Անկեղծանում են հերոսները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Անկեղծանում են հերոսները

Անկեղծանում են հերոսները

Պողոս Խամոյան

 

Ամեն անգամ, երբ բախտ եմ ունենում ծանոթանալ ու գրել նման մարդկանց մասին,  հպարտություն  եւ ցավ եմ ապրում միաժամանակ: Հպարտություն, որովհետեւ այս մարդիկ են, որ կարողացան գիտակցել օրհասական պահը եւ Արցախյան պատերազմը պատմության մեջ թողնել որպես հերոսական ու  հպարտանքի  մի էջ:  Ցավ եմ ապրում, քանզի նման մարդիկ քայլում ու ապրում են մեր  կողքին, նրանցից շատերի հետ մենք ամեն օր շփվում ենք կամ գուցե անցնում նրանց կողքով, բայց չենք գիտակցում, որ մարդկային այդ տեսակներն են, ովքեր իրենք իրենց չխնայելով՝ կյանք են պարգեւել մեզ ու մեր սերունդներին: Չենք գիտակցում, որ մեր մի բարևով, մի ժպիտով նրանց օրն ավելի պայծառ է դառնում, որովհետև հենց այդ պայծառ օրվա համար են նրանք պայքարել, զոհվել, վիրավորվել կամ էլ՝ փրկվել գնդակից:

 

Նրանցից շատերի կենսագրություններն անհայտ են մերօրյա սերնդին, նրանցից շատերը չափազանց համեստ են եւ չեն սիրում խոսել իրենց մասին: Նրանցից շատերն էլ ապրում են դժվար կյանքով՝ կռիվ տալով առօրյա անարդարությունների դեմ, օր ու գիշեր աշխատելով ու հանապազօրյա հացն արդար քրտինքով վաստակելով: Նման մարդիկ սովորաբար չեն տրտնջում, շատերի պես չեն հեռանում հայրենիքից, այլ շարունակում են մնալ ու ապրել այն հողի վրա, որի համար կյանք չեն խնայել: Բայց, այդուհանդերձ, հենց նման մարդիկ են, որ արժանի են գնահատանքի ու ակնածանքի: Նրանք իրավունք չունեն այս հողի վրա մոռացված ապրելու, որովհետեւ նրանք են այս հողի իրական տերերը…

 

Պողոս Խամոյանի հետ ծանոթացա շատ պատահական, բայց նրա կերպարին ու գործին չանդրադառնալ չեմ  կարող, թեեւ նա ամեն գնով խուսափում էր հարցերից: Այնուամենայնիվ, նա  զրույցի ժամանակ անկեղծացավ՝ պատմելով իր անցած ուղու եւ ներկայի մասին:

 

Պողոս Խամոյանը ծնվել է 1961-ին, Թալինի շրջանի Դավթաշեն գյուղում: Նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Սասնո գավառից: Հայրենիքի հանդեպ սերը փոխանցվել է արմատներով՝ որպես ժառանգություն: Ու պատահական չէ, որ Արցախյան պատերազմի օրերին Պողոսը եղավ այն առաջիններից, որ զինվորագրվեց Արցախի պաշտպանությանը:

 

«Լինելով գաղթական սասունցու թոռ՝ ես չէի կարող այլ կերպ վարվել, չէի կարող պապերիս վրեժը չլուծել մեր դարավոր թշնամուց: Դա այն պարտքն էր, որը պարտավոր է կատարել ամեն մի հայ, մանավանդ Ցեղասպանության տեսածների ժառանգները,- ասում է Պողոսը,- պապս պատմում էր, որ Սասունի ջարդերի ժամանակ այն գյուղը, որը զենք է վերցրել ու պայքարել, մասամբ փրկվել է ջարդերից, իսկ ովքեր հլու-հնազանդ հանձնվել են թշնամուն, դաժանաբար կոտորվել են….ուրեմն՝ թշնամուն իր որջում պետք է ոչնչացնել, չպետք է թողնել, որ նա քո տուն հասնի….»,- պատմում է Պողոսը:

 

Սասունցու ոգին Պողոսին բերեց Արցախ…Չէր կարելի թույլ տալ, որ հայը նորից ցեղասպանություն ապրեր…

 

Մինչ Արցախ գալը Պողոսը նաեւ մասնակցել է Հայաստանի սահմանամերձ  գյուղերի ինքնապաշտպանական մարտերին՝ Նոյեմբերյան, Իջևան, հետո՝ Գորիս, իսկ 1992-ին արդեն Արցախում էր, սկզբում Մաճկալաշենում, ապա 1992 սեպտեմբերից՝  Շուշիի առանձնակի գումարտակի կազմում:  

 

Մասնակցել է Մարտակերտի գյուղերի, Մարտակերտ քաղաքի, Աղդամի, Ֆիզուլիի, Զանգելանի, Կուբաթլուի եւ շատ այլ մարտերի:

 

