ԱՄՆ-ն ոչ թե մեկ, այլ առնվազն չորս անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Հարութ Սասունյանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԱՄՆ-ն ոչ թե մեկ, այլ առնվազն չորս անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Հարութ Սասունյանը

ԱՄՆ-ն ոչ թե մեկ, այլ առնվազն չորս անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Հարութ Սասունյանը

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը համակարծիք է՝ աշխարհում ընդդեմ Հայոց ցեղասպանության մեծ արշավ կա, բայց դա ընդամենը հայերին ուրախացնելու առիթ է տալիս և ոչ որևէ իրավական հետևանք։ «Որևէ իրավական հետևանք չունի այդ արձագանքը: Միակ լավ բանն այն է, որ մենք լավ ենք զգում, երբ աշխարհը ճանաչում է մեր Ցեղասպանությունը, այլ իրավական ուժ այդ հայտարարություններն ու բանաձևերը չունեն»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարութ Սասունյանը։

 

Նրա համար առավել քան անհասկանալի է հայ ժողովրդի և նաև իշխանության ու բոլորի սպասելիքները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից, թե նա կարտասանի «ցեղասպանություն» բառը, թե՝ ոչ, ու իբր թե ԱՄՆ-ն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Առնվազն անտեղյակություն կա և իսկապես մենք դրանով մեծ վնաս ենք տալիս մեր պատվին ու պահանջատիրությանը՝ անընդհատ սպասելով, թե ԱՄՆ նախագահը ինչ կասի, Քլինթոն, Բուշ կրտսեր, Բուշ մեծ, հիմա էլ Օբաման»,- ասաց նա և նշեց, թե  շունչները պահել այդ բառի արտասանության վրա անտեղի ժամանակի վատնում է։

 

«Եթե ԱՄՆ նախագահն ասի դա ոչ մի արժեք չունի, պարզապես լավ զգացմունքի և խոսքի մակարդակում է: Շատ մարդիկ, նույնիսկ ղեկավար աթոռների վրա Հայաստանում և սփյուռքում, սպասում են ԱՄՆ նախագահի «ցեղասպանություն» բառին և երբ օրինակ՝ Օբաման չի ասում, բոլորը գրում են և սխալ տեղեկություն փոխանցում՝ ասելով, թե ԱՄՆ-ն չի ճանաչում ցեղասպանությունը: Նման բան չկա, իրողությունն այն է, որ ԱՄՆ-ն ոչ միայն ճանաչել է, այլ ճանաչել է բազմաթիվ անգամներ»,- նշեց նա և կոնկրետ փաստացի տվյալներ ներկայացրեց, որի մասին նշեց, որ այնպես չէ, թե դրա մասին միայն ինքը գիտի, այլ փաստեր են, որից հետո նույն աղմուկն է բարձրացել, նույն Թուրքիան հետ է  կանչել իր դեսպանին։ 

 

«1951 թ-ին ԱՄՆ Կառավարությունն ուղարկել է պաշտոնական փաթեթ, որտեղ նշվում է 20-րդ դարում տեղի ունեցած երկու ցեղասպանությունների մասին՝ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին, երկու դեպքում էլ օգտագործելով «ցեղասպանություն» բառը, այսինքն՝  արդեն 1951թ-ին ԱՄՆ կառավարության մակարդակով ճանաչում ունենք և ինչ էլ արել ենք դրանից հետո ԱՄՆ-ի համար՝ իզուր ենք արել ու եթե մի անգամ ճանաչել է՝ երկրորդ անգամ, երրորդ անգամ ճանաչել իմաստ չունի»,- ասաց նա և նկատեց, թե 60 տարի վատնել ենք՝ հետապնդելով ճանաչումը:

 

«Բայց այստեղ չի կանգնում մեր անտեղյակությունը. 1975-ին էլ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը, ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներից մեկը մի բանաձև է ընդունել, որն ընդունվել է միաձայն՝ 431 կոնգրեսականների կողմից, որտեղ ասվում է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի օրն է, և ասում է միաձայն և այդ բոլոր փաստաթղթերը կան։ Այսինքն՝ 75-ին ԱՄՆ-ից ստանում ենք երկրորդ մի ճանաչում, բայց այստեղ էլ մենք կանգ չենք առնում և սպասում երրորդ, չորրորդ ու հարյուրերոդ անգամին»,- ասաց նա։

 

Նա շարունակեց, որ 1981թ-ին ապրիլի 22-ին ԱՄՆ նախագահ Ռեյգանը հռչակագիր է ընդունում, որը ոչ ելույթ է ու ոչ էլ ճառ, այլ Սպիտակ տան կողմից պաշտոնական հռչակագիր, որտեղ բառացի նշվում է հայկական ցեղասպանություն: «Այսինքն՝ Կառավարության, Կոնգրեսի, ու Նախագահի մակարդակով ունենք ճանաչում, բայց մենք շարունակում ենք, դեռ ավելին՝ 1984թ-ին էլ հաջողվում է մի անգամ ևս Կոնգրեսում բանաձև անցկացնել, որտեղ ասվում է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի օրն է»,- ասաց նա և նշեց, որ դեռ 3 անգամ էլ դաշնային դատարաններում եղել են որոշումներ Ցեղասպանության հարցով։ Մինչդեռ ըստ նրա՝ երկրների թիվ են նշում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, որտեղ ԱՄՆ-ն չկա։

 

Իսկ թե ինչն է պատճառը, որ կենտրոնացել ենք ԱՄՆ-ի վրա, Հարութ Սասունյանը մի քանի պատճառ է թվում, որից առաջինն ըստ նրա անտեղյակություն է։ Երկրորդ պատճառն ըստ նրա, սկսել են ճանաչման գործընթաց, որը շարունակում են մեխանիկորեն, քանի որ դա անում են այն մարդիկ, ովքեր այլ բան անել չեն կարող և չեն կարող իրավական ընթացք սկսել։  

 

Երրորդ պատճառը Հարութ Սասունյանի խոսքով այն է, որ հայ ժողովուրդը երբեք լավ քաղաքական միտք չունի և չի էլ ունեցել։ «Մեր ողջ պատմության ընթացքում չենք ունեցել երբեք լավ քաղաքական միտք, եղել ենք փայլուն ամեն ինչ, բայց ոչ փայլուն քաղաքական գործիչներ, միշտ եղել ենք ուրիշի իշխանության տակ, քանի որ քաղաքական հասունություն չենք ունեցել, որ որպես ժողովուրդ՝ տանեք առաջ: Այսօր էլ չունենք քաղաքական փայլուն միտք, և չենք անում այն, ինչ պետք է անենք»,- ասաց նա և ևս մեկ անգամ կոչ արեց, որ որևէ պատճառ չկա կենտրոնանալու ԱՄՆ-ի վրա։

 

«Նույնիսկ եթե վաղը հրաշք պատահի և վաղը բանաձև ընդունվի Կոնգեսի կողմից, կամ Օբաման ասի «ցեղասպանություն» բառը, հետո, ի՞նչ, նորե՞ն պետք է պնդենք, որ հաջորդ անգամ ասի։ Սա քաղաքական ոչ հասունության արդյունք է»,- եզրափակեց նա:

1