ՏԻՄ ընտրությունները` սեպտեմբերի 13-ին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՏԻՄ ընտրությունները` սեպտեմբերի 13-ին

ՏԻՄ ընտրությունները` սեպտեմբերի 13-ին

Հուլիսի 20-ին կայացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:  

 

     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին համապատասխան` նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի 2015 թվականի մայիսի 3-ին կայացած ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների վերլուծության և առաջարկությունների վերաբերյալ ԼՂՀ  ԿԸՀ հաղորդագրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում հանդես գալու մասին հարցը, և այն իրականացնելու իրավունքը վերապահվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանին:    

 

   ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների հիման վրա՝   նիստում քննարկվել և հաստատվել են 207 համայնքներում 2015 թվականի սեպտեմբերի 13-ին սպասվող ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների  ժամանակացույցերը:  

 

     Համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցի՝ թեկնածուների ինքնաառաջադրման կամ կուսակցությունների կողմից  գրանցման փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2015 թվականի օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի  14-ի ժամը 18.00-ն, թեկնածուների գրանցումը կկատարվի օգոստոսի 14-ից մինչև օգոստոսի 19-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է օգոստոսի     20-ից մինչև սեպտեմբերի 11-ի ժամը  24.00-ն:  

 

     ԿԸՀ  հաստատել է նաև 2015 թվականի սեպտեմբերի 13-ի ընտրությունների նախապատրատման և անցկացման հետ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական հանձնաժողովների ծախսերի նախահաշիվները` 81 941 200 (ութսունմեկ միլիոն ինը հարյուր քառասունմեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամի չափով ընդհանուր գումարով:        

 

   Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:  

 
1