Չի կարելի սուրճի բաժակ նայելու տրամաբանությամբ ասել, որ սահմանադրական բարեփոխումները վատը կլինեն. Հրանտ Մարգարյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Չի կարելի սուրճի բաժակ նայելու տրամաբանությամբ ասել, որ սահմանադրական բարեփոխումները վատը կլինեն. Հրանտ Մարգարյան

Չի կարելի սուրճի բաժակ նայելու տրամաբանությամբ ասել, որ սահմանադրական բարեփոխումները վատը կլինեն. Հրանտ Մարգարյան

Կա գրավոր փաստաթուղթ, մենք էլ հասուն մարդիկ ենք, եկեք կարդանք ու բացահայտենք՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծն այլ նպատակ հետապնդո՞ւմ է, թե՞ ոչ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով «ոչ»-ի ճամբարի կողմից հնչող հակափաստարկներին: «Չի կարելի սուրճի բաժակ նայելու տրամաբանությամբ ասել, որ անպայման վատը կլինի: Եկեք կարդանք, հասկանանք, հետո ասենք՝ այ այստեղ թաքնված բան կա: Խորհրդարանական ընդդիմությունը վեր կացավ ու հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը ուզում է Ազգային ժողովի նախագահ դառնալ, բայց Վարդան Պողոսյանն ասաց, որ 5 տարին էլ կհանեն: Ու արդյունքում այդ ընդդիմությունը զինաթափվեց, որովհետև իրենց հակափաստարկների շղթան այնքան փխրուն է, որ մեկ փչոցից ամբողջը փշրվեց»,- նշեց Հրանտ Մարգարյանը: 

 

— Սահմանադրական բարեփոխումների հարցով քաղաքական դաշտը բաժանվել է սևի ու սպիտակի: Կան կարծիքներ, որ «ոչ»-ի ճամբարում հավաքված ուժերն ունեն նախագահի թեկնածու և դրա համար են դեմ արտահայտվում խորհրդարանական կառավարման համակարգին: Դուք չունե՞ք նախագահի թեկնածու, այդ պատճառով եք կողմ այս փոփոխություններին:

 

— Բնական է, նորմալ, որ քաղաքական դաշտը բաժանվել է «ոչ»-ի և «այո»-ի, այլ կերպ լինել չէր կարող: Տգեղը, ոչ նորմալն այն է, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ խորքային, բովանդակային քննարկում չի ընթանում, չի հիմնավորվում՝ ինչու «ոչ»: Միակ բանը, որ ասվում է՝ այս նախագահից չի կարելի լավ բան սպասել, ուրեմն իր կողմից առաջարկված փոփոխությունը չի կարող դրական լինել: Սա ճիշտ մոտեցում չէ, և ընդհանրապես ճշմարտությունը  չէ: Երկրորդ, քիչ թե շատ տրամաբանական խոսքն այն մասին է, որ Հայաստանը պատերազմական դրության մեջ է, և իշխանությունը պետք է կենտրոնացված լինի: Բայց կա աշխարհի փորձ. այն երկրները, որոնք խորհրդարանական կառավարում են ունեցել, վատ չեն պատերազմել:

 

Կա նաև մեդալի հակառակ կողմը: Այսօր մենք մի հանգրվանում ենք, որ այո՛, հնարավոր է միջազգային ուժերը փորձեն Հայաստանի վրա ճնշում բանեցնելով պարտադրել զիջումային քաղաքականություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կամ մի շարք այլ հարցերում: Եթե ճնշումը մեկ հոգու վրա է ուղղված, ավելի հեշտ է նպատակի հասնել, քան մի ամբողջ խորհրդարանի: Այդ նույն ուժերը, որոնք այսօր դեմ են սահմանադրական փոփոխություններին, գանգատվում էին՝ թե ինչո՞ւ նախագահը սեպտեմբերի 3-ին ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին պայմանագիրը: Բա որ մի գեղեցիկ օր էլ նախագահը ստորագրի Ղարաբաղի հարցով մի պայմանագիր՝ ի՞նչ պիտի անենք: Իսկ եթե, Աստված մի՛ արասցե, նախագահը լինի թուլամորթ մի անձ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ սարսափելի հետևանքներ կունենա սա: Կարծում եմ, որ որոշ արտաքին ուժեր, հենց այս պատճառով չեն ուզում, որ Հայաստանն անցնի խորհրդարանական կառավարման համակարգին:

 

