Հայաստանը ԵԽԽՎ-ում Ուոլթերի զեկույցից լավ բան չի կարող սպասել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Հայաստանը ԵԽԽՎ-ում Ուոլթերի զեկույցից լավ բան չի կարող սպասել

Հայաստանը ԵԽԽՎ-ում Ուոլթերի զեկույցից լավ բան չի կարող սպասել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:

 

– Պարոն Ռուստամյան, Դուք Ստրասբուրգում եք, որտեղ երեկվանից մեկնարկել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է Բոբ Ուոլթերի հակահայկական զեկույցը: Հայկական պատվիրակությանն արդյոք հաջողվե՞լ է հակափաստարկներ բերել, ընդդիմանալ և այնպես անել, որ հետաձգվի զեկույցի հրապարակումը:

 

– Նախ զեկույցը՝ որպես այդպիսին, չի ներկայացվել, զեկուցողը ներկայացրել է ընթացքի հետ կապված իր գնահատականները, և բնականաբար մենք իրեն համապատասխան պատասխաններ ենք տվել, որովհետև փորձ էր անում մեղադրանք ներկայացնել հայկական կողմին, որ իբր խոչընդոտվում են իր այցելությունները, մենք այդ մեղադրանքը չենք ընդունել, որովհետև դա չի համապատասխանում իրականությանը, ասել ենք այն, ինչ ինքն էլ է նկատել. այն, որ հայկական հասարակության մեջ կա անվստահություն իր նկատմամբ. «Անկախ ձեր անձի նկատմամբ այդ անվստահությունից՝ մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում, և ամեն մարդ էլ կարող է Հայաստան այցելել, Հայաստանը բաց երկիր է՝ ի տարբերություն հարևան երկրների, որոնք սև ցուցակների պրակտիկա ունեն: Բայց եթե դուք ուզում եք զբաղվել Ղարաբաղի հարցով, բնականաբար պետք է համապատասխան պատշաճ կարգով դիմեք տեղի իշխանություններին և նրանց հետ պայմանավորվեք, և մեկը մյուսի հետ պետք չէ կապել, դուք կարող եք գալ Հայաստան, բայց եթե Ղարաբաղ չգնաք, ձեր զեկույցը ոչ մի արժեք չի ունենա»:

 

Բացի դրանից՝ նա փորձում էր ներկայացնել, որ իբր ինքը մտահոգ է այն իրավիճակով, որ այսօր գոյություն ունի սահմանին, և իր հիմնական նպատակը էսկալացիան, լարվածությունը կանգնեցնելն է: Բայց մենք ասացինք, որ ճիշտ հակառակն է: Ես ասացի. «Շատ բան ձեզ վրա մի՛ վերցրեք, դուք այն անձը չեք, որ էսկալացիա դադարեցնեք: Ընդհակառակը՝ ամեն անգամ ձեր Բաքու գնալուց հետո ավելի է լարվածությունն ուժեղանում: Ոմանց պետք է, որ լարվածությունը մեծանա, որ ձեր զեկույցի անհրաժեշտությունը երևա»:

 

Նա մեջբերումներ էր անում՝ ընտրովի հատվածներ, որոնք ձեռնտու են Ադրբեջանին, բայց մենք ասացինք. «Բարի եղեք կատարել ավելի լիարժեք մեջբերում: Մասնավորապես՝ վերջին հայտարարությունը նկատի ունեցե՛ք, որտեղ հստակ ասվում է, որ հենց Ադրբեջանը պետք է վերջապես ընդունի այն մեխանիզմը, որով առաջարկվում է վերահսկել հրադադարի խախտման դեպքերը: Եվ Ադրբեջանը շարունակաբար մինչև հիմա անընդհատ հրաժարվում է այդ մեխանիզմները որդեգրել: Հայաստանը, հայկական կողմերը պատրաստ են դա հենց այսօր էլ իրականացնել: Եթե մտածում եք, որ դուք պետք է այդ մեխանիզմներն ամրապնդեք, գնացե՛ք, խոսե՛ք Ադրբեջանի հետ, որովհետև այդ կողմն է, որ մերժում է: Սրա մասին դուք երբեք չեք խոսել, մինչև հիմա լռել եք ընդհանրապես էսկալացիայի մասին, որտեղ մարդիկ են զոհվում: Որպես զեկուցող դուք մտածում եք ձեր այցի մասին, մտածե՛ք, որ եթե ունեք հանգամանք, դա օգտագործեք հօգուտ այս գործընթացի, հօգուտ նրա, որ լարվածությունը մեղմվի, դրա հետ կապված մատը մատին չեք տվել»: Այսպիսի սուր խոսակցություն է եղել նրա հետ: Բայց բնական է, նա խնդիր ունի՝ կապված այն բանի հետ, որ նոյեմբերի սկզբին նրա ժամկետը ավարտվում է, և ամեն ինչ ուզում է անել, որ մինչև իր հեռանալը հասցնի զեկույցը գրել:

