Սկզբունքորեն մեր տեսակետը հաղթել է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սկզբունքորեն մեր տեսակետը հաղթել է

Սկզբունքորեն մեր տեսակետը հաղթել է

Նոր Սահմանադրության առաջինից 7-րդ գլուխների նախագծի հրապարակումից հետո ընդդիմադիր այս կուսակցության ներկայացուցիչները ձեռնպահ էին մնում գնահատել այն:

 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր խախտեց լռությունը:

 

«Առանձին պարագրաֆների, ձևակերպումների վերաբերյալ մենք խնդիրներ ունենք, բայց հիմնականում, սկզբունքային առումով, այո, գտնում ենք, որ մեր տեսակետը հաղթել է»,- ասաց նա:

 

Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնումից հետո ընդդիմադիր Դաշնակցությունն ամենաակտիվ առաջարկներ ներկայացնող ուժերից էր։ Հրանտ Մարգարյանի խոսքով, իրենց համար սկզբունքային առաջարկներն ընդունվել են։ Հիմնականը՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցումը ամրագրվել է: Հուսով են մնացած հակասությունները քննարկումների ընթացքում կհաղթահարվեն:

 

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման ժամանակ ՀՅԴ-ն ներկայացրած առաջարկություններում գրել էր՝ «պետք է բացառել Ազգային ժողովում արհեստական մեծամասնության ձևավորումը, օրինակ՝ ընտրական համակարգով բոնուսներ նախատեսելու տարբերակը»։ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հեղինակած նախագծում խոսվում է ԱԺ-ում կայուն մեծամասնության անհրաժեշտության մասին: Այս ձևակերպումն արդյոք չի՞ հակասում Դաշնակցության առաջարկին։

 

Ըստ Մարգարյանի, չի հակասում․ «Կայուն» չի նշանակում արհեստական մեծամասնություն։ «Կայունը ոչ մի անգամ մտահոգիչ չէ, կայունը երկրի համար նույնիսկ անհրաժեշտություն է, կարևոր է, որ այդ կայունությունը լինի: Կամ հետընտրական կոալիցիայի ձևավորում տեղի կունենա, կան նախընտրական: Դաշինքների ձևավորման հարց կառաջանա, որը, կարծում եմ, հիմնականում կբացառի որևէ ուժի՝ առանձնաբար երկրի ղեկավարման հավակնությունը»:

 

Դաշնակցությունից բացի խորհրդարանական մյուս չորս ընդդիմադիր կուսակցությունները նախագծի հրապարակման 7 օրերի ընթացքում բազմաթիվ մտահոգություններ են հայտնել: Մասնավորաբար, կայուն մեծամասնությանն անդրադառնալով, առաջարկվող լուծումը համարել են ՀՀԿ-ի իշխանությունը հավերժացնելու, ընդդիմադիրներին քաղաքական գործընթացներից չեզոքացնելու փորձ:

 

Մարգարյանը կարծում է, որ նման գնահատական հնչեցնողը շտապում է․ «շտապում է, որովհետև չի գիտակցում, որ հենց դրա մեջ է իր փրկությունը, որովհետև այն ուժը, որը 51 տոկոս չունի և պարտավորված գնում է երկրորդ փուլ, մյուսներին տալիս է հնարավորություն համախմբվելու և առանց ցնցումների երկրի մեջ իշխանափոխություն կատարելու»:

 

Դաշնակցականները հաճախ են հայտարարում՝ Հայաստանում կուտակված բոլոր խնդիրները կապված են Սահմանադրության հետ։ Հրանտ Մարգարյանի ձևակերպմամբ, հովանավորչությունը, անպատժելիությունը, կոռուպցիան համակարգային պատճառներ ունեն: Խորհրդարանական համակարգը կառնի այդ ամենի դեմը, կվերացնի անձի մենիշխանությունը, ասում է նա։ Ուրեմն ինչո՞ւ է իշխանությունը բարեփոխումներ նախաձեռնել, եթե պետք է զրկվի դաշնակցության քննադատության թիրախ դարձած լծակներից։ Այս հարցին ի պատասխան, Հրանտ Մարգարյանը նշում է․«իր մասին մտածելով»։

 

«Իշխանությունը հասկացել է, որ այս ձևով ինքը երկար ճանապարհ չունի երթալու: 17-18 թվականից հետո ինքը հայտնվելու է նույն վիճակում, որում հայտնվեցին Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Այսինքն՝ լուսանցքում: Ինքը (իշխանությունը) փորձում է իր գոյությունը փրկել, ոչ թե իշխանությունը»:

 

«Դուք նախագահ Սերժ Սարգսյանի հետ պարբերաբար հանդիպում եք, նա հայտարարել է, որ խորհրդարանական համակարգի պայմաններում չի ուզում դառնալ վարչապետ և նախագահ, վերջերս էլ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Սարգսյանը նաև Ազգային Ժողովի նախագահ չի ուզում դառնալ, տեղյա՞կ եք, թե ինչ է ուզում անել Սերժ Սարգսյանը, խոսե՞լ եք այդ մասին»,-«Ազատության» այս հարցին, Հրանտ Մարգարյանն հակադարձեց․

 

«Ես էլ չեմ ուզում նախագահ դառնալ, չեմ ուզում վարչապետ դառնալ, չեմ էլ ուզում Ազգային Ժողովի նախագահ դառնալ: Ես կուսակցության ղեկավար եմ և ես այս կուսակցության միջոցով եմ փորձում այս երկրին և այս ժողովրդին օգտակար լինել, մեկ ուրիշն էլ կարող է ունենալ այդպիսի մոտեցում»:

 

Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու քննարկումներ այս պահին, ըստ Հրանտ Մարգարյանի, Դաշնակցությունը չի անցկացնում։ Բայց կոալիցիա մտնելը ՀՅԴ-ի համար երբեք տաբու չի եղել։ Վերջինիս խոսքով, նման առաջարկ միշտ էլ գոյություն է ունեցել: «Այսինքն մենք չենք ասել, որ էս երկրին կարելի է օգտակար լինել միայն ընդդիմադիր լինելով: Ոչ, մենք էդպիսի հավատք չունենք», ասաց Մարգարյանը:

 

Նրա, խոսքով, ՀՅԴ-ն կհամագործակցի իշխանության հետ, եթե «հաշվի առնեն այն, ինչ մենք ասում ենք կադրային քաղաքականության իմաստով, տնտեսական քաղաքականության իմաստով, երկրի մեջ ներքին փոխհարաբերությունների առումով, ազատությունների իմաստով, ժողովրդավարության առումով» և «դրանց մի կարևոր մասը առնվազն ընդունվի»:

 

Մարգարյանը նաև հավելեց՝ հույս ունի, որ ՀՅԴ-ն չի հասնի «ոչի» քարոզչությանը: «Չէի ուզենա, որ որոշ ձևակերպումներ, թերություններ պատճառ դառնան, որ մենք ընդհանուրը մերժենք»:

 

Աստղիկ Բեդեւյան

azatutyun.am

1