Եվրոպայի խորհուրդը դառնում է Միլի Մեջլիս
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Եվրոպայի խորհուրդը դառնում է Միլի Մեջլիս

Եվրոպայի խորհուրդը դառնում է Միլի Մեջլիս

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:

 

— ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի` «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության» վերաբերյալ զեկույցում տեղ է գտել խիստ վտանգավոր հակահայկական ձեւակերպում, այն է` «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի տարածքները», ինչի առնչությամբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում կա լուրջ մտահոգություն: Առջեւում ԵԽԽՎ ամառային նստաշրջանն է, ուր քվեարկության է դրվելու այս փաստաթուղթը: Արդարացվա՞ծ է մեր անհանգստությունը, որ եվրոպացի պատգամավորները կարող են քվեարկել ու ընդունել նման ադրբեջանահաճո բանաձեւ:

 

— Մեր մտահոգությունը արդարացված է, ու վաղուց ենք մենք ահազանգում եվրոպական այդ կառույցում տիրող վիճակի մասին: Թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեության շնորհիվ առաջացել է մի իրավիճակ, երբ Եվրոպայի խորհուրդը գնալով նմանվում է ադրբեջանական Միլի մեջլիսին, որտեղ աշխատելը դառնում է չափազանց դժվար:

 

Եվ իսկապես, այս տարիներին Ադրբեջանը, իրեն բնորոշ միջոցներով, հնարավոր լծակներով ոչ միայն Եվրոպայի խորհրդում, այլեւ եվրոպական տարբեր երկրներում օգտագործելով իր նավթային հարաբերությունները, կարողացել է ձեւավորել պրոադրբեջանական լոբբինգ, որի դեմ պայքարելը դարձել է չափազանց դժվար, եթե չասեմ` գրեթե անհնարին:

 

Եվրոպայի խորհուրդը իր սկզբնավորման առաջին շրջանում համարվել է եվրոպական արժեհամակարգի իրական տաճար եւ լուրջ դեր ունեցել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, իրավական պետության կայացման հարցում:

 

Հայաստանի անդամակցության առաջին տարիներին այս կառույցը դեռեւս իր այդ դերը պահպանել էր, հիշում եմ, որ մենք մեր հիմնավոր փաստարկներով կարողանում էինք հեշտությամբ չեզոքացնել ադրբեջանական խոցելի մոտեցումները:

 

Բայց ժամանակի ընթացքում Ադրբեջանն իր ամբողջ ուժը կենտրոնացրեց՝ աշխատելով եվրոպական կոնկրետ պատգամավորների վրա: Եվ այսօր արդեն նույն Եվրախորհրդում իշխում է նավթախավիարական «դիվանագիտությունը», հսկայական գումարներ են ծախսվում ադբեջանական քարզչությունն առաջ տանելու համար: Սա իրականություն է, փաստ:

 

— Կխնդրեի ասվածը նեկայացնել կոնկրետ փաստերով:

 

— Փաստերը բազմաթիվ են, որոնք վկայում են, թե որքան հզոր է պրոադրբեջանական լոբբին Եվրոպայի ներսում: Ադրբեջանը միակ երկիրն է, որը կարողացել է իր լոբբինգի միջոցով հասնել նրան, որ իրենց նախագահը կարողանա հավերժ նախագահել: Այսինքն` հանվել է այն սահմանափակումը, որ գոյություն ունի մնացած բոլոր երկրների պարագայում, միայն Ադրբեջանում է, որ նախագահի պաշտոնը կարող է ժառանգաբար փոխանցվել:

 

— Փաստորեն Եվրոպան ի՞նքն է նպաստում խանական Ադրբեջանի կայացմանը:

 

— Այո, եւ դա սկսվեց հայր Ալիեւից հետո, երբ նախագահի պաշտոնը փոխանցվեց որդուն` Իլհամին, վերջինս էլ որպեսզի կարողանա իր իշխանությունը դարձնել հավերժ, հենց Եվրոպայի խորհրդի միջոցով հանեց այդ մանդատի սահմանափակումը: Իր այդ քայլը արդարացնելու համար Եվրախորհուրդը նշեց` Ադրբեջանը առանձնահատուկ վիճակում է գտնվում, նրան կարելի է թույլ տալ այդ բացառությունը:

 

