Արամ Ա կաթողիկոսը Սիսի կաթողիկոսարանի պահանջով հայցի վերաբերյալ հարցազրույց է տվել New York Times-ին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արամ Ա կաթողիկոսը Սիսի կաթողիկոսարանի պահանջով հայցի վերաբերյալ հարցազրույց է տվել New York Times-ին

Արամ Ա կաթողիկոսը Սիսի կաթողիկոսարանի պահանջով հայցի վերաբերյալ հարցազրույց է տվել New York Times-ին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականի հետ զրուցել է Սիսի կաթողիկոսարանը հետ վերադարձնելու նպատակով Թուրքիայի դեմ ներկայացրած հայցի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա հայտնել է, որ դատական հայց ներկայացնելու մասին որոշում է կայացրել 30 իրավաբանի, այդ թվում և՝ Թուրքիայից մասնագետների հետ խորհրդակցելուց հետո:

 

Ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ է եկեղեցու դերը` Արամ Ա կաթողիկոսը նշել է. «Կարծում եմ, որ հարյուր տարի անց արդեն վաղուց ժամանակն է, որ մենք շեշտը դնենք փոխհատուցման վրա»: 

 

«Սա առաջին իրավական քայլն է: Դրան կհաջորդեն մեր պահանջները` վերադարձնելու բոլոր եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան հողերը և, ի վերջո, անհատական սեփականությունները: Մենք պետք է առաջ գնանք քայլ առ քայլ»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

 

Արամ Ա կաթողիկոսը տեղկացրել է նաև, որ Թուրքիայի սահմանադրական դատարանը դեռևս որևէ պատասխան չի տվել իրենց ներկայացրած հայցադիմումին, և գուցե դատավորներն այն պարզապես անտեսել են:

 

Այդուհադերձ թուրքական Քոզանի (Սիս) քաղաքապետ Մուսա Օզթուրքը հայկական կողմի ներկայացրած դիմումին անմիջապես արձագանքել էր` նշելով. «Անգամ մի փոքր հողակտոր չի տրվի որևէ մեկին»:

 

Արամ Ա կաթողիկոսը, որը երբեք չի այցելել Սիսի կաթողիկոսարանի տարածք, նշել է, որ մտավախություն ունի, թե թուրքական իշխանությունները իրենց գործողություններով վերացրել են այդտեղից հայկական ինքնության հետքը: Նա նաև հայտնել է, որ իրենց դիրքորոշումը դատական գործընթացում հակառակ է քրիստոնեական արժեքներից մեկին` ներողամտությանը: «Ներողամտությունը գալիս է, երբ կա խոստովանանք, զղջում, մեղքի ընդունում: Հաշտեցումը մեր համամարդկային արժեքների և հավատի մի մասն է, բայց նախ և առաջ Թուրքիան պետք է հաշտվի սեփական անցյալի հետ»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը:

 

Եկեղեցու առաջատար փաստաբան Փայամ Ախավանը, որը ևս տվյալ գործում ներգրավված իրավաբաններից է, ամերիկյան պարբերականի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ թուրքական դատարանի կողմից մերժում ստանալու դեպքում հայցը տեղափոխելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Մենք սեփականության պահանջ ենք ներկայացրել: մենք չենք խնդրում, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Մեր պահանջը շատ պրագմատիկ է»,- նշել է նա:

 
1