Մեր անվտանգության երաշխավորը ոչ թե ՀԱՊԿ–ն է, այլ մեր հավաքական ուժը.Արթուր Աղաբեկյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Մեր անվտանգության երաշխավորը ոչ թե ՀԱՊԿ–ն է, այլ մեր հավաքական ուժը.Արթուր Աղաբեկյան

Մեր անվտանգության երաշխավորը ոչ թե ՀԱՊԿ–ն է, այլ մեր հավաքական ուժը.Արթուր Աղաբեկյան

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Tert.am–ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորը ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ մեր հավաքական ուժը: Ինչպես և ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Արթուր Աղաբեկյանը ևս դժգոհ է, որ մեր սահմանին կատարվող իրադարձությունների կապակցությամբ ՀԱՊԿ-ն որևէ հայտարարություն չի անում:

 

Պարո՛ն Աղաբեկյան, ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը դժգոհել էր, որ անշուշտ, ցանկալի կլիներ, որ ՀԱՊԿ անդամ երկրները Ադրբեջանի հարձակումների առնչությամբ ավելի ակտիվ լինեին, մինչդեռ, մեջբերում ենք, «առայժմ, ցավոք, լուրջ արձագանք չկա»: Կիսու՞մ եք այդ կարծիքը:

 

– Գլխավոր շտաբի պետը շատ ճիշտ ձևակերպում է տվել: Մի բան է, երբ հասարակական կարծիք է ձևավորվում, որ Հայաստանի դեմ ագրեսիայի հաջորդ օրն իսկ ՀԱՊԿ-ի ուժերը պետք է իրենց վրա վերցնեն Հայաստանի ռազմական անվտանգության խնդիրը, բայց մյուս կողմից, անգամ որպես ռազմաքաղաքական դաշինք, ՀԱՊԿ-ը պարտավոր է իր գնահատականը տալ այն ամենին, ինչն այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության սահմաններում: Եվ այս առումով, իսկապես իրավացի է ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետը:

 

– Նաև վերջին շրջանում ռուս փորձագիտական շրջանակների կողմից նշվելով, թե կազմակերպությունն իր դերը կկատարի հայկական զինուժի պաշտպանողունակությունը բավարար մակարդակի հասցնելու գործում, նաև ընդգծվեց, որ Հայաստանի ռազմական դոկտրինում գրված է, որ «Հայաստանի Հանրապետությունը արտաքին ագրեսիայի` հարձակման դեպքում նախևառաջ, պետք է անսա սեփական ուժերի վրա»: Իրո՞ք այդպես է նախատեսված, որովհետև մինչև հիմա ասում էին, այ, որ Հայաստանի վրա հարձակվեն, նոր, հիմա պարզվում է, որ մեջբերվում է մեր դոկտրինը:

 

– Մեր դոկտրինը մշակվել է ճիշտ ժամանակին և մեր դոկտրինը վերջնական տեսքով` որպես ռազմավարական փաստաթուղթ ներկայացվել է հենց այն շրջանում, երբ արդեն տեսանելի էին մեր ոչ բարեկամ հարևանների գործողությունները: Այդ առումով, մեր դոկրտինն արտացոլում է այն տրամադրությունը, որ պետք է ապավինենք մեր ուժին, իսկ եթե ՀԱՊԿ անդամ պետությունների փորձագետները հղում են անում մեր դոկտրինին, կարծում եմ` նրանք այդ հղումը անելուց նաև պետք է իրենց կարծիքը հայտնեն ՀԱՊԿ-ի գործողությունների ու դիրքորոշման վերաբերյալ:

 

-Այս ամենից կարելի՞ է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ը, որպես անվտանգության համակարգ, կորցրել է իր ֆունկցիոնալ նշանակությունը:

 

-Ես այդպիսի ձևակերպում չէի անի, թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական կառույցներ են: Իսկ ռազմաքաղաքական կառույցներում ձեռք բերված համաձայնությունները գործում են միայն փոխադարձ շահի առկայության պայմաններում և այդ առումով` չի կարելի ՀԱՊԿ-ը դիտարկել մեր երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավորը: Այ, երբ մեր հասարակությունը, քաղաքական գործիչները, մեր իշխանությունը, միայն ու միայն բարձրաձայնենք, որ թիվ մեկ երաշխավորը մենք ենք, մեր հավաքական ուժն է, ապա թե՛ ՀԱՊԿ-ն իր հստակ տեղը կունենա մեր հասարակության մեջ, թե՛ ՆԱՏՕ-ն, թե՛ երկկողմ միջպետական համաձայնագրերը, որոնք մեր կյանքում ֆիքսել ենք անկախության տարիներից ի վեր:

1