ԼՂՀ վարչապետն ու փոխվարչապետը այցելել են գյուղնախարարություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ վարչապետն ու փոխվարչապետը այցելել են գյուղնախարարություն

ԼՂՀ վարչապետն ու փոխվարչապետը այցելել են գյուղնախարարություն

Հուլիսի 6-ին, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը այցելել է գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արամ Մխոյանին:

 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել գյուղատնտեսության նախկին նախարար Անդրանիկ Խաչատրյանին` կատարած աշխատանքի համար եւ շնորհավորել  Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

 

«Այս տարիներին և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք խնդիրներ, սակայն արձանագրել ենք նաև հաջողություններ, ամենակարևորը` բավականաչափ փորձ ենք կուտակել, ինչն օգտագործվելու է հետագա աշխատանքների կազմակերպման գործում»,- ասել է վարչապետը:

 

 

Կառավարության ղեկավարը շնորհավորել է նաեւ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արամ Մխոյանին` պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել նրան:

 

Անդրադառնալով օրերս կատարված բարեփոխումներին՝ վարչապետը նշել է. «Սա վերջին կառուցվածքային փոփոխությունը չէ, փուլային շարունակվելու են փոփոխություններն ու կրճատումները, և աստիճանաբար պետական կառավարման համակարգի մի խումբ աշխատակիցների տեղափոխելու ենք տնտեսական դաշտ: Այս տեսանկյունից կարևորում եմ արդյունավետ ծրագրերի իրականացումը,առաջին հերթին՝ մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ, որպեսզի կրճատված կադրերը համապատասխան հմտություններ ունենան տնտեսությունում աշխատանք գտնելու համար»:

 

 

Հանդիպմանը ներկա Ա. Աղաբեկյանը, շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին, նշել է, որ պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները պետք է միանշանակ ուղղվեն հանրապետության տնտեսության զարգացմանը՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ:

1