Դավիթ Իշխանյան. ‹‹Մենք քաղաքական մուրացկանությամբ չենք զբաղվում››
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Դավիթ Իշխանյան. ‹‹Մենք քաղաքական մուրացկանությամբ չենք զբաղվում››

Դավիթ Իշխանյան. ‹‹Մենք քաղաքական մուրացկանությամբ չենք զբաղվում››

 

Մայիսի 18-ին armtimes.com լրատվական կայքին տված հարցազրույցում ‹‹Ազատ հայրենիք›› կուսակցության փոխնախագահ, ԼՂՀ 5-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, անդրադառնալով 2017 թվականին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններին, նշել է, որ Արցախի երեք քաղաքական ուժերը՝ ԱԺԿ-ն, ԱՀ-ն եւ ՀՅԴ-ն սատարելու են այն թեկնածուին, ով իրենց կողմից առաջադրված է լինելու:

 

ՀՅԴ Արցախի ԿԿ  ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ի պատասխան վերջինիս հայտարարության, aparaj.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նշյալ հարցի վերաբերյալ  Արթուր Թովմասյանն ապատեղեկատվություն է տարածում:

 

‹‹Որեւէ քննարկում ընդհանրապես չի եղել եւ ,հետեւաբար, չէր կարող լինել նման համաձայնություն: Դեռ նոր են ավարտվել ԼՂՀ ԱԺ ընտրությունները, եւ այժմ վաղ է խոսել նախագահական ընտրությունների մասին››:

 

Ինչ վերաբերում է Արթուր Թովմասյանի այն կարծիքին, որ առանց ‹‹Ազատ հայրենիք›› կուսակցության սատարման որեւէ մեկը չի կարող դառնալ ԼՂՀ նախագահ, Դավիթ Իշխանյանը մեկնաբանեց, որ այս ընտրությունների ֆոնի վրա դատողություններ անել  2017 թվականի նախագահական ընտրությունների մասին եւ արդեն իսկ մրցապայքար հայտարարել` ճիշտ  չէ, նամանավանդ, որ առաջիկայում հնարավոր են այլ քաղաքական զարգացումներ:

 

‹‹Նախագահական ընտրությունների արցախյան փորձը, սկսած 1990-ականների կեսից  առ այսօր,  լուրջ խորհելու տեղիք է տալիս: Ով ում եւ ինչպես է սատարել ,  ինչ նպատակներով եւ քաղաքական դրդապատճառներով՝ թողնում եմ ընթերցողներին: Դաշնակցության համար միշտ էլ կարեւոր է իր կուսակցության որոշումը, եւ այդ որոշումը հարգելու սկզբունքը: Թե ով ում կսատարի` ապագայի հարց է: Կարծում եմ,  որ կոռեկտ չէ հիմա նման հարցադրումներով հանդես գալ, հատկապես,  երբ նոր են ավարտվել ԱԺ ընտրությունները: Գու՞ցե մյուս քաղաքական ուժերը ունեն ներքին համաձայնություն, սակայն ՀՅԴ-ի հետ նման հարց չի քննարկվել:

 

ՀՅԴ-ն, իր հերթին, օրակարգային նման հարց չի ունեցել: Դաշնակցությունն ունի իր համապատասխան կառույցային գործելաոճը: Մասնավորապես, ՀՅԴ  Արցախի կառույցը  երկու տարին մեկ ունենալով իր բարձրագույն ժողովը՝ ճշտում է կուսակցության առաջիկա երկու տարվա քաղաքական ուղեգիծը եւ տալիս իր քաղաքական առաջադրանքները: Հավանաբար, նոյեմբերին կայանալիք մեր բարձրագույն ժողովում մենք  կանդրադառնանք 2017 թվականի նախագահական ընտրություններին››,- ասաց Դավիթ Իշխանյանը:

 

‹‹Ազատ հայրենիք›› կուսակցության փոխնախագահը նաեւ կարծիք է հայտնել, թե իբր ‹‹Ազատ հայրենիք›› կուսակցությունն է ԼՂՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը ‹‹շնորհել››  Դաշնակցությանը:

 

Այս վերաբերյալ  Դավիթ Իշխանյանը նշեց.

 

‹‹Մեզ այդ պաշտոնը ոչ ոք չի կարող ընծայել: Մենք ձեռք ենք բերել այդ իրավունքը՝ լինելով երկրորդ քաղաքական ուժը ԼՂՀ խորհրդարանում: Մենք  քաղաքական մուրացկանություն չենք արել երբեւէ,  եւ  որեւէ  մեկը թող չփորձի ներկայացնել մեզ այդ դերում:

 

Եթե 5 տարի առաջ խախտվել է խորհրդարանում մեծամասնության քվե ստացած  քաղաքական ուժի՝ որպես խորհրդարանի  ղեկավարի  պաշտոն ստանձնելու մշակույթը, ապա այսօր էլ այդպիսի մշակույթով առաջնորդվողները  թող չփորձեն   սեփական քաղաքական սխալներն ու վրիպումները  բարդել ուրիշների վրա››:

 

1