ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատանքները Հայաստանին և Արցախին հատկացվող օգնության մեծացման համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատանքները Հայաստանին և Արցախին հատկացվող օգնության մեծացման համար

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատանքները Հայաստանին և Արցախին հատկացվող օգնության մեծացման համար

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնության մեծացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի հետ կապերի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը:

 

«Հայ դատի գրասենյակը շարունակելու է ճնշումներ գործադրել, որպեսզի շարունակվի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնությունը: Կոչ է արվում ֆինանսական օժանդակություն հատկացնել նաև Հայաստան գաղթած և այդտեղ հաստատված սիրիահայերին` նրանց վերաբնակեցման համար»,- ասել է Չուլջյանը:

 

Հուլիսի 10-ին ԱՄՆ Սենատի հատկացումների ենթահանձնաժողովը, քննարկելով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնության հարցը, առաջարկել էր 2016 թվականի ֆինանսական տարում ընդլայնել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը հակամարտության հետևանքով տուժած անձանց օգնելու և առաջացած կարիքները հոգալու համար: Հայաստանի մասով առաջարկվել էր հատկացնել 20 մլն 60 հազար դոլարի տնտեսական օգնություն և 1 մլն 700 հազար դոլարի ռազմական օգնություն, ինչպես նաև 600 հազար դոլար Միջազգային ռազմական կրթության եւ ուսուցման ծրագրի համար: Հայաստանի համար առաջարկված 20 մլն 60 հազար դոլարի օգնությունը 10 տոկոսով ավելի է նախագահ Բարաք Օբամայի առաջարկած օգնությունից:

 

Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովը, քննելով արտաքին օգնության հարցը, լռելյայն համաձայնություն էր հայտնել հայկական հատկացումների վերաբերյալ:

 

Չուլջյանի խոսքով` առաջին անգամ չէ, որ ԱՄՆ Կոնգրեսի պալատներից մեկը լռություն է պահպանում հայկական հատկացումների մասով: «Հաջորդ քայլը պետք է լինի այն, որ յուրաքանչյուր հանձնաժողովի ներկայացրած բանաձևը քննարկվի երկու պալատների լիագումար նիստում, իսկ տարբերությունները պետք է հարթվեն: Սովորաբար գերադասվում է այն պալատի առաջարկը, որը հստակ դիրքորոշում ունի հարցի շուրջ: Մյուս տարբերակն այն է, որ բանաձևերից ոչ մեկը չի քննարկվի, այլ կընդունվի ընդհանուր մեկ միասնական փաստաթուղթ»,- բացատրեց նա` տեղեկացնելով, որ վերջնական որոշումը պետք է կայացված լինի մինչև հոկտեմբեր:

 

 
1