Կայացավ ԼՂՀ ԱԺ հերթական նիստը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Կայացավ ԼՂՀ ԱԺ հերթական նիստը

Կայացավ ԼՂՀ ԱԺ հերթական նիստը

Սեպտեմբերի 30-ին ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման երկրորդ նստաշրջանի առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել  ‹‹Շահութահարկի մասին ›› ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

 

Օրենքի նախագիծը առաջարկում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից պարտապան զինծառայողների  վարկերի եւ դեբյուտորական պարտքերի գծով հաշվեգրված եւ չվճարված տոկոսները, տույժերը ու տուգանքները կամ դրանց մի մասը զիջելու կամ ներելու  դեպքում այդ գումարների չափով նվազեցնել հարկվող շահույթը : Գործող օրենսդրության համաձայն` բանկերը եւ վարկային կազմակերպությունները վարկերի նկատմամբ հաշվարկված տոկոսների տույժերի եւ տուգանքների զիջման կամ ներման դեպքում չստացված գումարների դիմաց կրում են շահույթահարկի գծով պարտավորություն , ինչը խոչընդոտ է հանդիսանում վերջիններիս կողմից պարտապան անձանց  նկատմամբ նման արտոնություններ կիրառելու:

 

Խոսքը 70-80 մլն ընդհանուր զիջման ենթակա պարտավորությունների մասին է:

 

ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ողջունելով  նախաձեռնությունը, հարց ուղղեց, թե   նկատի առնելով երկրում տնտեսական վիճակը եւ սոցիալական տարբեր խավերի առկայությունը՝ արդյոք այս  օրենքի ընդունումով տարբեր խավերի նկատմամբ հավասարության սկբունքը չի՞ խախտվի:

 

ԼՂՀ ֆինանսների նախարարի  տեղակալ Արթուր Հարությունյանը  պարզաբանեց, որ օրենքի ընդունումը ոչ թե պարտադրում է բանկերին նման արտոնություններ կիրառել, այլ, կիրառելու դեպքում, արտոնություններից օգտվել: Այսինքն, եթե բանկերի կողմից ցանկություն հայտնվի մնացած խավերին արտոնություններ սահմանելու, այսնիքն զիջելու կամ ներելու, այդ դեպքում կարող է քննարկվել նաեւ մյուս խավերին արտոնություններ սահմանել:  

 

ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը նշեց, որ երբ 1998թ. ԼՂՀ-ում  կատարվել է հողի սեփականաշնորհում, սեփականաշնորհված հողի դիմաց  գյուղացիները վճարում էին սոցվճարներ, որոնք ամրագրվում և համարվում էին համապատասխան աշխատանքային փորձ:

 

2004թ.-ից կատարվեց օրենքի փոփոխություն և մտցվեցին եկամտահարկն ու սոցվճարները:

 

Այս մտահոգությունն առկա է ԼՂՀ համարյա բոլոր գյուղական համայնքներում: Նա կառավարությանը հարց ուղղեց, թե արդյո՞ք  քայլեր են ձեռնարկվում  այս հարցին լուծում տալու համար:

 

Աշխատանքի եւ սոցալական ապահովության նախարար Սամվել Ավանեսյանը նշեց, որ հարցին լուծում կտրվի ընդհանուր բարեփոխումների շրջանակում:

 

<<Դաշնակցություն>>  խմբակցության անդամ Ռիտա Մնացականյանն իր մտահոգությունը հայտնեց  այն հարցի վերաբերյալ, որ Արցախի դպրոցներում առանձին չեն ուսումնասիրում Արցախի պատմություն առարկան :

 

‹‹Այսօր արցախցի աշակերտը տեղյակ չէ իր պատմությունից: Հնարավոր չէ՞ արդյոք գոնե շաբաթական մեկ  դասաժամ հատկացնել Արցախի պատմություն դասավանդելու համար››,- հարց ուղղեց Ռիտա Մնացականյանը:

 

Հարցին ի պատասխան ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը պատասխանեց, որ, դպրոցներում առանձին թեմաներով ուսուցանվում է Արցախի պատմություն, սակայն չեն կարող զատել հայոց պատմություն առարկայից՝ նաեւ հաշվի առնելով դպրոցական ծրագրի հագեցվածությունը:

 

  ԼՂՀ  պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ԱԺ-ում, պատասխանելով սահմանային լարվածության վերաբերյալ  հարցին, նշել է, որ ՊԲ-ը վերահսկում է իրավիճակը և կատարում պատժիչ գործողություններ՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի: Արդյունքում՝ Ադրբեջանն ունի 11-12 զոհ, որոնց անունները ճշգրտված են ՊԲ կողմից, և մոտ նույնքան զոհ, որոնց անունները ճշգրտման փուլում են: Բացի դրանից, իրենց հոսպիտալներում այս պահի դրությամբ 60-80 վիրավոր կա: <<Իմ տեղեկություններով՝ բացի մարդկային կորուստներից, ադրբեջանցիները կրել են նաև նյութական զգալի կորուստներ, քանի որ մի քանի հենակետեր և զորանոցներ են ոչնչացվել մեր կողմից՝ իրենց զինտեխնիկայով հանդերձ: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Տավուշի բնակիչների և ԼՂՀ  զինվորների վրա հարձակումները Բաքուն չի մարսել»:

1