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուին. իրենք դա հնարավոր են համարում, միայն՝ հնարավոր: Ոչ ոք չունի ընտրվող նախագահի թեկնածու, որը կունենա համապատասխան ժողովրդական կազմակերպվածություն իր շուրջը, ճանաչողություն, հեղինակություն: Նրանք մտածում են, որ հակա-ի պահանջի վրա պետք է կարողանան ալիք բարձրացնել, բայց դրա հնարավորությունները 50/50 են: Չեմ կարծում, թե նման կեցվածքը պատասխանատու կեցվածք է ժողովրդի, երկրի ապագայի նկատմամբ: Իսկ եթե խոսքը նախագահ դառնալու կարողունակության մասին է, ապա Դաշնակցությունում շատ մարդիկ կան, ովքեր կարող են դառնալ նախագահի թեկնածու: Անհեթեթ զրույցներ են:

 

— Կան տեսակետներ, որ Դաշնակցությունը ուժեղ է իր կուսակցական բրենդով և խորհրդարանական կառավարման համակարգը ձեզ համար լավագույն տարբերակն է, որովհետև մարդիկ կքվեարկեն ՀՅԴ կուսակցության օգտին և կունենաք ավելի մեծ ներկայացվածություն Ազգային ժողովում, քան հիմա:

 

— Սխալվում եք: Մենք շահագրգռված ենք այս փոփոխություններով, որովհետև խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում ժողովուրդն ընտրում է ծրագիր, ռազմավարություն, հայեցակարգ, ոչ թե անձի: Մենք հո մոդել չե՞նք ընտրում, որ անձի արտաքին տվյալների հիման վրա որոշում կայացնենք: Մենք ընտրում ենք քաղաքական ուժ՝ ժողովրդի կողմից ընդունելի, հստակ ծրագրով, ճշտված ռազմավարությամբ, որը պետք է ղեկավարի երկիրը: Իսկ հիմա մեզ մոտ մեկ էլ առաջադրվում է հակա-թեկնածու և հավաքում է քվեներ ոչ թե ծրագրի, այլ այն պատճառով, որ հակա է մյուս թեկնածուին: Հակա-ի հիմքի վրա ընտրություններում առավելություններ ապահովելը չի վկայում տվյալ թեկնածուի ժողովրդականության մասին։

 

— Այդ դեպքում, ինչո՞ւ են հենց հիմա արվում այս փոփոխությունները: Արդյո՞ք սա Սահմանադրությունը փոխելու ամենաբարեհաջող ժամանակն է:

 

— Այո՛, որովհետև այս իշխանությունների ժամանակաշրջանը ավարտվում է, սկսվում է նոր փուլ: Այս տեսանկյունից, սա ճիշտ ծրագրված քայլ էր: Թե ինչո՞ւ են առաջարկում այս փոփոխությունները,  մտածում եմ, որ գուցե Նախագահն ուզում է լավ բան անել իր երկրի համար: Ես չեմ հավատում, որ ինքը ամենավատ մարդն է, ինչո՞ւ ոչ, գուցե ուզում է լավ բան անել, կամ գուցե նա իր ապագան տեսնում է որպես քաղաքացի և ուզում է լավ հասարակության մեջ ապրել, ճիշտ համակարգում: Վերջապես, Սերժ Սարգսյանն աչքի առաջ ունի օրինակներն այն քաղաքական ուժերի, ովքեր երեկ իշխանություն էին, այսօր՝ լուսանցքում են և չի ցանկանում մնալ լուսանցքում, ուզում է դերակատար ուժ մնալ քաղաքական դաշտում: Անպայման չէ, որ լինես իշխանություն, կարող է լինես  ընդդիմություն, բայց երկրի կառավարման գործում դերակատարություն ունենաս։ 

 

Վերջին հաշվով, մենք հո սուրճի բաժա՞կ չենք նայում: Կա գրավոր փաստաթուղթ, մենք էլ հասուն մարդիկ ենք, եկեք կարդանք ու բացահայտենք՝ այլ նպատակ կա՞, թե՞ չկա: Չի կարելի սուրճի բաժակ նայելու տրամաբանությամբ ասել, որ անպայման վատը կլինի: Եկեք կարդանք, հասկանանք, հետո ասենք՝ այ այստեղ թաքնված բան կա: Խորհրդարանական ընդդիմությունը վեր կացավ ու հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն ուզում է Ազգային ժողովի նախագահ դառնալ, բայց Վարդան Պողոսյանն ասաց, որ 5 տարին էլ կհանեն: Ու արդյունքում այդ ընդդիմությունը զինաթափվեց, որովհետև իրենց հակափաստարկների շղթան այնքան փխրուն է, որ մեկ փչոցից ամբողջը փշրվեց:

 

Եթե լավ բան է, պետք է քաջություն ունենաս ընդունելու: Հասկանում եմ, որ մթնոլորտն այնպիսին է, որ դյուրին է ասել վատն է, անընդունելի է, այս իշխանությունը վատն է, բայց սա քաջ մարդու կեցվածք չէ: Քաջ մարդը պետք է կարողանա հակառակորդի լավն ընդունել ու համարձակություն ունենալ չնախատեսած լավ բանի դեպքում համաձայնության գալ: Հո մենք չե՞նք խաղում, նպատակն այս երկիրն է, ժողովուրդը: Ամեն դեպքում, ԱԺ պատկերն արդեն իսկ խոսուն է. «այո»-ի տրամաբանությունը արդեն իսկ հաջողած է, որովհետև տրամաբանական է:

