ՀԱՊԿ-ը պետք է Ադրբեջանին ուղղված առնվազն զսպող հայտարարություն աներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ՀԱՊԿ-ը պետք է Ադրբեջանին ուղղված առնվազն զսպող հայտարարություն աներ

ՀԱՊԿ-ը պետք է Ադրբեջանին ուղղված առնվազն զսպող հայտարարություն աներ

Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

 

– Պարոն Վարդանյան, Տավուշի կողմից հայկական սահմանի նկատմամբ Ադրբեջանի զինուժի հարձակումներն ի՞նչ են նշանակում: Այս անգամ ինչո՞ւ այդ երկիրը նման քայլի գնաց:

 

– Նախ պետք է ցավակցել զոհվածների, խաղաղ բնակիչների հարազատներին: Սա, իսկապես, բացառիկ դեպք է, երբ խաղաղ բնակիչների շրջանում երեք զոհ ենք ունենում: Տարօրինակ զուգադիպությամբ յուրաքանչյուր անգամ, երբ բարձրաստիճան հանդիպումներ են նախատեսվում, Ադրբեջանը նման գործողությունների է դիմում: Ինչպես հայտնի է, Նյու Յորքում երկու երկրների նախարարները պետք է հանդիպեին: Սա արդեն Ադրբեջանի մոտ սովորություն է դարձել: Իհարկե, հարձակումը Հայաստանի սահմանի վրա է, և սա շատ վտանգավոր հեռանկար կարող է ունենալ: Բայց, կարծում եմ, միակ զսպող ուժը մեր բանակի գործողությունները պետք է լինեն՝ համարժեք և շատ ավելի ծանր հարվածներ հասցնել ադրբեջանցիներին:

 

– Համարժեք չե՞ն մեր բանակի հակահարձակումները:

 

– Մենք, ցավոք, չենք տիրապետում ամբողջական տեղեկատվությանը, թե ինչ գործողություններ են տեղի ունենում: Բայց առնվազն եղած հայտարարությունների մակարդակով՝ հորդորը, թե ադրբեջանական գյուղերն ու խաղաղ բնակիչները չդառնան վահան իրենց բանակի համար, սա, կարծում եմ, խիստ զգուշացում է: Նաև որոշ հայտարարություններ եղան Արտաքին գործերի նախարարության կողմից, արտգործնախարարի զրույցը Մինսկի խմբի համանախագահողների հետ և այլն: Բայց սրանք, ի վերջո, կարող են արդյունք տալ երկու պարագայում: Նախ՝ եթե միջազգային հանրությունն ու առաջին հերթին համանախագահող երկրները ցանկանան կատարվածին տալ միասնական գնահատական: Ես վստահ եմ, որ եթե լինի այդ ցանկությունը, նրանք ունեն բոլոր ռեսուրսներն ու կարողությունը, որպեսզի զսպեն Ադրբեջանի նման նախահարձակ քայլերը:

 

– Դուք չե՞ք տեսնում այդ ցանկությունը:

 

– Այն մակարդակով, այն մասշտաբով, որ իսկապես զսպեն Ադրբեջանին, ես չեմ տեսնում: Կային համանախագահողների հայտարարությունները, դարձյալ կոչեր կողմերին՝ առանց հստակ գնահատական տալու: Երկրորդը և ամենահիմնականը մեր բանակն է, մենք ուրիշ պաշտպանվելու հնարավորություն չունենք: Կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից այդ հարձակումը նաև ՀԱՊԿ-ի խնդիրն է: ՀԱՊԿ-ի կողմից առնվազն դատապարտող հայտարարություններ պետք է լինեին, բայց այդ հարձակումներից արդեն երկու օր է անցել, բայց դեռ չկան:

 

– Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանը՝ ոչ: Ադրբեջանը, փաստորեն, հարձակում է գործադրում ՀԱՊԿ սահմանի վրա, բայց այդ կառույցը գոնե որևէ դատապարտող հայտարարություն չի անում:

 

– Այն մեխանիզմները, որոնք դրված են այդ համաձայնագրերի հիմքում, թերևս ենթադրում են, որ Հայաստանը պետք է դիմի ՀԱՊԿ-ին օգնության կամ հորդորով, թե ինչ է կատարվում: Ես չգիտեմ՝ ՀՀ իշխանությունները նման քայլ անելու անհրաժեշտություն տեսնում են, թե ոչ, ես չեմ էլ ուզում ամեն մի դեպքից հետո նման դիմումով հանդես գալ: Կարևորն այն է, որ ինքներս կարողանանք մեզ պաշտպանել: Բայց առնվազն հայտարարությունների մակարդակով, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը՝ որպես կառույց, պետք է այս միջադեպերի վերաբերյալ հնչեցնի իր գնահատականը:

