Հողի, գրչի ու գաղափարի մարդը՝ Կնյազ Մելքումյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հողի, գրչի ու գաղափարի մարդը՝ Կնյազ Մելքումյան

Հողի, գրչի ու գաղափարի մարդը՝ Կնյազ Մելքումյան

Հայրենիքի հոգս ու ցավով ապրող, ՀՅԴ գաղափարներով առաջնորդվող Կնյազ Մելքումյանն իր 70-ամյակը նշել է իր մեծ ընտանիքի, որը բաղկացած է 30 հոգուց, երկար տարիների ընթացքում ձեռք բերած գաղափարական ընկերների հետ, իր իսկ ստեղծած գյուղում՝ Նոր Ջրաբերդում:

 

«Ընտանիքս բաղկացած է 30 հոգուց՝ 4 որդի, երկու դուստր, 17 թոռ եւ մեկ ծոռ ունեմ: Սա այն ամենամեծ ներդրումն է, որ արել եմ Արցախի համար: Եվ պետք է հպարտությամբ էլ նշեմ, որ բոլորն էլ Արցախում են ապրում՝ կողք կողքի, իրար թեւ-թիկունք կանգնած»,-ասում է Կնյազ Մելքումյանը:

 

Կնյազ Մելքումյանը Գառնաքար գյուղից 1998 թվականին տեղափոխվել է Նոր Ջրաբերդ գյուղ, եւ ինչպես նա է ասում, պատճառները մի քանիսն էին: Նախ՝ այնտեղ կային բոլոր բարենպաստ պայմանները՝ աշխատելու, նորը ստեղծելու: Գյուղը 3000 հա մշակելի հողատարածք ունի:

 

«Խմելու եւ ոռոգման ջուր կա, կլիմայական պայմանները հրաշալի են հողագործության, անասնապահության համար: Բայց դա չէ հիմնական պատճառը: Իմ խորին համոզմամբ՝ ազատագրված ամեն մի մետր հող եթե չվերաբնակեցվի հայերով, ապա մեծագույն վտանգ կա, որ կբնակեցվի թշնամիներով»,-ասում է ընկեր Կնյազը:

 

Երբ կնոջ եւ որդիների հետ տեղափոխվեց Նոր Ջրաբերդ, նույնիսկ նվազագույն պայմաններ չկային ապրելու համար.15 տարի լույս չեն ունեցել: Կամաց- կամաց ամեն ինչ ստեղծելով՝ այսօր հպարտորեն կարող են ասել, որ իրենց հաջողվել է թե՛ գյուղ հիմնել, թե՛ ապրելու համար լավ պայմաններ ստեղծել, ինչն արդեն ոչ միայն իրենց, այլեւ մատաղ սերնդի համար է:

 

Կնյազ Մելքումյանի կինը՝ տիկին Էլմիրան, նշում է, որ յուրաքանչյուր կին պարտավոր է իր ամուսնուն սատարել, եւ այս գիտակցումով սիրով համաձայնել է տեղափոխվել՝ հավատացած լինելով, որ հաջողության կհասնեն այնտեղ:

 

«Մարդ չի կարող ամեն ինչի միանգամից հասնել: Աշխատասիրություն եւ, որ ավելի կարեւոր է, համբերություն է պետք: Ցանկացած մեկը, ով գյուղատնտեսությամբ է զբաղվում, պետք է քաջ գիտակցի, որ առաջին մի քանի տարիներին չի կարող մեծ արդյունք ակնկալել: Պետք է համոզմունք ունենալ, որ բռնած գործդ բարի է եւ անպայման հաջողություն կբերի. լավատեսությունը գործի կեսն է»,- նշում է նա:

 

Երբ Մելքումյանների ընտանիքը տեղափոխվել է Նոր Ջրաբերդ, ընդամենը 7 գլուխ մանր եւ խոշոր եղջերավոր անասուն ունեին: Այսօր դրանց թիվը գերազանցում է 200-ը: 40 հա-ից ավել հող են մշակում: Տարիների ընթացքում ձեռք են բերել գյուղտեխնիկա:

 

Այսօր գյուղում ապրում է 27 ընտանիք, 95 բնակիչ: Գյուղն ունի չորսամյա դպրոց,  ուր դասավանդում է 70-ամյա մանկավարժ Կնյազ Մելքումյանն իր հարսի հետ: Նա իր տան 2 սենյակները հատկացրել է դպրոցի համար: 4-րդ դասարանն ավարտելուց հետո պետության կողմից տրամադրված մեքենան գյուղի աշակերտներին  ամեն առավոտ տանում է մոտակա գյուղ, ուր ավագ դպրոց կա:

 