 

— Նոր Սահմանադրության նախագծում թաքնված ոչ մի բան չկա՞: Որոշ ընդդիմադիրներ ասում են, որ սա լուծում է Սերժ Սարգսյանի իշխանափոխության հարցը, որ գործող նախագահը անգամ պաշտոն չզբաղեցնելու դեպքում շարունակելու է կառավարել երկիրը, որովհետև մնալու է հաջորդ ԱԺ մեծամասնությունը կազմող Հանրապետական կուսակցության նախագահը:

 

— Ես էլ եմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կմնա Հանրապետական կուսակցության նախագահ, բայց մենք կարո՞ղ ենք ասել՝ մի՛ մնա ՀՀԿ նախագահ: Մենք ունեցա՞նք իրավունք ՀՀՇ-ին ասելու՝ ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրեցիր նախագահ: Սա ի՞նչ տրամաբանություն է: Մի՞թե մենք կարող ենք ասել, որ այսինչ մարդիկ այլևս իրավունք չունեն ապրելու: Ինձ համար ի՞նչ կարևոր է՝ Սերժ Սարգսյանը կընտրվի՞ ՀՀԿ-ի նախագահ, թե՞ ոչ: Բա ո՞ւր մնաց ժողովրդավարությունը, ազատությունները: Չես ուզում, մի քվեարկիր ՀՀԿ-ի օգտին: Կրկնում եմ ՀՀՇ-ի օրինակը, այդ մարդիկ իշխանությունից տասը տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանին պեղեցին բերեցին-դարձրեցին ՀՀՇ-ի նախագահ: Մենք էլ հարաբերվեցինք այդ մարդկանց հետ՝ անկախ նրանից, որ չէինք ընդունում:

 

— Դաշնակցությունը կողմ է իշխանության  վարած քաղաքական առանցքային ուղղություններին՝ Սահմանադրական փոփոխություններ, ԵՏՄ և այլն: Ինչո՞ւ եք շարունակում մնալ ընդդիմություն:

 

— Մենք ընդդիմություն ենք սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, մենք ընդդիմություն ենք երկիրը ղեկավարելու ձևին: Մենք միշտ խոսել ենք Հայոց ցեղասպանության մասին և եթե այսօր իշխանությունները դարձրել են այս հարցն իրենց արտաքին քաղաքականության օրակարգի մի մասը, մենք դե՞մ լինենք, սա ծիծաղելի կլինի: Դեռևս 91թ.-ից, մենք միշտ կողմ ենք եղել խորհրդարանական կառավարման համակարգին, պայքարել ենք սրա համար ու եթե այսօր իշխանությունը եկել է մեր տեսակետին, մենք դե՞մ լինենք, ինչի՞ կնմանվենք: Եթե անցած 8 տարիներին մենք դեմ լինեինք, ինչի՞ կհասնեինք: Որ մյուսները դեմ եղան, խանգարեցին, ինչի՞ հասան: Ընդդիմություն ենք, որովհետև իշխանության մաս չենք կազմում, գործադիրի մաս չենք կազմում, ընդդիմություն ենք, որովհետև դեմ ենք սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, կադրային քաղաքականությանը, ամենաթողությանը, անպատժելի մթնոլորտին, խտրական վերաբերմունքին, անարդարությանը: Սա լուրջ քաղաքական ուժի կեցվածք է: Եթե ես մի խումբ եմ, որը կյանքի նպատակ ունի առաջիկա 10-15 տարվա ընթացքում դառնալ նախարար, վարչապետ, նախագահ, կյանքը ինձ չի հերիքի, պետք է ամեն ինչ անեմ, բարոյական-անբարոյական, որ դառնամ իշխանություն: Բայց եթե շարժառիթը հայ ժողովրդի բարօրությունն է, պիտի չվնասեմ, օգնեմ:

 

— Հիմա ՀՅԴ-ն իշխանության գալու նպատակ չունի՞:

 

— Ունենք, բայց ոչ ամեն գնով: Անշուշտ ունենք ու լուրջ պայքարելու ենք դրա համար: Մենք իշխանություն ենք ուզում, որ այս երկրում ամեն ինչ լավ լինի, որ կարողանանք մեր ծրագիրն իրականացնել: Մենք իշխանություն չենք ուզում հանուն իշխանության:

 

— Այսինքն՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պայքարելու եք մեծամասնության համա՞ր:

 

— Բնականաբար:

1