Թուրքիայի հայերը որբ չպիտի լինեն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Թուրքիայի հայերը որբ չպիտի լինեն

Թուրքիայի հայերը որբ չպիտի լինեն

Ստամբուլի Թուզլա թաղամասի Քամփ Արմեն անունը կրող հայկական որբանոցը հայ ժողովրդին վերադարձնելու պահանջով Ստամբուլի հայերի «Նոր Զարթոնք» շարժումն արդեն 2 ամիս է, ինչ խոշոր բողոքի ակցիա է նախաձեռնել: Aparaj.am-ի թղթակիցը զրուցել է «Նոր Զարթոնք» շարժմանը խոսնակ, բողոքի ակցիայի կազմակերպիչ, թուրքահայ Սայաթ Թէքիրի հետ:

 

Արդեն 50 օրից ավելի է, ինչ  Քամփ Արմեն ճամբարի տարածքում բողոքի ակցիա եք իրականացնում: Կպատմե՞ք ակցիայի մասին:

 

Հայ բողոքական եկեղեցին գնել էր ճամբարը, բայց 1979թ. թուրքական կառավարությունը կալվածագիրը խլեց հայերից և 1983թ. ձրի տվեցին թուրքի: Այսօրվա տերը՝ 7-րդ տերն է: Այս տարի փլման արտոնություն ստացան, և մենք գիտեինք, որ շենքը պիտի փլուզեն: «Նոր Զարթոնք» շարժումը որոշեց, որ պետք է հայերինը լինի այդ ճամբարը: Դժբախտաբար, գործը մեզնից առաջ ընկավ, և ճամբարի 1/3-ը քանդեցին: Գնալով ճամբար և կազմակերպելով ցույցեր՝ մենք արգելք եղանք շենքի ամբողջությամբ քանդմանը: Լրանում է արդեն դիմադրության 2-րդ ամիսը: Մենք դիմադրությունը կշարունակենք և կմնանք այնտեղ այնքան՝ մինչև կալվածագրով Քամփ Արմեն ճամբարը մեզ վերադարձնեն: Այն Թուրքիայում ապրող հայերիս հիշողությունն է:

 

 

 

 -«Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանը խորհրդարանական ընտրություններից առաջ խոստացել էր, որ որբանոցի սեփականությունը կվերադարձվի հայկական կողմին: Այսօր այդ գործընթացը ի՞նչ փուլում է:

 

— «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մարգար Եսայանը  ընտրություններից առաջ խոստացել էր հետամուտ լինել ճամբարը հայերին վերադարձնելուն, բայց այդ խոստումը, պարզվում է, քվե շահելու համար էր միայն: Ժողովուրդը, սակայն, հավատաց այդ խոստումներին:

 

Մենք կազմակերպեցինք ցույցեր Ստամբուլի կենտրոնում, մամլո ասուլիսներ, բրոշյուրներ պատրաստեցինք Քամփ Արմենի մասին: Արդյունքում՝ մամուլը և ժողովուրդը հետաքրքրվեց այս հարցով:

 

 

Թուրքեր և քրդեր մասնակցու՞մ են ցույցին:

 

 — Անշուշտ: Մենք գիշեր ու ցերեկ մնում ենք ճամբարում: Մեզ միացան և՛ թուքեր, և՛ քրդեր, մանավանդ՝ Թուլզայի շրջանի ժողովուրդը: Ցույցի առաջին օրերին մենք էլեկտրականություն չունեինք, և հարևան Թուլզայի շրջանի էլեկտրակայարանի աշխատողների օգնությամբ հոսանքի գիծ քաշեցինք դեպի ճամբար:  Ճամբարի տարածքում կար նաև ավազան, որը նույնպես վերանորոգեցին թուրք աշխատողները:

 

Ճամբարը սկսեց գործել՝ որպես ճամբար: Ճամբարին կից  շաբաթվա վերջին օրերին կազմակերպում ենք դասախոսություններ հայոց պատմության, գրականության մասին, սովորեցնում ենք այբուբենը, ֆիլմեր ենք ցուցադրում:

 