Գյուղացիները նշում են, որ  Կնյազ Մելքումայնը գյուղի խարհրդատուն է. ով ինչ նոր գործ է բռնում՝ անպայման խորհուրդ է հարցնում նրանից:

 

«Մի բան կա այս գյուղում, որով կարող եմ հպարտանալ.դա կազմակերպվածությունն է եւ մեկը մյուսին օգնելու պատրաստակամությունը, որը, ցավոք, շատ համայնքներում պակասում է: Եթե գյուղում մեկին օգնություն է պետք, բոլորս միասին հավաքվում եւ օգնում ենք: Այսօր գյուղում ընդհանուր 800 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, ինչով դժվար թե կարող են հպարտանալ  Արցախի մյուս  համայնքները :Միայն մեր ընտանիքը տարեկան 250 տոննա կաթ է հանձնում Արցախում արտադրվող կաթնամթերքի գործարարն»:

 

Ասում է՝ Ղարաբաղում գործ գտնելը բավական հեշտ է, աշխատասեր մարդիկ են պետք, որ կապված լինեն այս հող ու ջրին: Պատճառներից մեկը, ըստ ընկեր Կնյազի, արտասահմանից եկած դրամական օգնություններն են, որոնք, ճիշտ է մեծ դեր ու նշանակություն ունեցան, բայց նաեւ  ժողովրդին սովորեցրին չաշխատել:

 

«Ոչ բոլորն են ուզում չարչարվել եւ ստեղծել: Շատերն ավելի հեշտ ճանապարհներ են փնտրում: Անհերքելի ճշմարտություն է, որ եթե հեշտ ճանապարհով գնաս՝ երկար չես գնա եւ շատ բանի էլ չես հասնի: Համոզված եմ՝ Արցախում այսօր տնտեսական հեղափոխություն է պետք: Պետք է շատ հարցեր կարգավորվեն պետության կողմից: Տնտեսության եւ, առավել եւս, գյուղատնտեսության մեջ մասնագիտական մոտեցումը բացակայում է. դրա պարտադրողն ու կատարողը նույնպես ժողովուրդը պիտի լինի»:

 

Շարժման եւ պատերազմի տարիների մասին խոսելիս՝ նշում է, որ թիկունքի աշխատող էր, եւ ամեն ինչ անում էր իր համայնքի՝ Գառնաքարի բնակիչների հետ, որ խրամատում կանգնած զինվորը զգա ժողովրդի հոգածությունն իր հանդեպ: Ասում է: 1988 թվականին Ստեփանակերտի ցույցերի ժամանակ կազմակերպում էր , որ գյուղից սնունդ տեղափոխեն Ստեփանակերտի ցուցարարներին:

 

«Գիտակցում էի, որ ուրիշ հնարավորություն մեզ չի տրվի, դրա համար ջանք չէինք խնայում»:

 

Հիշում է, թե ինչպես պատերազմից առաջ  մի օր «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով 11 համագյուղացիներով  գնում էին Այգեստան, երբ  Խաչեն գյուղի  մոտակայքում  զինված եւ դիմակներով  օմօնականները  ճանապարհը կտրեցին, սկսեցին ստուգել անձնագրերը: «Մեզ հորդորեցին մեքենայից իջնել: Այդ պահին «Կամազ» մակնիշի մի մեքենա հետեւից եկավ եւ օմօնականները դա  էլ կանգնեցրին: Վարորդը սկզբում արգելակեց: Կարծում էինք՝ հիմա պիտի կանգնի:  Միանգամից, սակայն,  մեքենան արագ առաջ սլացավ: Օմօնականները սկսեցին կրակել՝ վիրավորելով մեքենայի անձնակազմին: Մեքենան չկանգնեց: Ավելի ուշ պարզվեց, որ «Կամազ»-ով զենք էին տեղափոխում… Այդ պահին հասկացա, որ պատերազմն անխուսափելի է»,- պատմում է նա:

 

Գյուղի կոլտնտեսության նախագահն էր, երբ սկսվեց պատերազմը: Ասում է՝ իր ամենակարեւոր առաքելությունը գյուղի բնակիչներին միավորելն էր՝ հանուն մեկ ընդհանուր գործի, եւ, որ ամենակարեւորն է այնպես անել, որ ժողովուրդը չհուսահատվի եւ խուճապի չմատնվի:

 

«Շատ լավ էի գիտակցում, որ եթե գյուղը հանկարծ լքենք, հաղթանակի մասին մտածելն անգամ զուր կլիներ: Մեր գյուղի շրջակայքում 5 զինվորական ստորաբաժանում կար, եւ պատերազմի ողջ ընթացում գործում էր գյուղի դպրոցը: Տղերքն ամեն օր դիրքերում լսում էին դպրոցի զանգի ձայնը, որը նրանց ուժ էր տալիս, եւ գիտակցում էին՝ դիրքը թողնել չի կարելի, դպրոցը  մեկ օրով անգամ  չի կարելի փակել»:

