ԼՂՀ ԱԺ դիմումը՝ «Հեռուստամարաթոն- 2015»-ի առթիվ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ ԱԺ դիմումը՝ «Հեռուստամարաթոն- 2015»-ի առթիվ

ԼՂՀ ԱԺ դիմումը՝ «Հեռուստամարաթոն- 2015»-ի առթիվ

ԼՂՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում ներկայացվել է ԱԺ պատգամավորների՝ «Հեռուստամարաթոն- 2015»-ի առթիվ համայն հայությանն ուղղված դիմումը, որում մասնավորապես նշվում է․ «Մի քանի ժամ հետո կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի եզրափակիչ փուլը: Համազգային հերթական հանգանակությունը նվիրված է բնակարանաշինությանը եւ կրում է «Մեր տունը» խորագիրը: Հեռուստամարաթոն-2015-ի գլխավոր նպատակն Արցախի՝ հինգ եւ ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելն է:

 

Բազմանդամ ընտանիքներին աջակցելու ծրագիրը ոչ միայն սոցիալական, այլեւ քաղաքական կարեւոր նշանակություն ունի Արցախի համար: Այդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը էապես կնպաստի նաեւ ժողովրդագրության բարելավմանը: Միայն այդպես կարելի է իրականացնել մեր ժողովրդի միասնական կամքը՝ շենացնել Արցախը եւ տեր կանգնել ազատագրված հայրենիքին:

 

Վերջին օրերին, չնայած միջազգային անկայուն իրադրությանը, համազգային դրամահավաքի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել աշխարհի տարբեր քաղաքներում: Քաղաքական ներկայիս զարգացումները նորից առաջին պլան են մղել անվտանգության խնդիրների առաջնահերթության գիտակցումը, ինչը մեր պարագայում ընկալվում է որպես հայության բոլոր հատվածների ջանքերը համատեղելու անհրաժեշտություն:

 

Թանկագին հայրենակիցներ, Հեռուստամարաթոնը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործնական դրսեւորման լավագույն հնարավորություններից է, եւ այն պետք է դառնա Արցախի անկախությունը համակողմանիորեն ամրապնդելու վճռականության հերթական ապացույց:

 

Խորապես համոզված ենք, որ մեր համախմբվածությունն ամենաճիշտ պատասխանն է օրեցօր ահագնացող մարտահրավերներին: Ուստի կոչ ենք անում ու խնդրում բոլորիդ մասնակցել համահայկական դրամահավաքին՝ աջակցելով մեր ժողովրդի այն հատվածներին եւ խավերին, որոնց բարեկեցության բարձրացումը կզորացնի ազգը՝ ուղղորդելով նրան համազգային նոր ծրագրերի իրականացմանը»:

 

Վերջում խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը տեղեկացրել է, որ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմն արդեն իսկ հանգանակել են 1 մլն 140 հազար ՀՀ դրամ՝ շուրջ 100 հազար դրամով ավելի, քան անցած տարի։

1