Հուշակոթող-սրբատեղի Բերդաձորում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հուշակոթող-սրբատեղի Բերդաձորում

Հուշակոթող-սրբատեղի Բերդաձորում

Արցախյան  գոյամարտում առանձնակի տեղ ունի Բերդաձորի ինքնապաշտպանությունը: Շուշիի այս ենթաշրջանը, որն ընկած է Հակարի գետի ձախակողմյան սարալանջերին, այն ժամանակ ուներ ընդամենը 4 հայկական փոքր գյուղ՝ ընդհանուր հազարի չհասնող բնակչությամբ՝ 4 կողմից շրջապատված ադրբեջանական բնակավայրերով: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, առաջացավ Բերդաձորի հայության պաշտպանության անհրաժեշտությունը, և ստեղծվեց Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդը(ԲԻԽ)` Անդրանիկ Հարությունյանի՝ Բերդաձորի Անդոյի նախագահությամբ: Մայր հայրենիքում և Արցախում կազմավորվեցին ջոկատներ, որոնք հիմնականում ուղղաթիռներով, երբեմն ավտոբուսով(այդ ժամանակ գործում էր նաև Ստեփանակերտ-Բերդաձոր մարդատար ավտոբուս՝ խարհրդային զինվորների ուղեկցությամբ) անցնում էին Բերդաձոր և հսկում դիրքերում՝ ապահովելով բնակչության անվտանգությունը:

 

1980-19 90 թվականի աշնանը թշնամին հաճախ էր փորձում հայաթափ անել Բերդաձորը՝ համագործակցելով խորհրդային զինվորականների հետ: Այդ օրերին մեծացել էր անասնագողությունը: Տարածքի միակ ադրբեջանաբնակ Կանաչ Թալա գյուղը վերածվել էր ռազմական հենակետի թուրք օմօնականների ու թալանչիների համար: Նոյեմբերի սկզբին թուրքերը տարան Եղծահողի խորհրդային տնտեսության 300-ից ավելի կովեր: Այս անգամ, բարեբախտաբար, չէին սպանել անասնապահներին, բավարարվել էին ծեծով: Իսկ նոյեմբերի 17-ին տարան նույն գյուղի ոչխարները՝ սպանելով հովիվ Եղիշե Ծատրյանին: Որպես պատասխան՝ մեր տղաները մտել և այրել էին Կանաչ Թալայի մի քանի տուն: Սակայն ավարառուներին էին միացել Շուշիի թուրք ոստիկանները և հարձակվել ճանապարհի վրա գտնվող փոքր Տասի Վերստ(մենք կոչում էինք Ծաղկաձոր) գյուղի վրա և վառել մի քանի տներ: Իր տան մեջ այրվել էր 90-ամյա Նանաշ Չոբանյանը: Նրա թոռը՝ Շիրակ Չոբանյանը, ով մշտապես տարածքի պահապանների շարքերում էր, փորձել էր օգնության հասնել տատին, սակայն թուրքերը կրակել էին նրա ուղղությամբ: Շիրակին հաջողվել էր դիրքավորվել, դիմադրել և վիրավորել թուրքերի հրամանատարին:

 

8-9 հոգանոց ասկյարների ջոկատը հեռացել էր՝ տանելով վիրավոր հրամանատարին: Պաշտպանությունն ավելի ուժեղացնելու նպատակով՝ այդ օրերին Վազգեն Սարգսյանի հրամանով Հայաստանից մի քանի ջոկատներ եկան Բերդաձոր: Թշնամին նույնպես մեծ ուժեր էր կուտակել այս ուղղությամբ: Նոյեմբերի 21-ին Լաչինի շրջանի Աղանուս գյուղի կողմից կեսօրին հարձակում գործեց Բերդաձորի Հին Շեն գյուղի վրա: Երեկոյան գրավելով Քումին քար կոչվող բարձունքում մեր դիրքերից մեկը՝ թուրքերը գնդացրային կրակ բացեցին գյուղի վրա: Նույն պահին գտնվում էի պաշտպանական շտաբում, որտեղ էին նաև ԲԻԽ-ի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Առնո Մկրտչյանը, ով ղեկավարում էր տարածքի պաշտպանությունը: Առնոյի հետ փորձում էինք գործի գցել ինքնաշեն գնդացիրը, սակայն ինչ-որ պակաս մասեր կային: Վերևում մարտը տևեց մի քանի ժամ, և վերջապես թշնամին նահանջեց: Այս բարձունքում գյուղը պաշտպանելիս նահատակվեցին երևանցի, հատուկ հանձնարարության ջոկատի մարտիկ Վաղինակ Զաքարյանը և հինշենցի Սամվել Խաչատրյանը:

 

Բարձունքն այդ օրից վերածվել է ուխտավայրի: Ս.թ. Սեպտեմբերի 27-ին մարդաշատ էր այստեղ. տղաների նահատակված վայրում կանգնեցվեց խաչքար, որին ներկա էին Վաղինակի և Սամվելի մայրերը, հարազատները, մարտական ընկերները, Հին Շեն գյուղի ողջ ազգաբնակչությունը: Շուշիի շրջանի հոգևոր հովիվ տեր Մեսրոպը Տերունական աղոթքով սկսեց խաչքարի օրհնումն ու օծումը: Հայոց հողում ավելացավ ևս մեկ սուրբ-հուշակոթող, որի տեղադրումն իրականություն դարձավ Վաղինակի մորաքրոջ որդի Արմենի ու եղբոր՝ Սամվելի նախաձեռնությամբ, մարտական ընկերների, նաև Սամվել Խաչատրյանի եղբայրների աջակցությամբ: Տեր հայրը կարևորեց խաչքարի օրհնումը՝ հավելելով, որ օրը համընկավ Վարագա Սուրբ խաչի տոնի հետ, և դա Աստծո նախախնամություն է: Նշեց նաև, որ պետք է միշտ այցելել արդեն սրբատեղի դարձած այս հուշակոթողին, խունկ ծխել, ծաղիկներ խոնարհել և միշտ հիշել անմահներին: Արարողությունից հետո Հին Շենի Առնո Մկրտչյանի անվ. դպրոցի բակում կայացավ մշակութային մաս: Իրենց վարպետությունը ցուցադրեցին Երևանից ժամանած արևելյան մարտարվեստի խմբի ներկայացուցիչները և պարի խմբի երիտասարդներ: Ներկաներին մատուցվեց մատաղ:

 Զոհրաբ Ըռքոյան  

1