Ականատես լրագրողներն Արցախի մասին իրենց վկայությունները ներկայացրին Եվրախորհրդարանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Ականատես լրագրողներն Արցախի մասին իրենց վկայությունները ներկայացրին Եվրախորհրդարանում

Ականատես լրագրողներն Արցախի մասին իրենց վկայությունները ներկայացրին Եվրախորհրդարանում

Նոյեմբերի 17-ին եվրոխորհրդարանում տեղի է ունեցել «Ականատես լրագրողների վկայություններ զինված հակամարտությունների ընթացքում. Լեռնային Ղարաբաղի պարագան» (Journalists’ Eyewitness Accounts in Armed Conflicts: The Case of Nagorno Karabakh’) խորագրով միջոցառումորին մասնակցում էին մեծ թվով մասնակիցներ՝  քաղաքական տարբեր խմբակցությունների անդամներ, եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Բելգիայի խորհրդարանի պատգամավորներ: Այս մասին <<Ապառաժ>>-ին տեղեկացրել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

 

 

Միջոցառումը կազմակերպվել  էր Եվրոխորհրդարանում Հայաստանի բարեկամության խումբը եւ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի կողմից՝ եվրոպական խորհրդարանի պատգամավոր դոկտ. Էլենի Թեոխարուսի (Կիպրոս, ԵԺԿ) հովանավորությամբ: Դոկտոր Թեոխարուսը Ղարաբաղյան պատերազմի տարիներին կամավ այցելել է  Արցախ եւ Ստեփանակերտի հիվանդանոցում աշխատել որպես վիրաբույժ:

 

Իրենց վկայությունները ներկայացնելու համար հրավիրված էին Տանա Մազալովան Չեխիայից, Ցվետանա Պասկալևան Բուլղարիայից եւ Աննա Կարապետյանը Հայաստանից: Այս երեք լրագրողները Ղարաբաղի հակամարտության տարբեր ժամանակահատվածներում գտնվել են Արցախում եւ իրողությունը վավերագրել են ռազմական գործողություններից մինչեւ զինադադար:

 

 Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանի կողմից  ձեռնարկի բացումը կատարելուց հետո տիկին Թեոխարուսը եւ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը իրենց ողջույնի խոսքերն են  ուղղել ներկաներին:

 

Տիկին Թեոխարուսը ևս մեկ անգամ  հաստատել է իր զորակցությունն Արցախի ժողովրդին եւ խոսել արցախցիների ազատ ինքնորոշման իրավունքի մասին:

 

Դեսպան Մարգարյանը նշել է, որ անհրաժեշտ է պայքարել ոչ  միայն Թուրքիայի ժխտողականության դեմ, այլև՝ Ադրբեջանի քաղաքականության, որը միտված է  ճշմարտությունը խեղաթյուրելուն: Նա բարձր է գնահատել ներկա գտնվող լրագրողների նվիրվածությունը եւ այս ուղղությամբ նրանց կատարած արհեստավարժ աշխատանքը:

 

 Ապա  Ցվետանա Պասկալևան կարդացել է կարճ պատգամ՝ իր խոսքն ուղղելով Եվրոխորհրդարանին: Նա նշել է,  որ Ադրբեջանի՝ նման հարձակողական քաղաքականությունը պետք է դադարեցվի,  այն ամեն   վայրկյան սպառնում  պատերազմը վերսկսել: Նա հատկանշականորեն նշել է, որ Արցախի ժողովուրդն իր զոհողությամբ, հաղթեց եւ կերտեց խաղաղ ապրելու իր իրավունքը:

 

Այնուհետեւ ցուցադրվել է  Պասկալևայի՝  պատերազմական դաժան տարիներին նկարահանած եւ ներկայիս խաղաղ պայմաններում ավարտած տեսաժապավեններից մեկը:

 

Իր հերթին, չեխ լրագրող Տանա Մազալովան ներկայացրել է իր վկայությունները՝ կենտրոնանալով Խոջալուի դեպքերի եւ ադրբեջանական քարոզչության վրա, ինչպես նաեւ ներկայացրել է իր հարցազրույցն այն օրերին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի եւ ադրբեջանցի լրագրող Ճենկիզ Մուսթաֆաևի հետ: Մազալովան խոսել է նաեւ Ադրբեջանի ներկայիս հակահայ եւ հակաժողովրդավարական իրականության մասին:

 

 Լրագրող Աննա Կարապետյանն իր վկայությունները պատմել է 1994 մայիսի զինադադարի շուրջ, որ տեղի ունեցավ Բիշկեքում: Այնտեղ  նա ներկա էր որպես լրագրող: Աննան ներկայացրել է այն իրականությունը, որ զինադադարի կնքման ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացված էր. դա այն իրականությունն է, որն Ադրբեջանը   փորձում է  թաքցնել:

 

 Հաջորդիվ եղել են  հարց — պատասխաններ, որի ընթացքում  ներկա գտնվող պատգամավորները կրկին հաստատել են իրենց օժանդակությունը Արցախին եւ վերահաստատել՝ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքը:

 

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը  կարևորել է այս ձեռնարկը՝ նշելով.«Եվրոպական կառույցները, եվրոպական զանազան երկրները պետք է ճիշտ  ձեւով իրազեկվեն Արցախի հարցի շուրջ, որը պետք է որպես հակակշիռ օգտագործվի ադրբեջանական քարոզչության դեմ: Այսօր այս խիզախ լրագրողներն իրականության ու արդարության իրենց վկայություններով իրենց ձայները բարձրացրեցին  Եվրոպայի կենտրոնում ՝ խավիարային դիվանագիտության ընդդեմ»:

 

 

1