Սփյուռքահայ արվեստագետ. «Արմեն» որբանոցի քանդումը 1915-ի շղթայի վերջին օղակներից է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սփյուռքահայ արվեստագետ. «Արմեն» որբանոցի քանդումը 1915-ի շղթայի վերջին օղակներից է

Սփյուռքահայ արվեստագետ. «Արմեն» որբանոցի քանդումը 1915-ի շղթայի վերջին օղակներից է

Բառի բուն իմաստով աշխարհի մյուս ծայրից՝ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքից, հայ լուսանկարիչ Նորայր Շահինյանը հասել է Թուրքիա և այցելել նախնիների ծննդավայրերը: Լուսանկարիչը 2012-ից հետո Օսմանյան կայսրության նախկին հայաբնակ բնակավայրեր կատարած այցերի ընթացքում արած լուսանկարները հավաքել է «Դատարկության ուժը» խորագրով մի գրքում, նաև ցուցահանդես է կազմակերպել: Դրանում երևում են ավերված եկեղեցիները, խոնարհված վանքերն ու տները:

 

Tert.am-ի տեղեկացմամբ՝ ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, Թուրքիա կատարած առաջին այցի ընթացքում Ուրֆայում պապի՝ որպես բուտիկ-հյուրանոց օգտագործվող տանն է մնացել:
Անդրադառնալով այս օրերին «Արմեն» ճամբար-որբանոցի քանդման գործընթացին՝ Շահինյանը նշել է, որ դա 1915-ին սկսված շղթայի շարունակությունն է՝ դրա վերջին օղակներից մեկը:

 

Պատասխանեով հարցին, թե Ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի կորցրած վանքերից, եկեղեցիներից, տներից հետո այժմ էլ «Արմեն» որբանոցի ճակատագիրն է վիճելի, դա ինչպե՞ս է ազդում նրա վրա, ասել է. «Իհարկե, շատ ցավալի է: Անցյալ տարի այցելել էի որբանոց: Դա այս հողերում գոյության պայքարի մի մասնիկն է: Այսօրվա հայերի գոյության ապացույցը: Սա մի շղթա է: 1915-ից ի վեր մշակութային եղեռնը շարունակվում է: Դա տեսնում ենք: Սակայն այդ շղթան մի տեղ պետք է ընդհատվի: Այո՛, տներից, եկեղեցիներից, վանքերից շատ քչերն են պահպանվել: Բայց պահպանված այդ քարերն էլ մեզ համար մեծ նշանակություն ունեն: Շատ բան են զգալ տալիս»:

 

Հայ արվեստագետը նշել է, որ իր արմատները գալիս են Ուրֆայից, Մարաշից, Ալեքսանդրետից (Իսքենդերուն) ու Քեսաբից: Իր պապերն ու տատերը Ցեղասպանությունից փրկվածներ են:
«Ես էլ, իմ շրջապատի շատ հայերի նման, այդ ողբերգությունից փրկվածներից եմ»,- ասել է նա:

 

Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերից ապացույցներ պահանջող հայտարարության մասին, լուսանկարիչն ասել է, որ իրականում Թուրքիայում շատերը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել:

 

«Այս գիրքն էլ է ցույց տալիս, թե ինչեր են տեղի ունենում: Ընտանիքի պատմության մեջ իրականություն է թաքնված: Իրականում մի մեծ դատարկություն կա: Եկեղեցիներ, վանքեր, տներ… հայ ժողովրդի դեմ իրականացված և Թուրքիայի կողմից դեռ չճանաչված հանցագործության ապացույցն այլ կերպ ինչպե՞ս կարող է լինել: Լուսանկարներից ավելի լավ ապացույցներ կա՞ն: Կցանկանայի նաև հավելել. 100 տարի առաջ սկսված ոչնչացման ծրագիրն անհաջողության է մատնվել: Այո՛, մեր կորուստները շատ են, սակայն հայերը դեռ այս հողերում են ապրում, և շարունակելու են ապրել…»,- ասել է նա:

1