Հայաստանը կշարունակի մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայաստանը կշարունակի մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը

Հայաստանը կշարունակի մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը

Չնայած սեփական սահմանների երկայնքով ունեցած անվտանգության մարտահրավերներին` Հայաստանը հաստատակամ է նույն ծավալներով շարունակելու իր մասնակցությունը «Վճռական աջակցությանը»՝ մինչև առաքելության ավարտը. այսպիսի հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նայեմբերի 23-ին Բեռլինում մասնակցելով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելության Հյուսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների նիստին:

 

Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ միջազգային կոալիցիայի գործուն աջակցության շնորհիվ առաջիկայում Աֆղանստանում կարձանագրվեն տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նոր ձեռքբերումներ:

 

Բեռլինում ՀՀ պաշտպանության նախարարն ունեցել է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են Եվրոպայում, Հարավային Կովկասում և այլուր տարածաշրջանային անվանգության և դրա առջև ծառացած սպառնալիքներին ու մարտահրավերներին, ինչպես նաև պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկիզբ են առել 1992-ին, երբ Հայաստանն անդամակցել է Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին (որը 1997-ին վերանվանվել է Եվրաատլանտյան գործընկերության խորհուրդ): Համագործակցությունն ավելի ընդլայնվել է, երբ Հայաստանը 1994-ին միացել է Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին: 2005թ. վերջին ՆԱՏՕ-ն և Հայաստանը համաձայնության են եկել երկրի առաջին անհատական գործընկերության գործողությունների ծրագրի վերաբերյալ:

 

ԱԳՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական և քաղաքական համագործակցությունը, սակայն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին:

 

Հայաստանը 2010թ. փետրվարից մասնակցում է Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կողմից իրականացվող խաղաղապահ գործողությանը:

1