Նոր Սահմանադրությունը պետք է տրոհի գերկենտրոնացվածությունը. Արա Պուլուզյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Նոր Սահմանադրությունը պետք է տրոհի գերկենտրոնացվածությունը. Արա Պուլուզյան

Նոր Սահմանադրությունը պետք է տրոհի գերկենտրոնացվածությունը. Արա Պուլուզյան

«Ապառաժ»-ի զրուցակիցն է ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Արա Պուլուզյանը:

 

ԶԼՄների ուշադրության կենտրոնում քննարկման թեմա դարձած ՀՀ սահմանադրական փոփոխություններն են: Ի՞նչ եք կարծում, Արցախում այսօր կա՞ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն:

— Ըստ ինձ՝ Արցախում սահմանադրական բարեփոխումներն անհարժեշտություն են  եւ դրա համար գոնե երեք հիմնավորումներ կարող եմ մատնանշել: Առաջինն այն է, որ Արցախը, որպես պետություն, անցել է երեք փուլ. առաջին՝ պետության ստեղծման փուլ: Այդ փուլը բնորոշվում է զինվորական իշխանությամբ, զինվորական մենաշնորհներով: Այդ իշխանությունը բնական էր ինչ-որ տեղ, որովհետեւ ժողովրդի իդեալներն իրականության վերածվեցին զինվորականության միջոցով՝  եղավ հող, տարածք, պետություն: Դա տեւեց մինչեւ 1996-19997 թթ.:

 

Դրան հաջորդեց պետության կայացման փուլը, որը խորհրդանշվեց Սահմանդրության ընդունմամբ: Պետության մեջ ձեւավորվեցին պետական կառավարման  համակարգեր և ճշտվեցին ներպետական մարմինների միջև փոխ հարաբերությունները: Իսկ 2007-2008թթ. հետո սկսեց հաջորդ՝ զարգացման փուլը: Այդ փուլն առ այսօր շարունակվում է: 

 

Զարգացման փուլը բնորոշվեց տնտեսական զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմամբ և զարգացմամբ, վարկավորման գործիքի համատարած կիրառմամբ, զանազան հիմնադրամներով:

 

Անկախ նրանից, թե ինչքանով էր կիրառված վարկային քաղաքականությունը արդյունավետ, ինչքանով՝ ոչ, զարգացումը, առաջին տպավորությամբ, մեզ մոտ ընկալվեց միայն տնտեսական դիտանկյունից:  Բայց միայն դա   բավարարար  չէ զարգացում ապահովելու համար: Զարգացման համար նաեւ պիտի  քաղաքական համապատասխան համակարգ  լիներ, որ կարողանար այդ զարգացումն ընկալելի դարձնել՝ թե՛ քաղաքական տեսակետից, թե՛ պետական կառավարման տեսակետից: Այդ իմաստով՝ մեզ այսօր հույժ անհրաժեշտ է այնպիսի Սահմանադրություն, որը կկարողանա քաղաքական տեսակետից մեր  համակարգը տանել զարգացման փուլից դեպի պատասխանտվության փուլ: Իսկ պատասխանատվության փուլը ակնկալում է  աշխատանքի համապատասխան բաժանում,  տարանջատում՝ բոլոր մակարդակներում:

 

Երկրորդ հիմնավորումն այն է, որ  ներկա պետական համակարգն Արցախում ստեղծել է բավականին  կենտրոնաձիգ, գերկենտրոնացված վիճակ, որի պատճառով  ժողովրդի մասնակվցությունը կառավարման համակարգում սկսում է նվազել:  Այդ կենտրոնացվածությունը պետք է տրոհվի, որի համար արդյունավետ կարող է լինել սահմանադրական փոփոխությունների կիրառումը եւ պատասխանատվության հանձնառությունը կուսակցությունների, անհատների, բոլորի կողմից: Դա կառավարման համակարգում կբերի նոր շունչ, նոր մտքեր ու մոտեցումներ, ինչն էլ կտանի դեպի զարգացում:

 

Երրորդ՝  գաղտնիք չէ, որ մեր օրենսդրական դաշտը նույնն է ինչ-որ ՀՀ-ում, եւ եթե դրանք տարբեր լինեն,  ամեն ինչ կբարդացվի. չեն լինի սահուն փոխհարաբերություններ՝տնտեսական, իրավական եւ այլն:

 

Առ այդ, եթե ՀՀ-ում տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ, մեզ մոտ եւս  մեր մայր օրենքը ՀՀ-ի մայր օրենքի սկզբունքներին  համապատասխանեցնելու անհրաժեշտություն կառաջանա:

 

—  Որքանո՞վ է մեր ներքին քաղաքական դաշտը պատրաստ այդ փոփոխություններին:

 

— Նախ սկսեմ մեր կուսկացությունից. մենք կոլեկտիվ որոշում կայացնող կուսկացություն ենք, դա բխում է մեր Կանոնագրից և ավանդույթներից, որը լիովին բնորոշ ու համահունչ է խորհրդարանական կառվարման համակարգին: Հակառակ պատկերն է այն կուսկացություններում, երբ անհատի շուրջն է ամեն բան կենտրոնացված:  

 

Այդ կուսակցություններում նախ ներքին փոփխություններ պիտի տեղի ունենան, որպեսզի խորհրդարանական համակարգը ընկալելի լինի նրանց համար:Այն կուսկացությունները, այն համակարգերը, որոնք անհատների շուրջ են կենտրոնացված, հիմնական պատախանատվությունը ևս մեկ հոգու վրա է կենտրոնացված: Իմ կարծիքով՝ ամենից առաջ պետք է կոլեկտիվ աշխատելու մոտեցումը կիրառվի մյուս կուսկացություններում, որպեսզի Արցախի քաղաքական դաշտը պատրաստ լինի խորհրդարնական կառավարման համակարգին:

 

Պատասխանատվության բաժանում է անհրաժեշտ եւ պատրաստ մարդիկ, ովքեր կստանձնեն այդ պատասխանտվությունը: Հիմա, դժբախտաբար, մեր երկրի գերկենտրոնացված համակարգը դա թույլ չի տալիս՝ պատասխանատվությունները կենտրոնացնելով միայն բարձրագույն իշխանության վրա: Իսկ սահմանադրական փոփոխությունները պետք է ապահովեն, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա  պատասխանատվություն կրի և դերակատարություն ունենա երկրի ղեկավարման մեջ:

1