմական սադրանքի, և դա նրա համար գուցե լինի վերջի սկիզբը:

 

Թերևս Բաքվի այս անորոշության մեջ գտնվելու և նրանից դեռ որոշակի բանականության սպասելիքներն են պատճառը, որ կարծես թե ընթացք չի տրվում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջադեպերի կանխմանը և հրադադարի խախտման դեպքերն անձանագրող մեխանիզմների ներդրման` ամերիկյան առաջարկներին: Սա այն առանցքային պահեստային գործիքն է, որը միջազգային հանրությունը կարող է կիրառել ծայրահեղ դեպքում Բաքվին սանձելու համար:

 

Խնդիրն այն է, որ այդ մեխանիզմների ներդրման համար իրականում Ադրբեջանի թույլտվությունն ստանալու կարիքը չկա: Բավարար է նաև հայկական կողմի համաձայնությունը՝ սեփական անվտանգությունն ապահովելու առումով: Եթե Ադրբեջանը միակողմանիորեն խոչընդոտի դրա իրականացմանը, նշանակելու է, որ նա արդեն բառի բուն իմաստով կրակում է ոչ թե Հայաստանի, այլ ողջ միջազգային հանրության և համանախագահների վրա: Իսկ եթե համակերպվում է այդ միջոցների և մեխանիզմների ներդրման հետ սահմանագծին, նշանակում է` համակերպվում է առկա ստատուս քվոյին՝ գոնե ժամանակավորապես: Այսինքն, ՄԽ համանախագահները Ադրբեջանին անուղղակիորեն հասկացնում են, որ բանակցություններից հրաժարումը հանգեցնելու է ներկայիս ստատուս-քվոյի հավերժացմանը, իսկ կապրիզների շարունակման հետևանքը կարող է լինել ԼՂ-ի սուվերենության ճանաչումը: Կարևորն այն է, որ կարծես թե այս հարցում նույն գծի վրա են բոլոր համանախագահող երկրները: Եվ Ռուսաստանը, որն ամենաշահագրգռվածն էր ՄԽ համանախագահների ֆորմատը կազմաքանդելու հարցում, վերջին շրջանում նկատելի համագործակցային տրամադրվածություն է հանդես բերում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը հիմա զրկված է նաև Մոսկվայի գործոնն օգտագործելու հնարավորությունից:

 

Փետրվարի կեսերին Ադրբեջան է այցելելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Բաքվում գուցե հույս ունեն, որ գոնե Անկարայի աջակցությունը կստանան իրենց պարանոցը խեղդող այս օղակը ճեղքելու համար: Պետք է ըստ այդմ ենթադրել, որ բանակցությունների սեղանին վերադառնալու կամ բանակցությունները միակողմանիորեն տապալելու հարցը կհստակեցվի հենց այդ այցից հետո: Թերևս հենց այդքան ժամանակ էլ կպահպանվի ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ներկայիս հարաբերական անդորրը: Մինչ այդ Երևանը պետք է նախապատրաստվի ինչպես ադրբեջանական հիստերիայի անկանխատեսելի հետևանքներին, այնպես էլ՝ բանակցությունների վերսկսմանը: Ու թերևս հենց դրանով է պայմանավորված Հայաստանի արտգործնախարարի՝ համանախագահներին հանդիպելու հանգամանքը:

 

Գևորգ Դարբինյան

yerkir.am

1