Կայացել է ՀՅԴ Եվրոպայի երիտասարդական միությունների համատեղ խորհրդաժողովը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կայացել է ՀՅԴ Եվրոպայի երիտասարդական միությունների համատեղ խորհրդաժողովը

Կայացել է ՀՅԴ Եվրոպայի երիտասարդական միությունների համատեղ խորհրդաժողովը

Նոյեմբերի 20-22-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի է ունեցել ՀՅԴ Եվրոպայի երիտասարդական միությունների համատեղ խորհրդաժողով: Խորհրդաժաղովը կրում էր «ՀՅԴ երիտասարդությունը և Հայ դատի պահանջատիրության արդի պայքարը» խորագիրը:

 

Խորհրդաժողովը նախաձեռնել էր ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միությունը՝  ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի  օժանդակությամբ:

 

Խորհրդաժողովին մասնակցել են ավելի քան 70 երիտասարդներ՝ Եվրոպայի 8 քաղաքներից, ինչպես նաև մեկական ներկայացուցիչներ  Հայաստանից ու Արցախից:

 

Զեկույցներով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի անդամներ Արմեն Ռուստամյանը, Մուրադ Փափազյանը, ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի պատասխանատու Գասպար Կարապետյանը, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազ Ալվրցյանը և ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեյի անդամներ:

 

Խորհրդաժողվում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Արցախի բանակցային գործընթացների վերջին զարգացումները, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա իրավիճակը, Ցեղասպանության հատուցման և հողային պահանջատիրության հարցերը, դրանց վերաբերյալ ՀՅԴ Հայ դատի ռազմավարական  սկըզբունքները, քրդական հարցը և Թուրքիայի հայության ներկա խնդիրները:

 

Եռօրյա քննարկումների և աշխատանքի արդյունքում խորհրդաժողովը հանգել է հետևյալ եզրակացությանը.

 

Հայ երիտասարդության պատրաստուածության մակարդակը պահանջատիրության աշխատանքների առնչությամբ բավարար չէ: Այս մարտահրավերը հաղթահարելու համար խորհրդաժովը գտնում է, որ անհրաժեշտ է ընդլայնել ՀՅԴ երիտասարդական և պատանեկան միությունների շարքերը, ինչպես նաև աշխարհագրական տարածելիությունը:

 

Բարձրացնել երիտասարդների պատասխանատվության մակարդակը՝ մղելով նրանց քաղաքական և մասնագիտական աշխատանքների:

 

ՀՅԴ երիտասարդականի կեցվածքը հատուցման խնդրի եւ հողային պահանջատիրության նկատմամբ անփոփոխ է ու հետեւողական:

 

 Հայ երիտասարդության պահանջատիրության առանցքը կազմում է Վիլսոնի իրավարար վճիռը:

 

ՀՅԴ երիտասարդության  քաղաքականացումն ուղղակիորեն կնպաստի օտար երիտասարդության մոտ հայանպաստ կեցվածքի զարգացմանը՝ Արցախի անկախության, միջազգային ճանաչման, հայության իրավունքների հատուցման եւ հողային պահանջատիրության հարցերի առնչությամբ:

 

Միաժամանակ, խորհրդաժողովը կարևորում է տեղական եւ միջազգային քաղաքական կազմակերությունների հետ առկա հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը:

 

ՀՅԴ երիտասարդությունը կարևորում է պահանջատեր պոլսահայ երիտասարդության աշխատանքը: Խորհրդաժողովը գտնում է, որ  իրենց հայկական արմատներին վերադարձող Արեւմտյան Հայաստանի և Թուրքիայի հայությունը  նոր մարտահրավերներ ու հորիզոններ է բացում ՀՅԴ Երիտասարդականի առջև, ինչպես նաեւ աշխատանքի նոր հնարավորություններ:

 

Նկատի առնելով վերջին զարգացումները եւ Թուրքիայի ներքին իրավիճակը՝ ՀՅԴ երիտասարդությունը հայ-քրդական հարաբերություններին կմոտենա քաղաքական իրատեսությամբ եւ հայության իրավունքների նկատմամբ իրավատեր կեցվածքով:

 

Հայոց Ցեղասպանության հարյուրամյակից հետո հատուցման եւ հողային պահանջատիրությունը թևակոխելու է նոր հանգրվան, որի հաջողության համար անհրաժեշտ է պահանջատեր հայ երիտասարդության կողմից գործնական պայքարի ծավալում:

 

ՀՅԴ երիտասարդական միությունների այս խորհրդաժողովի ընթացքում փոխանցված գիտելիքները, քննարկումներն ու եզրակացութիւնները միտում ունեն հավելյալ թափ տալու այս պայքարին:

 

Խորհրդաժողովի մասնակիցներն այցելել են Ֆրանսիայի Ալֆորֆիլ քաղաքի Սուրբ Մեսրոպ Արաբյան անունը կրող նորակառույց կրթարան, ծանոթացել տեղի աշխատանքներին:

 

Եռօրյա խորհրդաժողովի ընթացքում Ֆրանսիայում նշվել է նաև ՀՅԴ 125-ամյակը և Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության 70-ամյակը: Տոնակատարությանը մենահամերգով հանդես է եկել ազգային- հեղափոխական երգերի կատարող Գառնիկ Սարգսյանը:

 

 

1