 

– Մինչև պաշտոնավարման ավարտը որքանո՞վ նրան կհաջողվի այդ զեկույցը հասցնել ԵԽԽՎ, և Ձեր կարծիքով՝ երաշխիքներ կա՞ն, որ նրան հաջորդած համազեկուցողը չի շարունակելու նրա հակահայկական գործելաոճը:

 

– Որևէ երաշխիք գոյություն չունի: Ընդհակառակը՝ այստեղ ադրբեջանական լոբբին այնքան մեծ է, որ մեր աշխատանքը նմանվում է միլի մեջլիսում աշխատանքին: Շատ մեծ ակնկալիք չունենք, որ եթե զեկուցողը փոխվի, դրանից բան կփոխվի: Նախ՝ վերնագիրն արդեն մեզ համար անընդունելի է և կանխորոշում է զեկույցի բովանդակությունը («Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և գրավյալ այլ տարածքներում»), բնականաբար հենց այդպիսի ձևակերպումով ու հաստատումներով զեկույցը չի կարող անաչառ լինել, ես վստահ եմ, որ ընդհանրապես Եվրոպայի խորհուրդը՝ այսօրվա մթնոլորտով, բացարձակապես այն միջավայրը չէ, որտեղ հնարավոր է ակնկալել ինչ-որ նորմալ զեկույց: Ես վստահ եմ, որ հայկական կողմը չպետք է թույլ տա, որ պրիմիտիվ մեղադրանքներ իր վրա բերեն, հիմնականում դա են ուզում անել, բայց մնացած բոլոր առումներով մենք որևէ լավ բան այդ զեկույցից չենք սպասել ու չենք էլ սպասում:

 

– Չե՞ք կարծում, որ ևս մեկ անգամ պետք է ԵԽԽՎ ղեկավարությանը բացատրել, հիշեցնել ԵԽԽՎ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի քննարկման աննպատակահարմարության մասին:

 

– Մենք միշտ էլ այդ մասին ասել ենք, իրենք էլ են դա շատ լավ հասկանում, բայց իրենք իրենց հաճախ հակասում են, ասում են, որ չենք ուզում անել մի բան, որը զուգահեռ է գնում Մինսկի խմբին կամ խանգարի Մինսկի խմբին, բայց ամեն ինչ անում են, որ ոչ միայն զուգահեռ գնա, այլ նաև խանգարի: Սա վկայում է այն մասին, որ իսկապես կան շահագրգիռ կողմեր՝ հանձին ադրբեջանա-թուրքական լոբբինգի, որ այս ամեն ինչը պարզապես տանում է օգտագործելու համար այս կառույցը իրենց նպատակների ուղղությամբ: Եվրոպայի խորհուրդը չունի այդ մանդատը և չունի այդ հնարավորությունը ընդհանրապես կարգավորելու: Նրա դերը մարդասիրական պետք է լինի, փորձի երկու կողմերի միջև ձևավորել վստահության մթնոլորտ, որի մասին միշտ ասել ենք, և պատրաստ ենք եղել այդպիսի ֆորմատներով աշխատել, բայց ոչ ավելին:

1