 

5 զինվորական ստորաբաժանումների հացը գառնաքարցիները պետք է մատակարարեին: 12 օրվա ընթացքում Կնյազ Մելքումյանը ջրաղաց կառուցեց գյուղում: Ամեն առավոտ գյուղի բոլոր թոնիրները վառվում էին, գյուղի բոլոր կանայք հաց էին թխում զինվորների համար: Օմարում ծառայող տղաների համար հարյուրավոր բրդյա գուլպաներ էին գործում: Գյուղի բնակիչները մեծից մինչև փոքր, խրամատներ էին կտրում: Պատերազմի ընթացքում տասնյակ կիլոմետրերով խրամատներ են կտրել գյուղացիք:

 

«Այնպիսի մի մթնոլորտ էր ստեղծվել գյուղում, որ ցանկացած մարդ, նույնիսկ 80 տարեկան ծերունին, օգնում էր որեւէ բանով: Բոլորս մեկ հոգու նման էինք, մեկ կազմակերպված ընտանիք, բոլորս մեկ նպատակ ունեինք ՝ հաղթել: Կարծում եմ՝ դա էր մեր հաղթանակի գրավականը»:

 

Ընկեր Կնյազը ցավով նշում է, որ պատերազմի տարիներին թիկունքում աշխատողներն այդպես էլ ստվերի տակ են մնացել,  նրանց կատարած գործն այդպես էլ  ըստ արժանվույն չի գնահատվել:

 

«Կարծում եմ՝  այն մարդկանց, ովքեր թիկունքում էին գործում,  պետք է գնահատել եւ կարգավիճակ տալ, որպեսզի այսօր -վաղը չասեն, թե այդ մարդիկ ոչ մի ներդրում չունեն մեր երկրի ազատագրման գործում»:

 

1998 թվականին Կնյազ Մելքումյանն անդամագրվել է ՀՅԴ շարքերին  եւ առ այսօր մնում է ՀՅԴ լավագույն ավագ ընկերներից մեկը:

 

«Պատերազմի ժամանակ Այգեստան գյուղի  հետ կապ եմ ունեցել:  Հաչաբաշ անունով մի դաշնակցական մեր գյուղի համար  զենք էր  բերել.  ես էլ նրան եմ տվել ազերիներից  վերցված 4 ձի: Նրա կերպարը շատ տպավորել էր: Այնուհետեւ ծանոթացա նաեւ  ՀՅԴ անդամ Կամո Բարսեղյանի հետ: Մի քանի տարի անց Կամո Բարսեղյանի եւ  Գագիկ Մարտիրոսյանի միջոցով անդամագրվեցի ՀՅԴ շարքերին»:

 

Ասում է՝ ՀՅԴ-ի գաղափարները շատ վաղուց էր կրում իր մեջ: Դեռ 1965 թվականին, երբ ուր որ է Արցախյան շարժումը պետք է սկսվեր, մասնակցել է  գաղտնի ժողովներին, ծանոթացել  ՀՅԴ մասին արգելված գրականությանը:

 

«Հիշում եմ՝ ազգիս նահապետներից մեկն  Անդրանիկի նկարն ուներ: Թաքուն գնում էինք խնդրում,  որ ցույց տա, ինքն էլ ասում էր՝ հանկարծ ուրիշ տեղ չասեք, թե չէ ինձ կկորցնեն: Դեռ մանկուց Անդրանիկի կերպարը, նրա մասին պատմած պատմությունները Անդրանիկի մասին, արգելված հերոսները հարցականներ էին  թողել իմ մեջ, որի պատասխաններն ավելի ուշ ստացա»:

 

Պատերազմի թոհ ու բոհով անցած, սակայն լավատեսությամբ լցված Կնյազ Մելքումյանն այսօր վստահաբար ասում է, որ մեր բոլորիս հաջողության գրավականը, ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ այսօր, մնում է միասնական պայքարը եւ սերն ու միմյանց օգնելու պատրաստակամությունը: Կոչ է անում բոլոր այն երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն գյուղատնտեսությամբ, հողագործությամբ զբաղվելու եւ չեն վախենում աշխատանքից, գնալ Նոր Ջրաբերդ, ուր նա կօգնի ամեն ցանկացողին թե՛ իր խորհուրդներով, թե՛ օժանդակությամբ:

 

2013 թվականին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Կնյազ Մելքումյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով:

 

Արմինե Նարինյան

1