Ջամալյան ընտանիքը Արցախյան պատերազմում ունեցել է 2 զոհ և 2 վիրավոր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ջամալյան ընտանիքը Արցախյան պատերազմում ունեցել է 2 զոհ և 2 վիրավոր

Ջամալյան ընտանիքը Արցախյան պատերազմում ունեցել է 2 զոհ և 2 վիրավոր

Արցախյան պատերազմում նշանակալից ներդրում են ունեցել Գիշի համայնքի տղաները: 1989-ին Գիշիում կազմավորել է կամավորական ջոկատ, որը մասնակցել է Գիշիի և Մուշկապատի սահմանամերձ տարածքների առաջին ինքնապաշտպանական գործողություններին, հետագայում՝ միացել Մարտունու և հարակից տարածքների ինքնապաշտպանական մարտերին:

 

Արցախյան ազատամարտի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Հայկազ Ջամալյանի ընտանիքը ապրում է Գիշիում:

 

Հայկազ Ջամալյանը ծնվել է 1969 թվականին: Սովորել գյուղի միջնակարգ դպրոցում և ավարտելուց հետո ընդունվել Մարտունու պոլիտեխնիկական ուսումնարան: Ծառայել է Ղազախստանում: Բանակն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ եւ միացել արդեն կազմավորվող կամավորական ջոկատին:

 

Արցախյան պատերազմը Ջամալյան ընտանիքի վրա թողել է մեծ վերքեր: Հայկազի փոքր եղբայրը, ով 18 տարեկան էր, և եղբորորդին, որն ընտանիքի անդրանիկ որդին էր, զոհվել են: Զոհվել է նաև քրոջ ամուսինը: Իսկ Հայկազի մայրն ամուսնու մահից հետո տեղափոխվել է աղջկա մոտ՝ օգնելու մեծացնել երկու որդիներին: Վիրավորվել է նաև մեծ եղբայրը: Ինքը՝ Հայկազը, վիրավորվել է պատերազմն ավարտվելուց հետո՝ 1995թ. հունվարի 29-ին՝ ականի պայթյունի պատճառով: Ունի 2-րդ կարգի հաշմանդամություն:

 

Հայկազի կինը՝ Կարինեն, պատմում է, որ չնայած պատերազմ էր, բայց  1991-ին գյուղում հարսանիք են կազմակերպել, բայց, ցավոք, հարսանիքից նկար չունեն, որովհետև գյուղի միակ մարդը, ով ուներ լուսանկարչական սարք՝ Դադա Դադայանը, զոհվել է եւ չեն հասցրել հարսանիքի նկարներ ունենալ:

 

Հայկազը և Կարինեն 4 զավակ ունեն՝ 2 տղա և 2 աղջիկ:

 

 

«Պատերազմի տարիներին,- պատմում է Կարինեն,- շատ դժվարությամբ ենք մեծացրել երեխաներին: Տուն չունենալու պատճառով՝ մի քանի անգամ տեղափոխվել ենք»:

 

«Վիրավորվելուց հետո, սակայն, Հայկազը պարապ չի նստել,- հպարտությամբ ասում է կինը,- իր համար գործ է գտել, որով մինչև այսօր զբաղվում է: Նա թոնիրներ է պատրաստում ինչպես համագյուղացիների, այնպես էլ տարբեր գյուղերի բնակիչների համար»:

 

 Ինչպես գյուղացիներն են ասում՝ նրա ձեռքով ամեն ինչ գալիս է, ուղղակի առողջական վիճակը թույլ չի տալիս շատ ծանրաբեռնվել:

 

Տան տարածքում ունեն փոքր հողատարածք, որն ամուսինները օգտագործում են որպես բանջարանոց: Հարցնու՞մ եմ՝ վաճառու՞մ եք սածիլները: «Հարևանիս ինչպե՞ս կարող եմ փողով սածիլ տալ, ամոթ է»,- ժպտալով ասում է Կարինեն:

 

Հայկազն ու Կարինեն 12 տարի առաջ գյուղում տուն են գնել, սակայն դեռ տան գումարն ամբողջությամբ չեն վճարել տանտիրոջը: Հնարավորությունները չեն ներում:

 

«Մեծ տղաս ամուսնացավ, սակայն աշխատանք չունենալու պատճառով մեկնեց Ռուսաստան: Այսօր կինն ու երեխան Երևանում են ապրում՝ կնոջ պապական տանը: Տղաս հազիվ ընտանիքին է հասցնում գումար ուղարկել: Երեխան մեկ ասեկան է, բայց դեռ չի հասցրել տեսնել զավակին»,- հուզվում է Կարինեն:

 

«Փոքր տղաս էլ Ռուսաստանում է ամուսնացել: Կինը, բնականաբար, ազգությամբ հայ է»,- շարունակում է Հայկազը,- ամեն մեկն իր  ընտանիքի հոգսն է քաշում: Մենք էլ չենք պահանջում: Կարևորը՝ նրանք առողջ  լինեն»:

 

Մեծ աղջիկը սովորում է Արցախի պետական համալսարանի քիմկենս ֆակուլտետի հեռակա բաժնում և միաժամանակ աշխատում է «Ղարաբաղ Կարպետ» Ստեփանակերտի գործարանում: Կարինեն ասում է, որ աղջկա՝ քաղաքում վարձով մնալն ավելորդ ծախս է, այդ իսկ պատճառով ընտանիքը խնդրում է «Ղարաբաղ կարպետ»-ի տնօրինությանը՝ դազգահ տրամադրել, որպեսզի աղջիկը հնարավորություն ունենա տանն աշխատելու:

 

«Եթե տնօրինությունը թույլատրի և դազգահ ունենանք, աղջիկս ինձ էլ կսովորեցնի գորգ գործել, որպեսզի ես էլ կարողանամ աշխատել»,- ասում է Կարինեն:

 

«Աշխատանքն ամենագեղեցիկ բանն է, գյուղացին պետք է աշխատանք սիրող լինի: Դրա համար էլ,անկախ իմ հաշմանդամությունից, չեմ կարող պարապ նստել: Օրս սկսվում եւ վերջանում է աշխատանքով: Աշխատող մարդը չի կորչի»,- պատգամում է Հայկազը:

 

 Հ.Գ.- Ջամալյանների ընտանիքի մասին  տեղեկանալով՝ սփյուռքահայ, ՀՅԴ անդամ Ջորջ Մահրուկյանը ընտանիքին փոխանցեց դրամական օգնություն:

 
1