—  Պատահականություն չէ՞, որ ճամբարի ապամոնտաժումը համընկավ 2015 թվականի հետ, երբ ավելի շատ են խոսում Ցեղասպանության հետևանքների մասին:

 

— Ճամբարի քանդումը կապ չունի Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Թուքիայի պետությունը ցեղասպանությունը մերժում է, և, բնականաբար, այսպիսի իրադարձություն չէր ուզում: Թուրքիան ապուշ երկիր չէ. ճամբարի քանդումը սպիտակ ցեղասպանություն է: Այն ցեղասպանության շարունակությունն է, ուղղակի ճամբարի տերն է որոշել հողատարածքը տուն շինելու համար օգտագործել: Բայց լավ է, որ 2015-ին եղավ այս ամենը, որովհետև այսպես մենք մեր ձայնը ավելի շատ կարողացանք տարածել:

 

 —Ձեր կարծիքով՝ ճամբարի քանդումը  հայերին Էթնոկրոնական զտման ենթարկելու միջո՞ց է:

 

 — 70-ականներին կալավածագիրը մեր ձեռքից վերցրեցին և մեր ինքնությունն էլ հետը: Մենք ճամբարի կարիքը ունենք:

  

 

Թուրքիայի իշխանությունները սպառնալիք չե՞ն կիրառում:

 

 — Մենք մեր անվտանգությունը պահում ենք, միշտ զգոն ենք: Բայց մեզ ճնշել չեն կարող, որովհետև Թուրքիայի համար դա կլինի խայտառակություն:

 

Ի՞նչ եք կարծում՝ պետությունը ճամբարը կվերադարձնի հայերին:

 

 — Ես պետությանը վստահող մարդ չեմ, որովհետև՝ եթե ուզեին, ապա վաղուց լուծած կլինեին այս հարցը: Բայց, հուսամ, ամեն ինչ լավ կլինի:

 

-Դուք  հայտարարությամբ եք հանդես եկել և կոչ արել հայությանը՝ միանալ ձեզ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

 

— Թուլզայի այդ շրջանում գտնվում են մեծահարուստների առանձնատներ, և այդ տարածքում ճամբարի գտնվելը խանգարում է: Քամփ Արմեն ճամբարի քանդումը կապված է դրամի հետ, բայց մենք այս հողամասը գնել ենք 1963թ. և ոչ մի դեպքում գումար չենք վճարելու: Մեր ձեռքից ճամբարը խլողները պետք է գնեն տիրոջից և վերադարձնեն մեզ:

 

Կոչ արեցինք նրա համար, որասենք՝ այո՛, մենք հիմա որբանոցը պաշտպանում ենք, բայց մենք որբ ենք… Այդպես չպիտի լինի: Թուրքիայի հայերը որբ չպիտի լինեն…

 

Մենք ցանկություն ունենք, որ հայ երիտասարդները գան Քամփ Արմեն ճամբար, և միավորենք մեր ուժերը:

 

— Հետաքրքիր է՝ ի՞նչ վիճակում է այսօր գտնվում Թուրքիայի հայ համայնքը:

 

— Թուրքիայի հայ համայնքը կազմում է 40 000 մարդ: Կան, անշուշտ, նաև գաղտնի ապրող հայեր, իսլամացած հայեր, որոնց թիվը չգիտենք: Թուրքիայում հայերից շատերը ձուլվեցին: 40 000-ն էլ իր ինքնությունով, իր կրոնով, հավատքով մնաց հայ: Ամենավատն այն է, որ լեզուն է ձուլվում, արևմտահայերենը վերանում է: Այսօր Թուրքիայում ապրող հայերը նման  են «թուրքացած քրիստոնյաների>>:

 

Ունենք 12 հայկական դպրոցներ և մեկ հայկական համալսարան, բայց դիպլոմը օրինական չէ. նույնիսկ Թուրքիայում չի անցնում այդ դիպլոմը:

 

Հայկական դպրոցներում սովորում է 3000 հայ աշակերտ, բայց հայերից շատերը  սովորում են պետական դպրոցներում կամ Ամերիկյան, Ֆրանսիական համալսարաններում:

 

Աշխատանքի տեղավորվելու հարցում խնդիրներ լինու՞մ են:

 

