Բելգիական պարբերական. Թուրք պատգամավորը նույնպես ճանաչեց Ցեղասպանությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բելգիական պարբերական. Թուրք պատգամավորը նույնպես ճանաչեց Ցեղասպանությունը

Բելգիական պարբերական. Թուրք պատգամավորը նույնպես ճանաչեց Ցեղասպանությունը

Բելգիայի խորհրդարանի՝ ծագումով թուրք պատգամավոր Էմիր Քիրը նույնպես կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը: Հուլիսի 23-ին Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձեւին վերաբերող հոդվածում այս մասին գրում է բելգիական «Le Soir» պարբերականը:

 

Բանաձեւն ընդունվել է վարչապետ Շառլ Միշելի հայտարարությանն ի պատասխան, որը հունիսի 18-ին Բելգիայի կառավարության անունից ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը:

 

Իր հանդեպ ուշադրություն էր հրավիրել նաեւ պատգամավոր Էմիր Քիրը, որը բացակայել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու արարողությանը՝ քննադատությունների ալիք բարձրացնելով: Ամեն դեպքում, հինգշաբթի բանաձեւի շուրջ քվեարկությանը նա ներկա է եղել եւ «կողմ» է քվեարկել:

 

Ավելի վաղ հաղորդվում է, որ Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 23-ին Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւ է ընդունել: Փաստաթղթին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 124 անդամ, դեմ՝ ոչ ոք, 8 պատգամավոր ձեռնպահ է: Բելգիական ընդդիմությունը քննադատել է բանաձեւը՝ նշելով, որ այն չափազանց թույլ է եւ ոչ բավականաչափ միանշանակ, բայց նույնպես «կողմ» է քվեարկել:

1