Արմեն Սարգսյանը մասնակցել է Ամստերդամում տեղի ունեցած «Չճանաչված երկրներ. ո՞րն է լուծումը» գիտաժողովին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արմեն Սարգսյանը մասնակցել է Ամստերդամում տեղի ունեցած «Չճանաչված երկրներ. ո՞րն է լուծումը» գիտաժողովին

Արմեն Սարգսյանը մասնակցել է Ամստերդամում տեղի ունեցած «Չճանաչված երկրներ. ո՞րն է լուծումը» գիտաժողովին

Նոյեմբերի 7-ին Ամստերդամի Ազատ համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Չճանաչված երկրներ. ո՞րն է լուծումը» անվանումով: Գիտաժողովը կազմակերպել էր ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը: Դասախոսելու համար հրավիրվել էին համլսարանների դասախոսներ, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Հարի Վան Բոմելը և ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը:

 

Նախօրեին Ադրբեջանի դեսպանությունը մեծ հակաքարոզչություն էր ծավալել գիտաժողովի դեմ և կառավարությանն ու խորհրդարանին սպառնալից բողոքներ էր ուղարկել՝ Նիդերլանդների պատգամավորի մասնակցությունը խոչընդոտելու առիթով: Այս քայլը հակառակ արդյունքն ունեցավ Ադրբեջանի համար և գիտաժողովը մեծ ճանաչում ստացավ այս աննախադեպ գործողության պատճառով: Խորհրդարանը և կառավարությունը խստորեն դատապարտեցին Ադրբեջանի դեսպանի գործողությունները՝ այն որակելով որպես խոսքի ազատության հանդեպ բռնության փորձ:

 

Մոտ հարյուր մարդ տեղավորող դահլիճը լեփ-լեցուն էր, և հետաքրքրվողները եկել էին երկրի բոլոր ծայրերից: Ելույթների շարքը բացեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի անդամ Գևորգ Կարապետյանը: Նա խոսեց Ադրբեջանի՝ վերջին շրջանի սանձարձակ գործողությունների մասին:

 

Հաջորդ ելույթ ունեցողը համալսարանի ժողովրդագրության բաժնի դասախոս տիկին Կոմպանյենն էր, ով ներկայացրեց Արցախի հակամարտության գիտական վերլուծությունը  և խոսեց Կովկասի հարավում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակի մասին: Հարի Վան Բոմելը երրորդ դասախոսն էր, որն առաջին հերթին պատմեց իր տպավորությունների մասին՝ ամռանը Արցախ կատարած այցելության վերաբերյալ: Ականատեսի աչալուրջ աչքով նա կարճ ժամանակահատվածում ուսումնասիրել էր Արցախը և ուրույն պատկեր ներկայացրեց: Խնդիրը չափազանց բարդ համարելով նա համոզմունք հայտնեց, որ բավարար ջանքերի և կամքի շնորհիվ հնարավոր է գտնել դեպի կայուն խաղաղություն տանող ճանապարհը:

 

Արմեն Սարգսյանը ներկայացրեց  Արցախի ներկա իրավիճակը. նրա կարծիքով՝ ամենակարճ ճանապարհը Արցախի հակամարտության լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է:

 

Բոլոր ելույթ ունեցողներին հարցեր տրվեցին: Երեկոն եզրափակեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:

 

Շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին, հատկապես Հարի Վան Բոմելին՝ Արցախ կատարած այցելության համար, նա նշեց, որ բոլոր օղակներում և մակարդակներով պետք է լուծումներ գտնելու փորձեր արվեն: Նա ափսոսանք հայտնեց, որ Ադրբեջանական սփյուռքի որևէ ներկայացուցիչ  չմասնակցեց այս գիտաժողովին՝ բաց թողնելով երկխոսություն սկսելու լավագույն առիթը :

 

Ընդհանուր առմամբ, գիտաժողովը դիտվեց չափազանց հաջողված, քանի որ հատկապես երիտասարդ սերնդի հետաքրքրությունը և մասնակցությունը գերազանց էր:

 

Հայ Դատի Նիդերլանդների հանձնախումբը  շարունակելու է իր աշխատանքները Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

 

 

1