Կառուցվածքային փոփոխություններ ԼՂՀ կառավարության կազմում. Դաշնակցությունը հանդես է եկել տեսակետով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Կառուցվածքային փոփոխություններ ԼՂՀ կառավարության կազմում. Դաշնակցությունը հանդես է եկել տեսակետով

Կառուցվածքային փոփոխություններ ԼՂՀ կառավարության կազմում. Դաշնակցությունը հանդես է եկել տեսակետով

Այսօր տեղի ունեցավ ԼՂՀ ԱԺ արտահերթ նիստը:

 

ԼՂՀ վարչապետն անցած ԱԺ նիստի ժամանակ խոսել էր ԼՂՀ կառավարության կազմում կառուցվածքային փոփոխություն կատարելու անհրաժեշտության մասին, սակայն չէր մանրամասնել, թե ինչպիսի փոփոխություններ են լինելու դրանք: Այսօրվա ԱԺ նիստի  օրակարգային հարցերում ներառված էր նաեւ Լեռնային Ղարբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին ԼՂՀ օրենքի նախագիծը:

 

Ըստ նախագծի՝ ԼՂՀ նախարարությունների պատկերը լինելու է այսպիսին՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի,Առողջապահության, Արդարադատության,Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, ֆինանսների,Գյուղատնտեսության , Կրթության, գիտության եւ սպորտի,Մշակույթի եւ երիտասարդության հարցերի, Պաշտպանության, Քաղաքաշինության նախարարություններ։

 

Հիմնական փոփոխությունները լինելու են ԼՂՀ կառավարությանն առընթեր մարմիններում: Այսինքն նախկին 9 մարմինների փոխարեն կգործեն 4-ը՝ Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, Փրկարար ծառայություն, Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչություն։

 

Նախագիծը տրվել է ԱԺ պատգամավորների քվեարկությանը: 22 կողմ եւ 7 ձեռնպահ քվերակության արդյունքում խորհրդարանը հաստատել է նախագիծը:

 

Նախագծի վերաբերյալ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հանդես է եկել տեսակետով, որը ներկայացնում ենք ստորեւ.

 

 

Տեսակետ

 

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության

 

Պետական կառավարման համակարգում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը վաղուց է ծառացել մեր առջև:

 

Ներկա իշխանությունները 2007թ. ստանձնելով պետական կառավարման համակարգի պատասխանատվությունը՝ փորձեցին լուրջ բարեփոխումներ կատարել մեր կյանքի տարբեր ոլորտներում` նպատակ ունենալով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի համար ստեղծելու  իրական բարեկեցիկ ու ապահով միջավայր:

 

Անշուշտ, այդ միտումներով առաջնորդվելով՝ օրվա իշխանությունները չխնայեցին  ոչ միայն ջանք ու եռանդ, այլ ներգրավեցին զգալի չափով ֆինանսական միջոցներ: Այդ ամենը ուղեկցվեց 2008թ-ին  սկսած համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը, որի դառը պտուղները աստիճանաբար ներթափանցեցին նաև Արցախի Հանրապետություն:

 

Փորձելով շրջանցել այդ հուժկու և արդեն աշխարհով մեկ մոլեգնող հզոր ալիքը՝ նկատելի էր գործադիր  իշանության կողմից սեփական  ռեսուրսների  մոբիլիզացման  միտումները, ինչպես նաև համահայկական ներուժի  ուղղորդումն ու կենտրոնացումը Արցախի Հանրապետության վրա:

 

Հաջողություններն առաջին տարիներին ակնհայտ էին: Դա իր գնահատականին արժանացավ, ինչպես ժողովրդի, այնպես էլ հասարակական ու քաղաքական կառույցների կողմից:

Հանուն ճշմարտության պիտի բարձրաձայնել, որ ներկա իշխանությունների վարած քաղաքականության մեկնարկը լուրջ հուսադրող էր, ապագայի նկատմամբ վստահությամբ լեցուն, ակնհայտ հաջողությունների ակընկալիքներով տոգորված:

 

Հավատարիմ 2007թ. որդեգրած քաղաականությանը տարեցտարի նկատելի էր պետական միջոցների ուղղորդումը դեպի սոցիալական  ոլորտ, գյուղի և գյուղատնտեսության նկատմամբ նոր քաղաքական գծի որդեգրում, տնտեսական համակարգում ճյուղային նոր ոլորտների կյանքի կոչելուն /հանքարդյունաբերություն, էներգետիկա, վերամշակման, թեթև արդյունաբերություն/:

 

Հարգելի գործընկերներ,

 

