ՀՅԴ երիտասարդները հանդիպում են ունեցել Արմենչոյի ընտանիքի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ երիտասարդները հանդիպում են ունեցել Արմենչոյի ընտանիքի հետ

ՀՅԴ երիտասարդները հանդիպում են ունեցել Արմենչոյի ընտանիքի հետ

Արցախյան  շարժման և գոյապայքարի ընթացքում  ի հայտ եկան այնպիսի վառ անհատականություններ, ովքեր բռնելով  հավերժի  ճամփանիրենց  կենսակերպով ու քաջությամբ  մնայուն  հետք թողեցին մեր նորագույն պատմության էջերում  և ջերմ  հիշողություններ` ապրողների սրտերում
Նման անհատականություններից էր  Տողասարի  արծիվ  Արմեն Գասպարյանը:  

 

Նոյեմբերի 11-ին ՀՅ Դաշնակցության Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում Արցախյան շարժման առաջամարտիկ, դաշնակցական Արմենչոյի /Արմեն Գասպարյան/ ընտանիքի հետ:  

 

Միջոցառմանը ներկա էր ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը: Հրավիրված էին հերոսի այրին՝ Անժելա Գասպարյանը, զավակները, հարազատները, համագյուղացի, Տողի արվեստի դպրոցի տնօրեն Սուսաննա Բալայանը:

 

Հանդիպումը սկսվել է Լ. Հովհաննիսյանի խոսքով, ով ողջունել է ընտանիքի անդամներին եւ կարևորել նման միջոցառումների կազմակերպումը՝ երիտասարդներին Արցախյան պատերազմի հերոսներին ներկայացնելու ու նրանց գործը արժեւորելու տեսանկյունից: Նա նշել է, որ նման հանդիպումների կազմակերպումը ԱԵՄ-ի կողմից արդեն բարի ավանդույթ է դարձել եւ այսուհետ էլ կրելու է շարունակական բնույթ:

 

Այնուհետեւ ներկաները կիսվել են իրենց՝ Արմեն Գասպարյանի հետ կապված հուշերով:

 

Երիտասարդները հանդես են եկել հերոսի անցած ուղու մասին  հետաքրքրող հարցերով:

 

Ընտանիքի անդամները շնորհակալություն են հայտնել գեղեցիկ ու բովանդակալից հանդիպման համար:

 

Արմեն Գասպարյանը ծնվել է 1961թ. ապրիլի 12-ին Արցախի Տող գյուղում: Արմենն Արցախյան  պայքարի առաջամարտիկներից էր: Տողի նշանավոր գործողության ժամանակ հրամանատարությունը հապաղում էր գործողությունը սկսել: Զգուշանում էր շատ զոհեր տալուց, որովհետեւ փողոցային մարտեր պիտի լինեին: Արմենչոն ամեն կերպ հորդորում ու երաշխիք էր տալիս, որ գործողությունն առանց զոհի է ավարտվելու: Շատ է գրվել այդ փայլուն գործողության մասին:Կոմանդոսն ասել է. «Արմենը քաջարի եւ անվեհեր մարտիկ էր, բազմիցս է թշնամու թիկունքում գործողություններ իրականացրել: Ամեն իրավիճակում նա կարողանում էր հիանալի կողմնորոշվել, ուստի նրան անվանում էին Միայնակ Գայլ: Այնուհետեւ նա հասկացավ, որ «մենակը մարտադաշտում մարտիկ չէ»: Մտավ ջոկատ: 5-7 հոգով թիկունքում գործողություն էին կատարում եւ գալիս՝ հեռվից նայում էին, թե թշնամին ինչ կերպ է մեկնաբանելու այդ գործողությունը: Չափազանց համարձակ էր: Զինվորները համոզված էին, որ Արմենի ներկայությամբ հնարավոր չէ պարտվել»:

 

Նա զոհվել է հոր մահվան տարելիցի օրը: Ընկերները փորձում էին, տարելիցի ծիսակատարությունը պատճառաբանելով, նրան հետ պահել մարտից, սակայն Արմենչոյի պատասխանը  հետեւյալն էր. «Գիտեք դրությունն այնտեղ ինչպես է. ինձ  կանչում են»: Երբ հասավ բարձունքին, թուրքերն արդեն սկսել էին ռմբակոծությունը: Այնտեղ էլ՝ Նորաշենի մոտ, զոհվեց  1993 թվականի հուլիսի 2-ին:

 

Արմեն Լևոնի Գասպարյանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար ԼՂԼ Գերագույն խորհրդի նախագահության 1993թ. որոշմամբ պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

 

Գալիք տարվա ապրիլի 12-ին լրանում է Արմեն Գասպարյանի ծննդյան 55 ամյակը:

 

ՀՅԴ ԱԵՄ, լրատվական հանձնախումբ

1