 

– ՀԱՊԿ խաղաղարար ուժերի կենտրոն ստեղծելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, Ձեր կարծիքով, ի՞նչ էր նշանակում կամ ի՞նչ էր ենթադրում:

 

– Եթե դա գործող կառույց է և կոչված է իր նպատակների հետապնդմանը, այդտեղ որևէ արտառոց կամ անհարմար բան չեմ տեսնում: ՀԱՊԿ անդամ երկրներում կարող են լինել նման վերապատրաստման կենտրոններ, բայց եթե խոսքը վերաբերում է ռուսական խաղաղապահ ուժեր տեղադրելուն, ես կարծում եմ, առնվազն այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա: Մինչև այսօր մենք կարողացել ենք մեր սահմանները պաշտպանել, և վստահ եմ, որ առաջիկայում էլ կարողանալու ենք:

 

– Իսկ եթե ՀԱՊԿ-ը Ադրբեջանին զսպող որևէ հայտարարություն չի անում, դա նշանակում է, որ այդ կառույցը լիարժեք չի՞ գործում:

 

– Եկեք մի փոքր էլ սպասենք, շատ արագ գնահատականներ չտանք: Ես արդեն ասացի, կարծում եմ, որ նման պարագաներում ՀԱՊԿ-ը պետք է իր գնահատականը հնչեցնի: Եթե անգամ համանախագահների նման կարող են ասել, թե մենք չենք տիրապետում տեղեկություններին, կողմերը մեղադրում են միմյանց՝ ով է նախահարձակ եղել, ապա զսպող հայտարարություն, կոչ անպայման պետք է լիներ: Ընդ որում՝ այնպիսի կոչ, որ այն լսելի լինի կողմերի համար, թե նման սահմանային միջադեպերը, խաղաղ բնակչությանը զոհելը անթույլատրելի է:

 

– ՀԱՊԿ-ը ոչ միայն նման հայտարարություն չի անում, այլև ՀԱՊԿ-ում դոմինանտ երկիր հանդիսացող Ռուսաստանը մեծ քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին, որն էլ, չի բացառվում, դրանով կրակում է այդ կառույցի անդամ Հայաստանի վրա:

 

– Մենք միշտ ասել ենք, որ բացասական ենք գնահատում ռուսական հսկայածավալ զենքի մատակարարումը Ադրբեջանին: Եվ երբ կա այնպիսի հակամարտություն, որն ամեն վայրկյան կարող է պատերազմական փուլ մտնել, չի կարելի զենք վաճառել կողմերին: Ի վերջո, ՌԴ-ն նաև Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և նրա պարտականությունն է մյուս համանախագահողների հետ խաղաղ կարգավորման համար լուծումներ գտնելը: Իսկ զենքերի նման հսկայածավալ վաճառքը կարող է նոր հսկայական կորուստների առաջ կանգնեցնել:

 

– ՀԱՊԿ-ը Ադրբեջանի նկատմամբ հայտարարություն չի ընդունում հավանաբար այն պատճառո՞վ, որ այդ կառույցում այդ հարցի հետ կապված տարաձայնություններ կան: Չէ՞ որ Ղազախստանն ու Բելառուսը կարող են ընդդիմանալ դրան: Այդ երկրները սերտ հարաբերություններ և փոխադարձ շահեր ունեն Ադրբեջանի հետ:

 

– Եկեք միգուցեներով չառաջնորդվենք, մենք ունենք այն, ինչ ունենք: Եվ ասել բաներ, որոնց մասին չունենք ամբողջական տեղեկատվություն, դա էլ խնդիր է: Իհարկե, ՀԱՊԿ-ում կան տարբեր պետություններ, կան տարբեր շահեր, տարբեր մոտեցումներ: Եթե մենք չենք դիմել նրանց աջակցությանը, ուրեմն դրա համար պատճառներ ունենք: Բայց ՀԱՊԿ-ը իբրև կառույց, կրկնում եմ, պետք է անպայման կարողանա առնվազն զսպող հայտարարություն անել, եթե ուզում է գործոն կառույց համարվել:

1