Հանուն ճշմարտության պիտի նաև բարձրաձայնել, որ մեր հանրապետությունում ստեղծված ներկա վիճակը դարձել է մտահոգիչ՝ հասարակական լայն շերտերում առաջացնելով  հուսահատություն, հիասթափության  և անվստահության մթնոլորտ:

 

 ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը այդ մասին բարձրաձայնել է նաև նախորդ տարիներին:

 

Տեղին է այստեղ մեջբերել դեռևս 2011թ. դեկտեմբերին 2012թ. ԼՂՀ պետբյուջեի օրենքի նախագծի վերաբերյալ  «Դաշնակցություն»  խմբակցության հայտարարությունից մեջբերում:

 

«Մենք բոլորս անցել ենք մեծ փորձությունների ճանապարհով. այս դահլիճում նստած յուրաքանչյուրը անցկացրել է ծանր օրեր: Հանուն պետականության ստեղծման և կայացման մենք մեր երեխաներին ու ընտանիքներին զրկել ենք շատ բաներից: Դա փաստ է: Մեզ համար ավելի քան երբևէ հրամայական է դարձել պատասխանատվության կրելու առաջադրանքը: Այդ պատասխանատվությունը  առավել շեշտավորվում է պետական համակարգում աշխատանք ստանձնած յուրաքանչյուրի մոտ: Մենք պարտավոր  ենք տեր կանգնելու մեր հաղթանակին: Մենք բոլորս պայքարել ենք շատ ավելի սուղ պայմաններում, սակայն այսօր, կարծես մոռանալով անցյալի դասերը, չենք ուզում հասկանալ, որ պայքարը դեռևս չի ավարտվել

 

Մեր սակավ միջոցները մեզ թելադրում են գործելու պատերազմական օրենքներով, այն է բոլոր ոլորտներում անցնել խնայողական ռեժիմի: Դա նախ և առաջ պետք է դառնա պետական պաշտոնյանի անձնական մոտեցում:  Պետական միջոցների վատնումը և նրանց նկատմամբ ոչ խնայողաբար վերաբերմունքը, ինչպես նաև անձնական և խմբակային նպատակներին ծառայեցնելը աններելի են մեզ համար: Միաժամանակ համակարգային առումով այս հարցը  պետք է արտացոլվի կառավարման համակարգի ուռճացվածության նվեզեցմանը, որը պետք է լուրջ և համապարփակ ուսումնասիրության ենթարկվի»:

 

Իսկ այժմ  ներկայացված օրինագծի վերաբերյալ:

 

Միանշանակ, ԱԺ «Դաշնակցություն»  խմբակցությունը ողջյունում և գնահատելի է համարում   առկա միտումները և ստեղծված կացության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

 

Սակայն անցած օրերին այդպես էլ լուրջ քննարկումների դաշտ չստեղծվեց այս օրինագիծը համոզիչ կերպով օրենքի վերածելու համար:

 

Կարծում ենք նաև, որ ներկայացված օրինագիծը կառավարության կողմից լիարժեք քննարկման չդրվեց: Իսկ փորձագիտական  եզրակացության և հիմնավորումների մեջ, գոնե մեր  խմբակցության համար չկան համոզիչ փաստարկներ և հաշվարկներ. Ինչ է այն տալու մեզ կառավարման համակարգում,  ինչպիսի ֆինանսական միջոցներ ենք խնայելու, և որ ոլորտներում: Ինչպիսի գործընթացով է այս միտումները դառնալու իրականություն, և ինչպես ենք մենք ժողովրդի  մեջ առկա, բայց չբարձրաձայնվող անվստահության մթնոլորտը փարատելու:

 

Եվ ի վերջո, եթե մենք անցնող տարիներին ունենք 9-10 տոկոս տնտեսական աճ, այն էլ այնպիսի բարդ աշխարհաքաղաքական, և տնտեսական իրավիճակում, երբ հարևան  և ոչ հարևան երկրներում ընդամենը 3-4 տոկոս տնտեսական աճ էր կամ նույնիսկ անկում, ինչու է անհրաժեշտ դարձել կատարելու կառուցվածքային փոփոխություններ, գուցե առավել արդյունավետ է պահպանել գործող կառավարման համակարգը:

 

Բոլոր դեպքերում, իրականությունը չպետք է  դարձնել արհեստական և խաբուսիկ:

 

«Դաշնակցություն» խմբակցությունը առաջարկում է օրինագծի քննարկումը և քվեարկությունը հետաձգել որոշ ժամանակով, ձևավորել խորը և բազմակողմանի քննարկումների դաշտ՝ ներգրավելով խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին:

 

 

ԼՂՀ ԱԺ  «Դաշնակցություն» խմբակցություն

 
1