— Իսկ ո՞րն է Ադրբեջանի այդ «առանձնահատկությունը»:

 

— Օգտագործեցին ԼՂ հակամարտության հանգամանքը, այսինքն` Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացը կապեցին բացառապես ԼՂ խնդրի հետ: Ասվեց, որ Ադրբեջանը գտնվում է հակամարտության մեջ, ու դա այնքա՜ն է ազդում այդ երկրի վրա, որ դժվարացնում է ամեն մի դրական գործընթացի իրականացում Ադրբեջանում, ուրեմն Եվրոպայի խորհուրդը պետք է «ըմբռնումով մոտենա» այդ երկրում տեղի ունեցող ժողովրդավարության հետ կապված խնդիրներին:

 

Եվ հետեւություն արվեց` Ադրբեջանը պետք է լինի կենտրոնացված պետություն ագրեսորի դեմ պայքարում: Ագրեսորն էլ, փաստորեն, հայկական կողմն է: Տեսեք, թե ինչպես են աշխատում:
Սրան հաջորդեցին այլ դրսեւորումներ եւս: Եվրախորհրդում ձախողվեց այն բանաձեւի ընդունումը, որով սահմանվում էր, որ Ադրբեջանում կան քաղբանտարկյալներ: Այսինքն, Ադրբեջանը Եվրախորհրդի միջոցով հասավ նրան, որ ապացուցեց` իր երկրում չկան քաղբանտարկյալներ:

 

Ասեմ ավելին՝ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի կանոնակարգին հակասող գործողություններով, նաեւ իր ստանձնած պարտավարություններին հակասող գործողություններով ուղղակի արգելեց քաղբանտարկյալների հարցով զեկույց պատրաստող պատգամավորի մուտքը Ադրբեջան: Տեղի ունեցավ զավեշտալի իրավիճակ. Ադրբեջանի նախագահության ժամանակ Եվրոպայի խորհրդի բյուրոն իր լիարժեք կազմով չկարողացավ հավաքվել Բաքվում տեղի ունենալիք նիստին, որովհետեւ Ադրբեջանն իր սեւ ցուցակի մեջ ընդգրկել էր, օրինակ` բյուրոյի անդամ, իրենց պատվիրակության ղեկավար, ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռուքեին, որին պարզապես Ադրբեջանը արգելեց մասնակցել բյուրոյի նիստին: Նման «դեպքեր» չեն կարող տեղի ունենալ մեկ այլ երկրի պարագայում ու մարսվել:

— Ձեր թվարկածները փաստում են միմիայն մի բանի մասին` Եվրոպայի դեմքն է աղճատվել: Եթե Ադրբեջանի կոռուպցիան բացիլի պես մտել է եվրոպական տարբեր կառույցներ, կնշանակի ժողովրդավարության արժեքների ճգնաժամ է հենց Եվրոպայում:

 

-Այո, եւ ժողովրդավարության արժեքների ճգնաժամը փաստող նման օրինակները կարող եմ շարունակել:

 

Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով պետք է նշանակվեր նոր զեկուցող: Նախ՝ Ադրբեջանը ամեն ինչ արեց, որ բյուրոյով այն չեզոքացվի, չնայած նրան, որ կանոնակարգը թույլ էր տալիս տեղում քվեարկել ու հաստատել զեկույցի պատրաստումը: Սակայն որոշումից հետո իրենք ամեն ինչ արեցին, որ այդ զեկույցի համահեղինակ լինի ադրբեջանական լոբբինգի ամենակարկառուն դեմքերից մեկը` Պեդրո Ագրամունդին:

 

Ու տեսեք, թե ինչ արեցին. այդ օրը իրավական հարցերի հանձնաժողովում անշլագ էր, ուղղակի տեղ չկար, որովհետեւ բերել էին իրենց լոբբիստ պատգամավորներին: Ադրբեջանն այդ օրը, իսկապես, կարողացավ ցույց տալ իր ուժը եւ քվեարկությամբ հասավ նրան, որ քաղբանտարկյալների մասին զեկույցը պետք է կազմի միմիայն իրենց համար ցանկալի, իրենց «կոնտրոլի» տակ գտնվող անձը: Եվ հասան իրենց ուզածին: Բայց դա աբսուրդ, անընդունելի քայլ էր, քանի որ Պեդրո Ագրամունդին արդեն մեկ այլ հարցի զեկուցող է: Մի խոսքով, Ադրբեջանը հասել է մի իրավիճակի, որ կարողանում է անսանձ կերպով իր նպատակներն իրականացնել Եվրոպայի խորհրդում:

