Մեկնարկեց ՀՕՄ-ի համահայկական պատգամավորական 71-րդ ժողովը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մեկնարկեց ՀՕՄ-ի համահայկական պատգամավորական 71-րդ ժողովը

Մեկնարկեց ՀՕՄ-ի համահայկական պատգամավորական 71-րդ ժողովը

Հոկտեմբերի 4-9-ը Երևանում անցկացվում է Հայ օգնության միութեան  (ՀՕՄ) 71-րդ համահայկական պատգամաւորական ժողովը, որին մասնակցում են կառույցի 25 երկրներից ընտրված պատգամավորներ, ինչպես նաև հյուրեր, դիտորդներ:

 

Ժողովի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին Double Tree by Hilton հյուրանոցում:

 

 Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՅԴ բյուրոյի անդամ Հակոբ  Տեր Խաչատրյանը, ՀՕՄ-ի կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանը, ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության փոխատենապետուհի Ժենիկ Պարսամյանը:

 

ՀՀ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայ օգնության միության համահայկական 71-րդ պատգամավորական ժողովի մասնակիցներին:Ուրախալի է, որ կառույցի անդրանիկ պատգամավորական ժողովից 100-տարի անց՝ խորհրդանշական այս տարում համախմբվել եք Մայր Հայրենիքում` գնահատելու վերջին 4 տարիների կառույցի Կենտրոնական վարչության բեղմնավոր աշխատանքը և նախանշելու հետագա անելիքները:

 

 Հատկանշական է, որ հերթական համակայակական կառույցն իր համաժողովը Հայրենիքում է գումարում: Հայ օգնության միությունը 105 տարվա պատմություն ունի, բայց հավերժ երիտասարդ է: Որպես համահայկական մարդասիրական միություն՝ ՀՕՄ-ն ի սկզբանե ծառայել է հայ ժողովրդի նյութական, սոցիալական ու մշակութային կարիքներին: Այն վեր է ածվել  քաղաքական ուժի` միջազգային զարգացումներում ի շահ հայ ժողովրդի ունենալով իր առանձնահատուկ մասնակցությունը:

 

Հայ մոր, հայ կնոջ, զինվոր դաստիարակողի, ազգի զավակ կրթողի բարձր գիտակցությամբ ու զգացողությամբ, գորովանքով ու գուրգուրանքով, հիացնող նվիրումով եք վերաբերում աշխարհասփյուռ հայ երիտասարդ սերունդներին՝ Հայրենիքի սիրով տոգորելու, հայրենիքին կապելու կենսական ձեռնարկներին:

 

Փառք ու պատիվ Ձեզ,  հա՛յ մայրեր, որ հայ եք պահում ձեր զավակներին, հա՛յ կանայք, որ ամուր եք պահում հայ ընտանիքի սյուները, որ ձեր բարոյական ու նյութական ծառայություններով, ձեր անմնացորդ նվիրումով կյանքի եք կոչում հայանպաստ բազում ծրագրեր: Այսօր առավել ևս կարևորվում է պետության և համահայկական կառույցների համագործակցությունը` միասնական ճիգերով զորավիգ լինելու մեր ժողովրդի առջև ծառացած համահայկական հնչեղության խնդիրների լուծումը»:

 

 Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու և Հայ օգնության միությունում երկարամյա ազգանվեր գործունեության համար ՀՀ սփյուռքի նախարարը ՀՕՄ-ի կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանին պարգևատրեց նախարարության պատվոգրով:

 

Կարևորելով Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումը՝ Հայրենիք–Սփյուռք գործակցությունում մշակութային, կրթական, սոցիալական, առողջապահական և քարոզչական ծրագրերի իրականացումը ՀՀ սփյուռքի նախարարության և Հայ օգնության միության (ՀՕՄ) միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

 

Հանդիսության ժամանակ ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունն իր «Արարատ» մրցանակը շնորհվեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի  ղեկավար Էլենի Թեոխարուսին՝ Արցախի հերոսամարտի տարիներին իր մարդասիրական և բժշկական օժանդակության, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանում Հայաստանին հուզող  հարցերի բարձրացման, Արցախի ժողովրդի արդար պահանջները եվրոպական ատյաններում ներկայացնելու և պաշտպանելու համար:

1