Գյումրիում կազմակերպվել է միջոցառում` նվիրված Լիզբոն 5-ի գործողության 32-րդ ամյակին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Գյումրիում կազմակերպվել է միջոցառում` նվիրված Լիզբոն 5-ի գործողության 32-րդ ամյակին

Գյումրիում կազմակերպվել է միջոցառում` նվիրված Լիզբոն 5-ի գործողության 32-րդ ամյակին

Ինչպես Գյումրիից հաղորդում է <<Ապառաժ>> թերթի թղթակիցը, այսօր Գյումրիում տեղի է ունեցել 1983 թվականի հուլիսի 27-ին Լիզբոնի 5 տղաների կատարած գործողության 32-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

 

Միջոցառումը նախաձեռնել է ՀՅԴ անդամ, պատմաբան, <<Լիզբոնի իմ ընկերները>> գրքի հեղինակ Արա Նախշքարյանը: Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում ի հիշատակ հինգ տղաների կայացել է հոգեհանգստի արարողություն: Հոգեհանգիստը սկսվել է ճիշտ 10:30-ին, այսինքն գործողության սկսման ժամին: Պատարագից հետո ներկաները քայլարշավով հասել են Գյումրիի Թատերական հրապարակ, որտեղ տեղափոխվել եւ տեղադրվել է  տղաների նկարը: Տեղում մանրամասն ներկայացվել է Լիզբոն 5-ի գործողությունը,   <<Լիզբոնի իմ ընկերները՚՚>> գրքի հեղինակն իր գրքերը նվիրել է միջոցառման մասնակիցներին, բաժանվել են նաեւ DVD խտասկավառակներ՝ տղաների ու նրանց գործողության մասին պատմող ֆիլմով: Թատերական հրապարակից Լիզբոն-5-ի նկարը տեղափոխել են 14:45-ին, այսինքն ճիշտ այն ժամին, երբ 1983 թվականի այս օրը պորտուգալական իրավապահ մարմինները հայտարարեցին գործողության ավարտը՝ հաղորդագրություն տարածելով, թե «խմբի անդամներն իրենց խումբի պայթունով ինքնասպան եղան…>>:

 

Միջոցառմանը ներկա էին  Սիմոն Եահնիյանի եղբայրն ու քույրը՝ Զարեհն ու Մարալը: Ներկա էր նաև 10 տարեկան Սիմոնը՝ Զարեհի որդին: Սիմոնի հավասարակշռված ու խելացի լինելը համակրանքի արժանացավ բոլորի կողմից: Նա 5 մատի պես գիտի հորեղբոր արած -չարածի մասին և հպարտությամբ նշում է, որ ժառանգել է  հորեղբոր անունը:

 

Մարալ Եահնիյանը ապրում է Լիբանանում և ամեն տարի այս օրը գալիս է Հայաստան: Զրույցի ընթացքում քույրը խոսել է եղբոր կերպարի մասին: <<Սիմոնը շատ լուռ էր, ամեն ինչին խորությամբ էր նայում: Իր դաստիարակությունն ու կրթությունը նա  արտահայտում էր իր առօրյայի մեջ, իր ապրումները, նպատակները, գաղափարները ուղղված էին միայն մեկ բանի՝ հայրենիքին…Ափսոսում եմ միայն այն բանի համար, որ նա այդպես էլ չտեսավ իր երազած հայրենիքը…>>,- ասում է Մարալը:

 

Զարեհ Եահնիյանը 2003 թվականից հաստատվել է Գյումրում, կինը՝ Սուսանը, Գյումրիից է, ունեն 2 զավակ: Շահելով գրին քարտ՝ ուզում էին տեղափոխվել ԱՄՆ, բայց չկարողացան այնտեղ մնալ: << Ես չկարողացա հարմարվել այն մտքի հետ, որ օտարության մեջ պիտի ապրեմ:  Իմ եղբայրը հայրենիքի համար իր կյանքն է տվել, ես էլ հոգուս պարտքի համար գոնե պետք է հայրենիքում ապրեմ>>:

 

Խոսելով Լիզբոնի գործողության մասին՝ Զարեհը նշում է. <<Լիզբոնի տղաները խենթեր էին, բայց մեր ազգը այսօր պետք է աղոթի, որ այլևս այդպիսի խենթ արարքի կարիք չունենանք: Այսօր կան պայքարի բազում տարբերակներ ազգային գործը շարունակելու համար,- ասում է նա և ավելացնում ,- ես փորձում եմ իմ զավակներին էլ դաստիրակել այնպես, ինչպես իմ ծնողներն են դաստիրակել մեզ՝ հայրենասիրական ոգով, հայկական շնչով եւ քրիստոնեավայել>>:

 

Միջոցառման կազմակերպիչ Արա Նախշքարյանն  էլ նշում է, որ այնքան է ուսումնասիրել տղաների գործողությունն ու կերպարները, որ նրանց իր ընկերներն է համարում: Այդ է պատճառը, որ նրա գրքույկի վերնագիրը <<Լիզբոնի իմ ընկերները>> անունն է կրում: «14 տարեկան էի, երբ առաջին անգամ «Գարուն» ամսագրում կարդացի տղաների մասին,-ասում է Ա.Նախշքարյանը,- ամսագրից էջը պոկեցի ու պահեցի: Փորձում էի հարցուփորձ անել, նրանց մասին արխիվային նյութեր փնտրել: Հասկացա, որ նրանց  մասին պետք է շատ խոսենք, որպեսզի բոլորը  իմանանան տղաների սխրանքը: Սա աննախադեպ գործողություն էր, սա մեր պատմության չընթերցված էջն է: Ինչքան այս մասին շատ բարձրաձայնենք, այնքան շատ կունենանք ազգային ոգով կրթված  սերունդներ»:

 

 

 
1