 

— Բնականաբար Ադրբեջանի ցանկությունները նույնքան անսանձ դրսեւորվում են նաեւ Ղարաբաղյան հարցում:

 

— Իհարկե, դրա վկայությունն է նոր պատրաստվող զեկույցը Սարսանգի ջրամբարի մասին: Սա բացարձակապես քաղաքական խնդիրների հետ կապ չունեցող, զուտ հումանիտար հարց է, բայց իրենք այդ զեկույցի մեջ մտցրել են այնպիսի կարեւոր քաղաքական դրույթներ, որոնք հետագայում օգտագործելու են հենց քաղաքական նպատակներով: Այսինքն՝ այդ զեկույցն արդեն իսկ գրվում է հեռահար նպատակներով:

 

Նույնպիսի սխալ ընտրություն կատարվեց նաեւ Մեծ Բրիտանիայի պատվիրակ, ադրբեջանական լոբբինգի կարկառուն դեմքի` Ռոբերտ Վոլտերի պարագայում։ Մենք սկզբից եւեթ ասում էինք` ոչ միայն վերնագրով` «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ», այլեւ ներկայացված անձով արդեն իսկ կանխորոշված է, թե ինչպիսի բովանդակություն կունենա այդ զեկույցը: Վոլտերը ամեն ինչ անելու է, որ հաճոյանա Ադրբեջանին: Ի դեպ, բոլորովին վերջերս նա դարձել է Թուրքիայի քաղաքացի: Ստացվում է, որ Թուրքիայի քաղաքացին պետք է գրի «անաչառ» զեկույց Ղարաբաղի վերաբերյա՞լ:

 

Ես բերեցի մի շարք օրինակներ ու ներկայացրի իրականությունը, որպեսզի մեր հասարակությունը պարզ հասկանա, թե մենք Եվրոպայի խորհրդում ինչպիսի մարտահրավերի առաջ ենք կանգնած:

 

— Եթե Հայաստանի առաջ ոչ միայն Եվրոպայի խորհրդում, այլեւ եվրոպական բոլոր կառույցներում ակտիվորեն աշխատում է թուրք-ադրբեջանական լոբբին, այս իրավիճակում որքանո՞վ է արդարացված, որ քննադատության սլաքն ուղղվում է իշխանությանն ու հայկական պատվիրակությանը, թե ոչ հայանպաստ բանաձեւերի ի հայտ գալը երկուստեք վատ աշխատանքի հետեւանք է:

 

— Ուզում եք վաղն իսկ փոխեք մեր պատվիրակությունը, տարեք այդ քննադատողների համար ամենից ընդունելի անձանց, վստահ եմ` ոչինչ չի փոխվելու, այդ պայմաններում նրանք որեւէ բան չեն կարողանա անել: Այդ կերպ մտածողներին կասեմ` գնացեք Միլի մեջլիս ու կանխեք հակահայկական փաստաթղթի ընդունումը:

 

Կան օբյեկտիվ պատճառներ, որոնք չտեսնել չի կարելի: Գործ ունենք արդեն ձեւավորված հզոր լոբբինգի հետ, որն աշխատում է Հայաստանի դեմ, աշխատում է Ադրբեջանի համար, սպասարկում նրա շահերը: Այդ սպասարկման հետեւանքով է, որ Եվրախորհրդարանը աչք է փակում Ադրբեջանում գոյություն ունեցող բոլոր խնդիրների վրա:

 

Իհարկե Հայաստանը կամ հայկական պատվիրակությունը կարող են շտկել, ավելի կատարելագործել մարտավարությունը, բայց պետք է հասկանալ, որ մենք գործ ունենք մի միջավայրի հետ, որտեղ ամեն ինչ կանխորոշված է, եւ սրա հետ հաշվի չնստելը նշանակում է անտեսել իրականությունը:

 

Կարելի է խոսել նաեւ մեր թերացումների մասին, այն իմաստով, որ պետք է ժամանակին համապատասխան` հետեւողական, ծրագրված մարտավարություն մշակեինք թուրք-ադրբեջանական տանդեմի դեմն առնելու համար:

 

Բայց պետք է ասեմ նաեւ, որ ադրբեջանական լոբբին միայն Հայաստանի դեմ չէ ակտիվ աշխատում: Նրանք ամեն ինչ անում են, որ Ադրբեջանի դեմ եղած բոլոր լուրջ քննադատությունները չեզոքացվեն եվրոպական կառույցներում, որպեսզի աչք փակվեն նրա ժողովրդավարական ինստիտուտների չկայացածության ու բազմաթիվ ներքին խնդիրների առաջ:

 

— Ի՞նչ պետք է անել Եվրախորհրդարանում ադրբեջանական նավթախավիարական պատնեշը հաղթահարելու համար:

 

— Կա մի քանի ուղղություն. նախ պետք է հստակ բարձրաձայնել ու ապացուցել, որ այդ ամենն ուղղված է խափանելու բանակցային գործող ձեւաչափը: Ինչո՞ւ. որովհետեւ ներկայիս ձեւաչափով Ադրբեջանին ներկայացվում են առաջարկներ, որոնք նրան ձեռնտու չեն, այդ պատճառով Ադրբեջանն ամեն ինչ անում է վարկաբեկելու ե՛ւ հայկական կողմերին ու մեր մոտեցումները, ե՛ւ խոսում է Մինսկի խմբի դեմ:

 

Ադրբեջանի նպատակն է հասնել ձեւաչափի փոփոխության, որովհետեւ տեսնում է, որ համանախագահները, քաջածանոթ լինելով խնդրին, սեղանին դնում են Ադրբեջանին ոչ ձեռնտու առաջարկներ, ու որպեսզի խուսափի այն մեղադրանքից, թե ինքն է ձախողում բանակցային գործընթացը, մեղքը փորձում է բարդել հայկական կողմի ու միջնորդների վրա:

 

Եվ վերջապես. Ադրբեջանը ուզում է հարցը տեղափոխել այլ ատյաններ, որտեղ ինքն իրեն ավելի ուժեղ է զգում ու կարող է անցկացնել բանակցային գործընթացում իր դիրքերն ամրապնդող բանաձեւեր:

 

Կարծում եմ, հայկական պատվիրակության թիվ մեկ խնդիրն է իրականացնել հետեւյալ մարտավարությունը. հասնել նրան, որ Եվրոպայի խորհուրդը ինքը հասկանա եւ խուսափի դառնալ Ադրբեջանի քարոզչության գործիքը ու չմեղադրվի բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքերը ամրապնդելու մեջ: Իսկ դա հարցի լուծման` առանց փոխզիջումների մարտավարությունն է, այսինքն` չկա փոխզիջում, չկա բանակցություն: Եթե գործեց այս բանաձեւը, կնշանակի` պատերազմ:

 

Այսպիսով Եվրոպայի խորհուրդը դառնում է գործիք մի երկրի ձեռքին, որն ամեն ինչ անում է լայնածավալ պատերազմական գործողություններ իրականացնելու համար: Այս գիտակցումը տարածելու ուղղությամբ մենք նախ պետք է աշխատենք:

 

Հաջորդն այն է, որ մենք եվրոպական այդ կառույցում պետք է վերացնենք բանակցային գործընթացի անարդյունավետությանը նպաստող բոլոր պատճառները: Իսկ հիմնական պատճառն այս է` իրական բանակցություններ չեն կարող տեղի ունենալ, քանի դեռ հակամարտության բոլոր կողմերը ներկա չեն այդ գործընթացում: Խոսքս ԼՂՀ-ի բացակայության մասին է:

 

Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ Ղարաբաղը չներկայանա բանակցային գործընթացին, ու իր այս մարտավարությամբ նա հաջողել է աղավաղել հակամարտության բուն էությունը: Մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք եւ թույլ չտանք, որ որեւէ փաստաթուղթ Եվրոպայի խորհրդում ընդունվի առանց լիարժեք քննարկման, առանց շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցության:

 

Մյուսը. չպետք է թույլ տրվի, որ Ադրբեջանի պահանջով արհեստականորեն ընդլայնվի Հայաստանի պարտավորությունների շրջանակը: Ըստ էության, Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանի թելադրանքով անում է ամեն ինչ, որ Հայաստանի պարտավորությունները Ղարաբաղի մասով ընդլայնվեն:

 

Բացատրեմ ասելիքս: Մենք Ղարաբաղի հետ կապված ունենք պարտավորություններ, որոնք ընդունել ենք Եվրոպայի խորհրդին 2001-ին անդամակցելիս, համաձայն որի Հայաստանի դերն ու պարտավորությունն է ազդել Ղարաբաղի հայության վրա, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Մինչդեռ այսօր այլ պահանջներ են դրվում Հայաստանի առաջ։ Դա 14/16 բանաձեւով մեր առաջ դրվող պահանջն է` դուրս բերել զորքերը, այսպես կոչված, օկուպացված տարածքներից:

 

Բայց նման պահանջ 2001-ին չդրվեց Հայաստանի առաջ, երբ մեր երկիրը անդամակցում էր Եվրոպայի խորհրդին: Եթե դրվեր, ապա Հայաստանը կմտածեր` արդյոք այդ պահանջների կատարման գնով արժե՞ր մտնել Եվրոպայի խորհուրդ, արժե՞ր անդամակցել այդ կառույցին:

 

Հետեւաբար Հայաստանին նման պարտավորություն ներկայացնելը անօրինական է: Բացի դրանից, եթե Եվրոպայի խորհուրդը Հայաստանի առաջ նման պահանջ է դնում, կնշանակի մեր երկիրը համարում է օկուպանտ: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ 2001-ին նույն Եվրոպայի խորհուրդը «օկուպանտ երկրին» որոշեց ընդունել իր կազմում: Ուրեմն ժամանակին Հայաստանը օկուպանտ չի եղել, այդ ի՞նչ փոխվեց, որ հիմա դարձավ օկուպանտ:

 

Սրանք հարցեր են, որ պետք է բարձրացնել ու թույլ չտալ, որ Հայաստանի առաջ նման անօրինական պահանջ դրվի:

 

Իսկ դա նշանակում է` մերժել, չմասնակցել «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» թեմայով Վոլտերի զեկույցի ստեղծմանը: Չպետք է թույլ տալ, որ կրկնվի նույնը, ինչ եղավ 14/16 բանաձեւի ժամանակ: Մեկ անգամ սխալվեցինք, մասնակցեցինք այդ գործընթացին, այժմ նման սխալ իրավունք չունենք կատարելու:

 

— Փաստորեն մեր խնդիրները լուծելու համար պարտավոր ենք նախ օգնել եվրոպական կառույցին փրկել սեփական հեղինակությունը: Իսկ դրա համար կա մեկ ճանապարհ` համագործակցել այն եվրոպացի պատգամավորների հետ, որոնց համար կարեւոր են եվրոպական արժեքները, ոչ թե նավթադոլարները: Ի զորո՞ւ ենք այդ շրջանակն աշխատեցնել:

 

— Կարող ենք ու պետք է անենք: Բարեբախտաբար բոլորը չէ, որ գայթակղվել են խավիարով ու նավթային դոլարներով: Ուրեմն կա դաշտ աշխատելու: Կա պատգամավորների մի խումբ, որ իրապես մտահոգ են այս իրավիճակով: Ու այդ մտահոգությունը ոչ միայն Հայաստանով է պայմանավորված, այլեւ ընդհանրապես եվրոպական կառույցի հեղինակության անկմամբ:

Ես միշտ այն համոզման եմ եղել, որ դեռ տարիներ առաջ մեր մարտավարությունը հենց այս ուղղությամբ պետք է կառուցեինք: Բայց երբեք ուշ չէ: Պետք է եվրոպացիներին բացատրենք, որ Եվրոպայի խորհուրդը իրեն դնում է շատ խոցելի վիճակում ոչ միայն Ղարաբաղի հարցում, այլեւ իր իսկ արժեհամակարգի հարցում, ուրեմն հանուն այդ արժեհամակարգի հեղինակության չպետք է տրվել նավթադոլարային քաղաքականությանը:

 

Սրա հետ միաժամանակ պետք է հայտարարենք, որ չենք ընդունելու պրոադրբեջանական տրամադրության միջավայրում ընդունված որեւէ փաստաթուղթ Ղարաբաղի վերաբերյալ, քանի որ այն ամբողջությամբ կողմնակալ է: Եթե մենք այս տրամաբանությամբ աշխատենք, վստահ եմ, վտանգը կչեզոքացնենք:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

armworld.am

1