Արցախը հայի իրավատեր լինելու համոզմունքն է. Սեւակ Պողոսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Արցախը հայի իրավատեր լինելու համոզմունքն է. Սեւակ Պողոսյան

Արցախը հայի իրավատեր լինելու համոզմունքն է. Սեւակ Պողոսյան

<<Երբեմն Արցախում փնտրում եմ Սիրիան, մարդկանց մեջ փորձում եմ գտնել հարազատ դեմքեր՝ հուսալով, որ գոնե այդպես կառնեմ կարոտս: Բայց փնտրում եմ նաև Ամբողջական Հայաստանը, որին հոր սիրով եմ սիրում: Եվ գիտեմ, որ փնտրածս երազանքը կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, երբ Հայաստանն ու Արցախը լինեն հզոր: Երբ ամեն հայ իր ներդրումն ունենա հզոր հայրենիքի կերտման գործում>>,- ասում է Սիրիայից Արցախ տեղափոխված Սեւակ Պողոսյանը:

 

Սևակ Պողոսյանը ծնվել է Սիրիայում: Հայկական դպրոցն ավարտելուց հետո ընտրել է իրավա-տնտեսագիտական մասնագիտությունը: Պատանեկան տարիքից եղել է ՀՅԴ պատանեկան միության անդամ, հետագայում՝ անդամագրվել կուսակցության շարքերին: Եղել է Սիրիայի Հայկական ազգային դպրոցի տնօրեն, հայկական հիվանդանոց-ծերանոցի տնօրեն, համայնքապետի ներկայացուցիչ: Մեծ դերակատարություն է ունեցել շրջանի ազգային-մշակութային աշխատանքներում, ինչպես  նաև հայապահպանմանն ուղղված  աշխատանքներին:

 

Սևակի պապերն արմատներով Սասուն գավառի Ընկույզավան գյուղից են: Գյուղի 1500 բնակչից փրկվել էին միայն 3 հոգի՝  Սևակի նախապապը, նրա քույրն ու եղբայրը, ովքեր փրկվել և ապաստան են գտել Սիրիայի Հալեպ քաղաքում: <<Շատ հայերի համար Սիրիան դարձել է և՛ ծննդավայր, և՛ հայրենիք` այն իմաստով, որ ցեղասպանությունից փրկված հայերին սիրիացիներն ընդունեցին և ապաստան տվեցին: Հայն այնտեղ հնարավորություն ունեցավ արժանավայել ապրելու, վայելելու իր աշխատանքի վաստակը>>,- նշում է Սևակը: Պապերի երկիրը տեսնելու և ընտանիքի հետքերով գնալու նպատակով Սևակը հորեղբոր հետ այցելել էր Արևտյան Հայաստան:

 

<<Գիտես, որ այդ հողերը քո սեփականությունն են և դրանից իրավազրկված ես: Այդ զգացումն է, որ մարդու մեջ արթնացնում է վրեժխնդրություն և պահանաջատիրություն, ինչն ավելի շատ է կապում քեզ քո հայրենիքին: Հայրենիքը ուժ և համբերություն է տալիս մեզ,- ասում է Սևակը,- մինչև Սիրիայում իրավիճակի սրումը մտածել եմ հայրենիք տեղափոխվելու մասին: Իմ մեջ միշտ արթուն էր դեպի Հայաստան կանչը>>: Մանկության հիշողություններում տպավորված է տան պատից կախված Արարատ լեռան նկարը: Այդ նկարը միշտ նրանց աչքերի առջև էր: Ծնողների դաստիարակությունը և ավարտ չունեցող խոսակցություննները հայրենիքի, պապերի մասին՝ անդադար էին:

 

<<Ազգայինի նկատմամբ սերը միշտ վառ էր մեր օջախում, որը հորդորում և ստիպում է՝ միշտ կառչած մնալ քո իրավունքին, պահանջատիրությանը և հայրենիքին: Չասված, չարտահայտված զգացմունքներս, տարիներով պահած սիրո նշույլը բերեց ինձ Արցախ…>>: 2001 թվականին ՀՅ Դաշնակցությունը Հալեպում կազմակերպել էր <<Դեպի երկիրը` կարգախոսի եւ իրագործման միջեւ>> խորագրով  երիտասարդական խորհրդաժողով, որտեղ Սևակը ծանոթացել է Արցախի ՀՅԴ Երիտասարդականից մասնակից Հասմիկ Շինդյանի հետ: Հանդիպումը եղավ ճակատագրական և հետագայում հանդիսացավ Սևակի՝ հայրենիքում հաստատվելու հիմնական դրդապատճառներից մեկը: <<Ինձ համար տարբերություն չուներ Հայաստանում կամ Արցախում հաստատվելը: Բայց Արցախը յուրահատուկ  է: Արցախն ու Արցախի ժողովուրդն ինձ համար հարգանքի մեծ բաժին ունեն… Արցախը հայի իրավազրկության հակառակ պոռթկումն է, իրավատեր լինելու համոզմունքը: Հաղթական լինելու ներշնչողն է: Բարիության, ուժի, արդարության և իրավատերի զգացումը, հոգեկան բարոյականության գագաթնակետն է Արցախը…>>,-ասում է Սևակը:

 

12092663_926604214086201_1875108057_n

 