— Տեղեր կան, որ՝ այո, հայերին չեն վերցնում աշխատանքի: Բայց կան նաև ընկերություններ և կազմակերպություններ, որոնք չեն կարևորում ազգությունը: Նրանք կարևորում են աշխատանքի որակը: Բայց հայերին պետական համակարգում, հատկապես ոստիկանությունում չես կարող տեսնել: Թուրքիայի օրենքներում խտրականություն չկա, բայց մարդիկ ենթագիտակցաբար խտրականություն են դնում:

 

— Ինչպե՞ս են  այսօր թուրքերը վերաբերում հայերին:

 

— Հայոց ցեղասպանությունը մեծ ոճրագործություն էր, բայց ցեղասպանությունը շարունակվում է նաև այսօր: Այստեղ փոքր ազգերի նկատմամբ դեռ շարունակվում են ոճրագործությունները և մեր մեջ վախ են առաջացնում, նորից հիշեցնում մեր ազգին պատճառած տառապանքները: Ցավալին այն է, որ այս վախի մթնոլորտը փոխանցվում է սերնդեսերունդ: Սակայն նոր սերունդը վախկոտ չէ. պահանջում է իր իրավունքները: Բայց այդ վախը և ճնշողական մթնոլորտը նպաստում է նաև ինքնության պահպանմանը և առաջացնում է նաև հակաճնշում:

 

Հասարակության մեջ լուրջ խնդիրներ չկան, բայց կան ազգայանմոլ, ֆաշիստ խմբեր, որոնք թիրախ են ընտրում հայերին: Օրինակ՝ Հրանտ Դինքի սպանությունը, որը Թուրքիայի մեջ շատ մեծ ալիք է բարձրացրել: Դատապարտվել է միայն մեկ հոգի, բայց ոճրագործությունը կազմակերպող խումբն ազատ է: Կամ՝ 2011թ. ապրիլի 24-ի դեպքը, երբ ծառայողական զորամասում սպանել են հայազգի զինվոր Սեւակ Շահին Բալըքչըին, և ոճրագործը նույնպես դատապարտված չէ: Թուրքիան առանց պատերազմի հող չի տալու հայերիս: Մենք էլ, ռեալիստ լինելով, պետք է հասկանանք, որ Թուրքիայի համար անգամ ցեղասպանությունն ընդունելը շատ մեծ հարց է, և ես այս հարցի առումով լավատեսորեն չեմ տրամադրված: Այստեղ հարցը միայն հողերի հատուցման հարցը չէ: Հարցը ինքնության հարցն է: Թուրքիայի Հանրապետությունը կառուցված է հայ ժողովրդի հիմքի վրա, հայերի կապիտալի հիմքով:

 

— Վերջին  խորհրդարանական ընտրություններում ընտրվել են 3 հայ պատգամավորներ: Թուրքիայի հայ համայնքը ի՞նչ ակնկալիքներ ունի հայ պատգամավորներից:

 

— Ակնկալիքներ ունենք այն առումով, որ խորհրդարանում կան 3 հայ պատգամավոր, և նրանք կներկայացնեն հայ համայնքի խնդիրները: Նշեմ նաև, որ 3 հայ պատգամավորները տարբեր կուսակցությունների անդամներ են, և միայն այդ 3 հոգին չեն, որ կուսակցական ցանկերում հայ էին: Դա մեզ համար մեծ նշանակություն ունի: Դրանով հարթվում է  հայի ու թուրքի միջև եղած խտրականությունը:  

 

Հարցին մյուս կողմից նայելով՝ ակնկալիքներ չունենք, որովհետև 500 մանդատ ունեցող խորհրդարանում 3 մանդատը ոչինչ է: Ուրիշ գաղափարներ ունեցող պատգամավորները, անշուշտ, չեն կարողանալու հարցեր լուծել:

 

Կարևորը 3 պատգամավորը չէ, կարևորը թուրք ժողովրդի հասկացողությունն է: Եթե ժողովուրդը ունենա հասկացողություն, ապա ցեղասպանության հարցն էլ կլուծվի:

 

 Հարցազրույցը Լուսինե ԹԵՎՈՍՅԱՆԻ

 
1