Այսօր Դուշման Վարդանի հիշատակի օրն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Այսօր Դուշման Վարդանի հիշատակի օրն է

Այսօր Դուշման Վարդանի հիշատակի օրն է

Արցախյան ազատամարտի հերոս, ՀՅԴ գաղափարակիր Վարդան Ստեփանյանը (Դուշման) ծնվել է 1966 թվականի մարտի 9-ին Երևանում:

 

Ծնվել ու ժառանգել է սրբացած նախնու անունը՝ Վարդան։ Մեծացել է զարմանահրաշ գրքերի աշխարհում՝ գրադարանում. մայրը Երևանի Նուրբ բրդյա գործվածքեղենի կոմբինատի արհմիութենական գրադարանի վարիչն էր։ Մայր ու որդի օրվա մեծ մասն այնտեղ էին անցկացնում։ Դեռևս դպրոցական տարիներից դրսևորվեց Վարդանի հայրենասիրությունը, ազգասիրությունը։ Այդ ժամանակից գիտեր դարասկզբին ազգի գլխին եկած Մեծ Եղեռնի, գերված հողերի, պապերի տեղահան եղած դառը ճակատագրի մասին։ Զգում էր, որ դեռ կռիվ ունենք, տուն բերելու հողեր ունենք։

 

1973–1983թթ. սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում։ Սովորել  և ավարտել է գերազանց գնահատականներով։ Եղել է ուշիմ և խելացի աշակերտ։ 1983թ. դիմել է զինկոմիսարիատ, որ իրեն ուղարկեն Աֆղանստան՝ դեսանտային զորամաս։ Այն մասին, թե ի՞նչն է պատճառը նման որոշման կայացման Վարդանը նշել է. ‹‹Դարավոր թշնամի ունենք, սակայն զինվորական չունենք։ Ամաչում եմ ազգիս զավակների փոխարեն։ Գնում են, դառնում շինարար կամ հնոցապան››։ 1984թ. մեկնել է Աֆղանստան ծառայելու և կռվելու։ 1986թ. վերադարձել Աֆղանստանից՝ հերոսացած։

 

1986թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ուզում էր արդարության պաշտպան լինել իր ժողովրդի համար, բայց եկան փորձության, ինքնահաստատման օրեր, ոտքի կանգնեց հայ ժողովուրդը, հավատաց արդարության, ճշմարտության վերածնությանը։ Ոտքի կանգնեց և Արցախը, օգնության կանչեց Մայր Հայրենիքի զավակներին։ Նոր էր վերադարձել Աֆղանստանից՝ հերոսացած։ Օտարի հողում, սակայն,  հերոսն ու՞մ էր պետք։

 

Հիշատակման է արժանի համալսարանի ընդունելույթան քննությունից մի տող. ‹‹Մանկուց է հոշոտվել իմ հոգին, հայ ասելով ես հասկանում եմ Եղեռն, Պայքար, Տառապանք ու Վերակենդանացում։ Ազատության համար պայքարը սուրբ գործ է, երնեկ նրան, ով Մասիսը տուն կբերի››։

 

Եվ հայոց եղեռնի ցավը հոգում ելավ պայքարի, որ հարատևի  ազգի վերածնունդն ու հավերժական գոյն աշխարհում։ Ազգի ցավով տառապող, մանկուց հոշոտված նրա հոգին ժայթքեց 88-ի առաջին իսկ օրերին։

 

Զենք-զինամթերք ձեռք բերելու համար հասնում էր Մոսկվա, տարբեր քաղաքներ։ Հեշտ չէր նաև խորհրդային անվտանգության կոմիտեի հսկողության ներքո մարդկանց հավաքագրելու գործընթացը։ Բացի ճակատից, գործել է նաև թիկունքում։ Կապ պահպանելով Մոսկվայի հայ համայնքի, ինչպես նաև անվանի լրագրողների հետ՝ մեծ է եղել նրա դերը Արցախյան շարժումը Մոսկվայում լուսաբանելու, իսկությունը հանրությանը ներկայացնելու, հասարակական կարծիք ստեղծելու առումով։

 

1988թ. ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամավորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջանները պաշտպանելուն և Արցախի ինքնապաշտպանական մարտերին։ Վարդանը մեկնել է Արցախ ՝ առաջին անգամ իբրև մարտական մարզիչ դեռ 1988թ.։ Վարդանը ոչ միայն մասնակցեց զինյալ պայքարին, այլև եղավ բազում երիտասարդների ուսուցիչը, մարտական դաստիարակը և վերջապես՝անվախ հրամանատարը։ Նա Արցախի առաջին բանակի ստեղծողներից մեկն էր, և Վարդանի զինվորներն այսօր արցախյան բանակի հմուտ հրամանատարներ ու ղեկավարներ են, նաև ԼՂՀ Կենտրոնական շտաբի անդամներ։

 

Վարդանը մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Բերդաձորի և Լաչինի ազատագրմանը։ Փայլուն ռազմական մասնագետ լինելու շնորհիվ Վարդանը դարձավ ԼՂ բանակի 2-րդ գումարտակի փոխհրամանատար` լինելով Ղարաբաղի բանակի ստեղծողներից մեկը և իր ներդնումն ունենալով գումարտակների կազմավորման գործում։

 

Վարդանը պարզ մարտիկ չէր։ Իր մտավոր, գաղափարական–քաղաքական փայլուն ընդունակությունների շնորհիվ իր զինակիցների սիրելին էր։

 

1992թ. հունիսին Շահումյանի անկումից հետո էլ հողը կանչում էր։ Նա անփոխարինելի էր այդ ժամանակ և հրամանատարության կողմից գործուղվեց Արցախ՝ մարտական վերջին առաջադրանքը կատարելու։

 

1992թ. հուլիսի 3-ին Մյուրիշենի մարտերում զոհվեց Դուշման Վարդանը։ Զոհվեց մարտական ընկերների՝  Արայիկ Ավագյան և Արմեն Երիցյան (Երո) հետ:

 

Վարդան Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական խաչ›› 1-ին աստիճանի շքանշանով, ‹‹Շուշիի ազատագրման›› մեդալով։

Աղբյուրը՝  wordpress.com

 
1