Մինչ Սիրիայի դեպքերն էր Սեւակը որոշել տեղափոխվել հայրենիք: 2011 թվականին ամուսնացել և հաստատվել է Արցախում: Սևակն ու Հասմիկն այսօր ապրում են Շուշիում: <<Շուշիում տուն ունենալը մեզ համար մեծ ուրախություն էր, որ վերջապես մեր օջախն ունեցանք,- պատմում  է Սևակը,- Շուշին երբեմն տխուր է, երբեմն էլ շատ ուժեղ… Ուզում եմ տեսնել Շուշին ծաղկուն, եւ այդ գործում յուրաքանչյուրս պետք է մեր ներդրումն ունենանք: Դեռ 2005-ին, երբ առաջին անգամ այցելեցի Շուշի, զգացի հպարտության և հաղթական լինելու զգացումը: Չկարողացա իմ զգացմունքներն ու հույզերը պահել: Շուշին միշտ կմնա իր հզորության և գեղեցկության մեջ: Իսկ ժողովուրդը, հուսամ, կկարողանա  ապրել արժանավայել>>: Սևակն ու Հասմիկը մեկ զավակ ունեն՝ Անդրանիկը: Սևաչյա փոքրիկ Անդրանիկը հաճախում է մանկապարտեզ: Իր և ընտանիքի ապագան Սևակը տեսնում է հայրենիքում: <<Որդուս համար առանցքը հայրենիքն է. ուր որ էլ փորձի գնալ, բախտավորվել և հաջողության հասնել՝ ուժ տվողը, մեկ է, հայրենիքն է: Ի վերջո, ամեն մի հայի ապագան հայրենիքում է: Պետք է արժեքներդ կարողանաս ծառայեցնել հայրենիքիդ և հզորացնել այն>>,- մեծ համոզմունքով ասում է Սևակը:

 

12086988_926604264086196_52653983_n

 

Սեւակը կարոտով է հիշում Հալեպը, քանզի այնտեղ ծնված ու մեծացած հայի համար դա երկրորդ հայրենիք է, մի վայր, որտեղ հայը ստացել է սեր եւ ջերմություն: <<Սիրիայի այսօրվա պատկերը դաժան է և, ցավոք, հույս տվող նշույլներ չկան: Մարդիկ միայն քաղաքականություն են վարում, և այդքան իրարամերժ քաղաքականության մեջ որքանով կկարողանաս ապաստան գտնել և պաշտպանվել այնտեղ մնալով՝ հարց է- ասում է Սևակը,- ոչ ոք այլևս չպետք է տուժի: Հայը պետք է տեղափոխվի, վերադառնա հայրենիք: Փառք Աստծո, այսօր ունենք Ազատ, Անկախ Հայաստան և Արցախ: Այդ գաղափարը մեզ համար երազանք էր, ինչն իրականություն դարձավ: Ինչո՞ւ այսօր այդ իրականությունը չվայելենք,  ինչո՞ւ զրկենք մեր զավակներին հայրենիքում մեծանալու հնարավորությունից>>:  Սևակի հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, մինչ օրս Սիրիայում է, և Հալեպի Կրթասիրաց մշակութային միության <Ս.Չեմբերջյան> երկրորդական վարժարանի տնօրենն է: Անդրանիկ Պողոսյանը երկու անգամ այցելել է Արցախ: <<Սիրիա վերադարձավ` ինձ ու որդուս ասելով, որ Արցախում մեկ թոռնիկ ու զավակ ունեմ, իսկ Հալեպում 500. չեմ կարող թողնել իրենց… Այս խոսքերը հորս` Հալեպ վերադառնալու հիմնական պատճառը եղան,-պատմում է Սևակը,- ես չէի կարող արգելք դառնալ, միայն մաղթեցի հաջողություն…>>:

 

12042251_926604227419533_2050071906_n

 

Այսօր Հալեպում, այդ դժվար ու վտանգավոր պայմաններով հանդերձ, ազգային դպրոցները շարունակում են գործել՝ հույսի նշույլներ տալով Սիրիայում ապրող հայերին: <<Սիրիայում մնացողների տարած աշխատանքը հերոսական և շատ դժվար որոշում է: Աստված թող իր աջը նրանց վրա պահի: Այսօր դժվար է հայկական գաղութը թողնել և գնալ այնտեղից: Այդ գաղութը քրտինք պահանջելով է ստեղծվել, բայց կա իրականություն, որ պետք չէ մոռանանք: Ինչքան էլ որպես հայ ապրում ես Սփյուռքում, ինչքան էլ հայրենիքից հեռու ես, այնքան մատնված ես ձուլման վտանգին և քո առջև ծառացած տարբեր դժվարություններին… Ժամանակին մենք ունեինք այնտեղ կալվածքներ, հողատարածքներ, որոնք այսօր արդեն ոչ իշխանական ուժերի ձեռքերում են, բայց մենք, ստեղծելով դրանք, միշտ   ունեինք մեր հայրենիքը անկախ տեսնելու երազանքը: Ապրել ենք այն հույսով, որ մի օր պետք է տեղափոխվենք Հայրենիք և կերտենք մեր ապագան Հայաստանում…>>,-ասում է նա: Սևակն ունի երկու եղբայր: Մինչև Սիրիայի պատերազմը սկսելը` երեք եղբայրներն էլ աշխատանքի բերումով հաստատվեցին տարբեր երկրներում, սակայն ամեն ամառ նրանք հավաքվում են հայրենիքում: Սևակն արդեն հայրենիքում է և հավատում է իր եղբայրների ու իր նման շատ-շատերի վերադարձին, որովհետև ամեն մի վերադարձ ճանապարհ է հարթում դեպի այն Հայրենիք, որը դեռ պիտի գա…

Լուսինե Թևոսյան

1