Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հանդիպում է ունեցել ԼՂՀ ԱԺ փոխնախագահի հետ
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 10 երկրներից թվով 35 երիտասարդներ հուլիսի 22-ից Արցախում են: Հուլիսի 23-ին նրանք այցելել են ԼՂՀ ԱԺ եւ հանդիպում ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի հետ:
Վ. Բալայանը երիտասարդներին ծանոթացրել է Արցախի տնտեսական ու քաղաքական զարգացումներին, առկա խնդիրներին ու հեռանկարներին՝ կարևորելով Սփյուռքի հայության ներուժն Արցախում կենտրոնացնելու հանգամանքը:
Երիտասարդները հարցեր են ուղղել ԱԺ փոխնախագահին ու հետաքրքրվել Արցախի խնդիրներով, սահմանում տիրող իրավիճակով, Արցախի՝ արտաքին հարբերություններում ունեցած հաջողություններով, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներով:
Վ.Բալայանը կարևորել է նման այցելությունների կազմակերպումն Արցախում եւ անդրադարձել Արցախ-Սփյուռք համագործակցության, հայրենադարձության, հայրենիքում ներդրումներ կատարելու անհրաժեշտության ու Սփյուռքի հետ ամուր կապի հաստատմանը:
Հանդիպմանը ներկա էր նաեւ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը:
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հիմնվել է 1928 թվականի մայիսի 28-ին Կահիրեում՝ Հայ կրթական և հրատարակչական համազգային ընկերություն անունով։ Հիմնադիր անդամներն էին Հ. Օհանջանյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Գասպար Իփեկյանը, Ստեփան Եսայանը և ուրիշներ։ Ձգտելով սփյուռքահայության մշակութային կյանքի աշխուժացմանը՝ ընկերությունը տարբեր գաղթավայրերում հիմնել է հայ մշակույթի և կրթության բազմաթիվ կենտրոններ։ Մինչև 1947 թվականը միության կենտրոնական վարչությունը գտնվել է Կահիրեում։ Ներկայումս եգիպտահայ համայնքում հայապահպան գործունեություն է իրականացնում Համազգայինի Կահիրեի մասնաճյուղը: Միությունը վայելում է ՀՅ Դաշնակցություն կուսակցության հովանավորությունը: