Ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ազգային փոքրամասնությունների ուղերձը ՄԱԿ-ին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ազգային փոքրամասնությունների ուղերձը ՄԱԿ-ին

Ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ազգային փոքրամասնությունների ուղերձը ՄԱԿ-ին

Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնությանղեկավարները Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ ուղերձ հղեցին ՄԱԿ-ի անդամ երկրների դիվանագետներին` ստորագրելով փաստաթղթի տակ: ՀՀ նախագահին կից Հայաստանի ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհուրդը մայիսի 21-ին կազմակերպեց «Հայաստանի ազգային փոքրամասնություններն ընդդեմ ցեղասպանությունների»խորագրով միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Միջոցառումանը մասնակցում էին Հայաստանում առկա 11 ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ` ասորիներ, բելառուսներ, եզդիներ, քրդեր, ռուսներ, վրացիներ, հրեաներ, ուկրաինացիներ, հույներ, լեհեր և գերմանացիներ: Միջոցառման ընթացքում ընթերցվեց Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ուղերձը ՄԱԿ անդամ պետությունների դիվանագետներին, որի տակ ստորագրեցին բոլոր ներկայացուցիչները:

 

«Համակված պատասխանատվության զգացումով, մենք` Հայաստանի Հանրապետությունում բնակվող 11 ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների ներքոստորագրյալ ղեկավարները` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին միանալով աշխարհի առաջադեմ մարդկության հանրահռչակված արժեքներին` խստորեն դատապարտում ենք Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ. հայերի, ասորիների, հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը և պահանջում արդարության հաստատում ու Թուրքիայի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների վերահաստատում:

 

Որպես ցեղասպանության հետևանքներ տեսած, ժխտողականության ծանր արդյունքները գիտակցող ազգերի ներկայացուցիչներ` կոչ ենք անում ՄԱԿ անդամ պետությունների դեսպաններին բարձրաձայնելու և դատապարտելու Օսմանյան Թուրքիայում 100 տարի առաջ իրականացված ցեղասպանության ոճիրը` ակնկալելով համարժեք գնահատական մարդկության դեմ իրականացված այս ծանրագույն հանցագործությանը:

 

Ժխտողականության հանդուրժման և աշխարհաքաղաքական նպատակահարմարությունների հետևանքով է, որ խրախուսվում և տարիներ անց կրկնվում են մարդկության դեմ նորանոր հանցագործություններ, իսկ Թուրքիայի Հանրապետությունում շարունակվում են պարբերաբար խախտվել մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները` մերօրյա Թուրքիայի քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տալով սանձարձակ գործելու նախնիների որդեգրած քաղաքականությամբ` աստիճանաբար վերացնելով մեկ դար առաջ երկրում ապրող հոծ ազգային փոքրամասնությունների հոգևոր, մշակութային և նյութական արժքների հետքերը:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը յուրահատուկ հանգրվան է վերհիշելու առաջադեմ մարդկության դավանած համամարդկային արժեքները և դրանք վեր դասելու աշխարհաքաղաքական շահերից` դրանով իսկ կանխելով ցեղասպանական ոճրագործությունները: Հանուն մեր սերունդների անվտանգ ապագայի` միացեք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կոչին` հիշում եմ և պահանջում»,- ասված է ուղերձում:

1