«Մասունք»-ը` Բերձորում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Մասունք»-ը` Բերձորում

«Մասունք»-ը` Բերձորում

Հայ օգնության միության(ՀՕՄ) Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի <<Էդիկ Մելքումյան>> մասնաճյուղը տարին 2 անգամ միջոցառումներ է կազմակերպում Արցախում՝ համագործակցելով մշակութային տարբեր խմբերի հետ:

 

Օգոստոսի 10-15-ը, ՀՕՄ-ի աջակցությամբ, Արցախում է <<Մասունք>> ազգագրական երգի-պարի համույթը, որն առաջին օրը համերգով հանդես եկավ Բերձորում: Քաշաթաղի շրջկենտրոնի <<Վեհափառի>> հրապարակում մոտ մեկ ու կես ժամ համույթի երգիչներն ու պարողները, երաժիշտները հաճելի ու անմոռանալի պահեր պարգևեցին ներկաներին:

 

<<Մասունք>> ազգագրական երգի-պարի խումբը հիմնադրվել է 1986-ին` ազգագրագետ, բանահավաք, պարուսույց, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Ռուդիկ Հարոյանի կողմից: Որոշ ժամանակ դադարել է գործել, վերաբացվել է 2007 թվականին: 2011-ից համույթը ղեկավարում են Հայարփի Անանյանը ու Լուսինե Մկրտչյանը:

 

ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում հաճախ հանդես եկած <<Մասունք>>-ն առաջին անգամ է Արցախում, և մեկնարկը սկսվեց Բերձորից:

 

<<  <<Մասունք>>-ի նպատակը եղել և մնում է հայ ժողովրդական, ազգագրական, ռազմահայրենասիրական երգն ու պարը, ազգային ծեսերն ու սովորությունները, տոները մեր ժողովրդին վերադարձնելը >>,-ասաց Լուսինեն՝ տեղեկացնելով, որ հանդես գալով ժողովրդի առջև` հաճախ անմիջական մասնակից է դառնում նաև հանդիսատեսը:

 

Վարդավառ, Բարեկենդան, Տրընդեզ, Զատիկ, Ջան-գյուլում, Նավասարդ և այլ ազգային տոներն ու ծեսերը ներկայացնելով, ազգագրական պարերը, երգերը կատարելով՝ համույթը հանդիսատեսին է վերադարձնում մեր ժողովրդի մշակութային գանձերը:

 

 << Մեր երգիչները երաժշտական կրթություն չունեն,- ասաց Հայարփին, — սակայն լավ ձայն ունեն և հայ մշակույթի զարգացման նվիրյալներ են>>:

 

ՀՕՄ-ի Դավիթաշենի մասնաճյուղի ատենապետուհի Սուսաննա Թովմասյանը տեղեկացրեց, որ 2000 թվականից ՀՕՄ-ը գործում է նաև Դավիթաշենում. կարևորեց այն, իրենց նպատակն է` Երևանից տարբեր մշակութային խմբեր բերելով Արցախ` ստեղծել փոխադարձ կապ, որում կկարևորվի նաև շփումն արցախցու առօրյային, խնդիրներին, արցախյան մշակույթին:

 

 Համերգից հետո հայ ազգային երգի, պարի, սովորույթների, ծեսերի, տոների վերականգնող ու ժողովրդին մատուցողներին բարի գալուստ մաղթեց Քարեգահի դպրոցի տնօրեն, ՀՅԴ Քաշաթաղի <<Միջնաբերդ>> կոմիտեի ներկայացուցիչ Վոլոդյա-Արին Գալստյանը՝ հայտնելով շնորհակալություն Բերձորում նման համերգով հանդես գալու համար: Ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեցին համույթի ղեկավարները՝ հավաստելով, որ միշտ պատրաստ են այցելել Արցախ:

 

Հաջորդ օրը <<Մասունք>>-ը մեկնեց Բերձորից դեպի Շուշի և Ստեփանակերտ: Ծրագրված է նաև այցեր զորամասեր:

 

Զոհրաբ Ըռքոյան

1