Ջահերով երթ Ստեփանակերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ջահերով երթ Ստեփանակերտում

Ջահերով երթ Ստեփանակերտում

Մարդկության անտարբեր հայացքի ներքո 1915-ին  մորթվեց միլիոն ու կես հայ, տեղահանվեց, դարձավ ցիրուցան, սակայն երբեք չկորցրեց իր ազատության իդեալը:

 

Մեկ դար է արդեն, ինչ  Թուրքիայի անողոք ձեռքով մորթված ժողովուրդը պահանջում է իր հանդեպ գործած մեծագույն հանցագործության արդար դատը: Մեկ դար է արդեն, ինչ հայն ազգովի պահանջատեր է…

 

Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից յուրաքանչյուր տարվա ապրիլին աշխարհի տասնյակ երկրներում, որպես հայության արդար պահանջի խորհրդանիշ, կազմակերպվում են ջահերով երթեր: Ջահերով երթերին մասնկացում են հազարավոր մարդիկ, ովքեր այդ միջաոցառմանն իրենց մասնակցությամբ ցույց են տալիս աշխարհին ու մեծագույն ոճրագործին՝Թուրքիային, որ իրենք ոչ թե սոսկ սգում են միլիոն ու կես հայերի մահը, այլեւ՝ ոտքի են ելել ճանաչման ու հատուցման պահանջով: Վառվող ջահը խորհրդանշում է հայոց ազգային հիշողությունը,որը ոչ ոք ու ոչինչ չի կարող հանգցնել. հիշողությունը  արդար դատաստանի է սպասում:

 

Արցախում արդեն երկար տարիներ է, ինչ կազմակերպվում է ջահերով երթ: Երթի նախաձեռնողն ու կազմակերպիչը ՀՅԴ Արցախի երիտասարդական եւ <<Արամ Մանուկյան>> ուսանողական միություններն են: Երթին ամեն տարի իրենց մասնակցությունն են բերում Արցախի հազարավոր երիտասարդներ՝ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ՝շրջաններից:

 

Այս տարի ջահերթն Արցախում տեղի ունեցավ ապրիլի 24-ին: Երեկոյան Ստեփանակերտի Սբ. Հակոբ եղեղեցում, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ, մատուցվեց սուրբ պատարագ՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, այնուհետեւ՝  20:00-ին  եկեղեցու բակից 7 հազարից ավելի արցախահայ երիտասադրներ վառվող մոմերով ու ջահերով, պահանջատիրական պաստառներով շարժվեցին դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:  Ջահակիրներն իրենց հետ տանում էին Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, ՀՅ Դաշնակցության եւ  որպես երախտագիտության հավաստիք՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները: Ճանապարհին ՀՅԴ երիտասարդները վառեցին ցեղասպան երկրների՝ Թուրքիայի եւ նրա եղբայրակից Ադրբեջանի դրոշները:

 

Երթն առաջնորդում էին  ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ՀՅԴ անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, կուսակցական մի շարք ընկերներ:

 

<<Հատուցու՛մ>>, <<Ո՛չ ցեղասպանությանը>>, <<Մենք պահանջատեր ենք>>, <<Ամո՛թ Թուրքիային>> , <<Մենք են  հայի նոր տեսակը>>, <<Ե՛ս եմ Հայ դատը>>  եւ նման այլ կոչերով ու ազգային-հեղափոխական երգերով երթի մասնակիցները հասան Հուշահամալիր՝ իրենց խոնարհումը բերելու ցեղասպանության զոհերին:

 

Հուշահամալիրում ներկաներին խոսք ուղղեց  ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ՀՅ Դաշնակցության  անդամ, ՀՅԴ ԱԵՄ-ի նախկին ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը: << Աշխարհը սկսել է հասկանալ եւ ընդունել հայության հանդեպ գործած  ոճիրը: Իսկ այն անպատժելիությունը, որը դավանում է թուրքական իշխանությունը, ի վերջո հատուցվելու է: Թուրքիան ոչ միայն պետք է ընդունի պատմական իրողությունը, այլ  հասկանա, որ իր ինքնության խնդիրն ունի.ինքնություն, որն այսօր ճաքեր է տալիս եւ առերեսվելով այդ ինքնությանը՝ ընդունի, որ չի կարելի ուրիշի հայրենիքում իր հայրենիքը կառուցել…>> ,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը՝  կոչ անելով երիտասարդներին երբեք չնահանջել արդարության վերականգնման պահանջից, լինել միասնական ու միակամ՝ անկախ քաղաքական հայացքներից ու գաղափարներից:

 

ՀՅԴ Արցախի երիտասարդկան միության վարիչ մարմնի ներկայացուցիչ Վահրամ Հովսեփյանն իր ելույթում նշեց. <<Այսօր Թուրքիայի լկտիությունը հասել է այն աստիճանի, որ ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը նշում է իր <<հաղթական տոնը>>: Սակայն ցավալին սոսկ դա չէ, ցավալին այն է, որ աշխարհի որոշ երկրներ շարունակում են մնալ նրա համախոհները՝ իրենց լռությամբ հող պատրաստելով ցեղասպանության կրկնության համար…1915-ը մեզ համար  մեծ դաս եղավ: Այդ դասը թելադրեց, որ մենք կանխենք այն ցեղասպանությունը, որը, որպես 1915-ի անպատժելության շարունակություն, պիտի իրականցվեր Արցախում՝ Թուրքիայի եղբայր Ադրբեջանի ձեռքով: Արցախյան շարժումն ու պատերազմը կանխեցին նոր ցեղասպանության իրագործումը:

 

 Աշխարհի ողջ հայությունն այսօր պահանջատեր է: Ես վստահ եմ, որ մեր հայրերի ու մայրերի փորձը, գումարելով մեր երիտասարդության ավյունին, կարող ենք ստիպել ոճրագործին ընդունել իր հանցանքը, պատասխան տալ, հատուցել…>>:

 

Երթի մասնակից, պատմության ուսուցչուհի Արևիկ Սարգսյանն արդեն երկար տարիներ է, ինչ իր աշակերտներով մասնակցում է ջահերթին:  << Բոլոր ազգերի համար պայքարը գոյությունը պահպանելու պարտադիր պայման է: Հոգեվարքի մեջ անգամ , համախմբելով իր ուժերը, մեր ժողովուրդը կարողացավ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերով ապահովել իր կենսունակությունը եւ վեցդարյա կորուստից հետո հռչակել իր անկախությունն ու պետականությունը>>,-ասում է Արևիկը եւ նշում, որ այս միջոցառումը հայրենասիրության ու նվիրումի մեծագույն դաս է իր աշակերտների համար, քանի որ նրանք են պայքարի շարունակողները, եւ եթե մենք չհասնենք մեր պապերի արդար դատին, ապա գալիք սերունդը, անշուշտ, կտեսնի այն: Հեռու չէ Վանա ծովի այն արշալույսը, որին սպասում է  յուրաքանչյուր հայ…

 

Հերմինե Ավագյան

1