Վահրամ Բալայանն անդրադարձել է ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի թեմայով պատրաստվող զեկույցին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Վահրամ Բալայանն անդրադարձել է ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի թեմայով պատրաստվող զեկույցին

Վահրամ Բալայանն անդրադարձել է ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի թեմայով պատրաստվող զեկույցին

ԵԽԽՎ-ում օրեր առաջ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի կողմից հնչեց հակահայկական զեկույց: Այսօր եւս մեկ հակահայկական թեմայով զեկույց է պատրաստվում ԵԽԽՎ-ում, որը վերաբերելու է Սարսանգի ջրամբարին: Զեկույցի հեղինակը ԵԽԽՎ զեկուցող, բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչն է: Այս թեմայի շուրջ <<Ապառաժ>>-ը զրուցել է ՀՅԴ ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանի հետ:

 

Պարոն Բալայան,  Ռ.Ուոլթերի՝ ԵԽԽՎ-ում հնչած զեկույցից հետո մեկ այլ զեկույց էլ է պատրաստվում ԵԽԽՎ-ում, այս անգամ՝ <<Ադրբեջանի սահմանային շրջանները միտումնավոր զրկվում են ջրից>> հակահայկական թեմայով: Ի՞նչ կասեք այս վերաբերյալ, ի՞նչ անդրադարձ կարող է ունենալ մեզ համար զեկույցի ընդունումը:

 

-ԼՂՀ հետ շփման գծի երկայնքով ռազմական գործողություններ վարելուց բացի, հարևան հանրապետության ղեկավարները ձգտում են ամեն կերպ տնտեսական խուլ շրջափակման մեջ պահել մեր երկիրը: Միաժամանակ միջազգային կառույցների միջոցով, մանավանդ որոշ ներկայացուցիչների շանտաժի ենթարկելու ճանապարհով` փորձում են ամեն կերպ խոչընդոտել ԼՂՀ-ում ներդրումներ կատարելու գործընթացը, ինչպես նաև խաթարել դիվերսիֆիկացված տնտեսություն ունենալու մեր ժողովրդի ջանքերը: Նպատակը մեզ համար շատ պարզ է՝ ԼՂՀ-ում ստեղծել անտանելի սոցիալ-տնտեսական կացություն, թուլացնել Արցախի դիմադրական ուժը: Իսկ դրա հետևանքները մեզ համար հասկանալի է:  Այդ շարքում կարելի է հիշել մեր հայրենակից Վարդան Սերմաքեշի նկատմամբ վերջերս կատարվող խարդախություններն ու հետապնդումները և իհարկե նաև՝ Սարսանգի ջրամբարի հետ կապված նոր զարգացումները:

 

Սարսանգի պարագայում Ադրբեջանը փորձում է առանց մեր կարծիքը հաշվի առնելու, ոտնահարելով մեր սուվերեն իրավունքները՝ իր ցանկությամբ օգտագործել Արցախի ժողովրդին պատկանող բնական ներուժը: ԼՂՀ իշխանությունները բազմիցս իրենց պատրաստակամությունն են հայտնել բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ Սարսանգի, որ հավասար իրավունքներով ԼՂՀ և ԱՀ ներկայացուցիչները քննարկումներ կատարեն ու որոշումներ կայացնեն: Բայց Ադրբեջանի ղեկավարությունն ամեն անգամ փորձում է հարցերը լուծել ուժային մեթոդով՝ գործի մեջ ներքաշելով իր դաշնակիցներին և Եվրոպայի որոշ պաշտոնյաների: Բնականաբար, մենք դա չենք հանդուրժի:

 

Հիրավի, միջազգային կառույցների կողմից ԼՂՀ հետ կապված ամեն մի բացասական  որոշում մեզ համար ցանկալի չէ, մյուս կողմից էլ, վերոնշյալ զեկույցի ընդունման պարագայում, մեծ հաշվով, մեզ համար էական ոչինչ չի փոխվի: Այդ ամենով հանդերձ, կարծում եմ, որ նման միջադեպերը մեր երկու հանրապետությունների՝ ՀՀ և ԼՂՀ-ի իրավասու մարմինների համար ազդակ պիտի հանդիսանան եղած ուժերը ի մի բերելու և  սփյուռքի կառույցների հետ համատեղ ճակատ ստեղծելու և  մեր ժողովրդի շահերը պաշտպանելու համար:

 

1