«Շուշիի ազատագրմանն իմ մասնակցությունն  ուղակի չի եղել,- պատմում է նա,- ես այդ օրերին եղել եմ Ամարասի ձորակի՝ Մաճկալաշենի պաշտպանական դիրքերում: Մեր խնդիրն է եղել թույլ չտալ, որ հակառակորդն այդ ուղությամբ գործողություներ ձեռնարկի….Բայց, երբ հեռակապով իմացանք, որ Շուշին արդեն ազատագրված է, շտապեցինք Ամարաս վանք, որը  գտնվում էր մեր և ազերների դիրքերի միջեւ: Մենք հնչեցրինք հինավուրց Ամարասի զանգերը: Ես ու  ընկերս՝ Համիկը,  ամեն գիշեր, ժամը ուղիղ 12:00-ին հնչեցնում էինք վանքի զանգերը, իսկ  կատաղած ազերիներն ամբողջ մեկ ժամ գնդակոծում ու ռմբակոծում էին մեր դիրքերը և վանքի հարակից տարածքները….Ամարասի զանգերը մեր հաղթանակի կոչնակներն էին…»:

 

1993 թվականին Պողոս Խամոյանն անդամագրվեց ՀՅ Դաշնակցության շարքերը: Այս որոշման մասին նա ասում է. «Իմ կարծիքով՝ ամեն մի հայ պետք է լինի հեղափոխական, այսինքն՝ կողմ լինի, նպաստի իր երկրում առկա թերությունների արմատական վերացմանը, ամեն դեպքում զորավիգ լինի իր ազգային շահերին, գործի ի նպաստ ազգային գաղափարի….Դա է որդեգրել  ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ արդեն 124 տարի, և դրան հասնելու համար մենք պետք է ունենանք ներքին համերաշխություն, միասնություն: Երդվյալ կուսակցական եմ 1993թ-ից, բայց ներքուստ որդեգրել եմ իմ մեծ պապի եղբոր, հորեղբոր, հայրիկիս քեռու բռնած ուղին, ովքեր ստալինյան ռեպրեսիայի զոհերից են եղել…:

 

1994 թվականի հունվարին ազերիների ահեղ հակագրոհների ժամանակ Պողոսը Ֆիզուլու Կարախամբեյլի գյուղի պաշտպանական գծում ստանում է վնասվածք, որի հետեւանքները մինչ օրս ուղեկցում են նրան: Արդեն թվով վեցերորդ վիրահատությունն է տանում՝ կոնքազդրի  էնթոպրոտեզավորում: Ունի հաշմանդամության երկրորդ կարգ, մշտական աշխատանք չունի, բայց հանապազօրյա հացը վաստակում է անձնական օգտագործման ժիգուլի մակնիշի մեքենայով երբեմն /գործ եղած ժամանակ/ տաքսի վարելով: Ապրում է հայրենի գյուղում՝ Դավթաշենում:

 

«Այսօր ես՝ որպես ազատամարտիկ, ցավ եմ ապրում տեսելով դատարկվող Հայաստանը: 1992-ին, երբ առաջին անգամ ոտք դրեցի Արցախ, մարդկանց աչքերում հույս ու հավատ էի տեսնում: Այդ դաժան օրերին մարդիք ավելի վստահ ու համարձակ էին: Հիշում եմ՝ Մաճկալաշենում, չնայած ռմբակոծություներին ու կրակոցներին, փողոցներում ամենուր երեխաներ էին խաղում՝ արհամարելով պատերազմը, որովհետև այդ ժամանակ բոլորն էին վստահ, որ հաղթանակը չի ուշանալու: Այդ օրերին 100 ավելի երեխաներ էին սովորում գյուղի դպրոցում:

 

Այսօր կուզեի տեսնել 90-ակաների արցախցուն, ով ինքնավստահ էր, անպարտելի…Ապշում եմ  այն հերոսներից, ովքեր պատերազմի օրերին հրացաններով դուրս էին եկել թշնամու տանկերի դեմ, իսկ այսօր վախենում են իրենց արդարացի պահանջները ներկայացնել՝ իրենց իսկ կերտած անկախ հայրենիքը նորից պաշտպանելու, արդարութունը վերականգնելու… Ցավ եմ ապրում երբ օր-օրի ստեղծվում են տարբեր կուսակցություներ, ազատամարտիկներին զատող, ազգը մասնատող տարբեր միություններ, հասարակական ինչ-որ մութ կազմակերպություներ…

 

Պատմությունից մեզ հայտնի է, երբ հայը  պետականորեն առավելությունների ու հաջողությունների է հասել, դրան զուգահեռ ունեցել ենք մեր թագավորների և իշխանների անհամերաշխությունը, ներքին դավադրություները, ոչ ճիշտ պետական քաղաքականության ընտրությունը, որ միշտ տարել է դեպի անկում….»,- խոր ցավով նշում է ազատամարտիկը եւ հայտնում իր մեծ փափագի մասին. «Կուզեի, որ ոչ մի հայ չլքի իր հայրենիքը, որ հայն արժանավայել ապրի իր հայրենիքում, որ հայրենիքը լինի ոչ թե առանձին անձերի սեփականությունը, այլ՝ բոլորինը:  Կուզեի, որ ամեն մի հայ՝ լինի բժիշկ, ուսուցիչ, նախարար, թե նախագահ, մտածեր մեր տարած հաղթանակների և այսօրվա մեր խաթարված հավատի համար»,- նա ժպտում է խորիմաստ ու հիշում նժդեհյան խոսքերը. «Վա՛յ այն զինվորին ու զորքին, որն իր ղեկավարների աչքերի մեջ բոց, շարժումների մեջ` վճռականություն, սրի ծայրին` շանթ, չի տեսնում…>>:

 

 Հերմինե Ավագյան

1