Ինձ համար խաղաղությունն է երջանկության բանաձևը. Մելանյա Բալայան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ինձ համար խաղաղությունն է երջանկության բանաձևը. Մելանյա Բալայան

Ինձ համար խաղաղությունն է երջանկության բանաձևը. Մելանյա Բալայան

Մելանյա Բալայանը Արցախի պետական պատմա-երկրագիտական թանգարանի տնօրենն է, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ: Այն հայ կանանցից է, ով իր ամբողջ կյանքի ընթացքում սրտացավություն ու պատասխանատվություն է կրել երկրի ներկայի ու ապագայի նկատմամբ:

 

Ծնվել է 1963թ. մարտի 1-ին՝ ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում: 1980թ. ավարտել  է տեղի միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1990թ-ից սկսել է իր աշխատանքային գործունեությունը:

 

1990-1999թթ. աշխատել է քաղաք Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2-րդ դպրոցում՝ որպես պատմության ուսուցչուհի: 1999 թվականից  դասավանդում է ԱրՊՀ-ում: 1997թ. փետրվարից նշանակվել է Արցախի պետական պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն  և առ այսօր աշխատում է նշյալ պաշտոնում:

 

2004թ. ՀՀ Գիտություների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ «Հայ Աղվանից եկեղեցին. սկզբնավորումից մինչև 15-րդ դարը» թեմայով: Մելանյա Բալայանը ամուսնացած է պատմական գիտությունների դոկտոր-պրեֆեսոր Վահրամ Բալայանի հետ: Ունի 2 զավակ եւ 2 թոռ:

 

Մեզ հետ ունեցած անկեղծ զրույցի ժամանակ խոստովանեց, որ Արցախի մշակութային կյանքում կան թերություններ, որի առաջին խոչընդոտը, նրա կարծիքով, Արցախի փաստացի չճանաչված երկիր լինելն է: «Սա, իհարկե, մեծ խոչընդոտ է մեր մշակույթն աշխարհին ներկայացնելու առումով, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի բավարարվենք դրանով: Ընդհակառակը, մեր նպատակներին հասնելու համար պիտի պայքարենք, որովհետև կյանքն ինքնին պայքար է»,- ասում է Մելանյա Բալայանը:

 

«Ուզենք, թե չուզենք, այսօր մեր մշակույթն ինքնըստինքյան քաղաքականացված է:  Սկսած մեր հնագիտական հավաքածուներից՝ մենք անընդհատ փորձում ենք հիմնավորել, որ այն, ինչը գտնվել է այստեղ՝ հայկական է իր ծագմամբ, էությամբ և այլն:  Արցախի տարածքում հայտնաբերված պատմամշակութային արժեքները ձևավորվում են հստակ պատկերացումներ այն ստեղծող ժողովրդի ազգային յուրահատկությունների, հավատքի, ընդհանուր կենսակերպի մասին:

 

Պատմամշակութային ժառանգությունը հավուր պատշաճին պահպանելով ու հանրությանը մատուցելով՝ մենք մեր կարևորագույն ու արժանի նպաստը կունենանք ԼՂՀ ճանաչման առկա բարդ ու խճճված գործընթացում: Բանակցությունների ընթացքում անընդհատ շահարկվող «գրաված տարածքների» հիմնախնդիրը միանգամայն այլ ձևակերպում է ստանում, երբ դիվանագետների առջև ծառանում են հիշյալ տարածքներում թեկուզև շատ քիչ քանակությամբ տակավին պահպանվող հայկական հուշարձանները եւ ընդհանրապես իր հիմքով քրիստոնեական, պատմամշակութային ժառանգությունը»,-համոզված է տիկին Մելանյան:

 

Մ. Բալայանը նշում է, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի ներկայանանք աշխարհին մեր ամբողջական մշակույթով:  Մշակույթի բնագավառում, նրա կարծիքով, ամենամեծ բացթողումենրից մեկը մեր մշակութային օջախների անմխիթար վիճակն է: Մեր մշակութային ժառանգությունը պահպանող մի պատկառելի հատվածն են կազմում առկա թանգարանային և գրադարանային հավաքածուները, որոնք հանրությանը ներկայանում են ոչ պատշաճ պայմաններում։ Սա, ինչպես նա է ասում, իհարկե, կապված է նյութական հնարավորությունների հետ: Բայց և երբեք չպետք է անտեսել այն պարզ իրողությունը, որ մշակույթի ճիշտ մատուցման շնորհիվ  կարող ենք նաև տնտեսական հիմնախնդիրներ լուծել: Այսինքն՝ մշակույթը պետք է դիտել որպես սոցիալ-տնտեսական կյանքի կայուն զարգացման կարևոր գործոն:

 

«Սակայն չի կարելի նաև ասել, որ մեր մշակույթը չի զարգանում: Այսօր մեր մշակույթը ներկայացվում է աշխարհի հանրությանը, բայց,  իհարկե, բավարավել նրանով, ինչ ունենք՝ անթույլատրելի է:  Արագընթաց 21-րդ դարը նոր թիրախներ ու խնդիրներ է դնում մեր առջև, պահանջում գտնել նոր որակներ ու լուծումներ, որոնք միջազգայնորեն մրցունակ են, իսկ ազգային հեռանկարի առումով՝ շահեկան։ Եվ միայն արդյունավետ մշակված մշակութային քաղաքականության իրականացման ճանապարհով կարելի է հասնել ազգային ռազմավարական կարևորագույն խնդիրների լուծմանը»:

 

Խոսելով Արցախի մշակութային կյանքում երիտասարդության ներգրավվածության և թանգարան այցելելու մասին՝ տիկին Մելանյան ասում է. «Երիտասարդությունը անտարբեր չէ, և այցելություններ լինում են: Իհարկե, միշտ էլ կարելի է ասել, որ դա քիչ է և չբավարարվել դրանով, ձգտել ավելի ներգրավել երիտասարդությանը, բայց դրա միջոցը, թերևս, ավելի ակտիվ գործունեությունն է, որը պիտք է իրականացնի թանգարանը»:

 

Թանգարանն այսօր, ցավոք,  գտնվում է վատթար վիճակում եւ տնօրենի հավաստմամբ՝  պայմանները թույլ չեն տալիս  ազգային հիմնախնդիրներին նվիրված, բովանդակային ու հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել, որպեսզի կարողանան գրավել երիտասարդության ուշադրությունն ու դրանով իսկ ապահովել երիտասարդության՝ առավել ակտիվ մասնակցությունը թանգարանային կյանքին, ինչպես նաեւ մեր ազգային արժեքների հիման վրա ներկայացվող ազգային պատմության շնորհիվ՝ նպաստել  երտասարդության ազգային գաղափարախոսության  ու ազգային ինքնությունը գիտակցող քաղաքացու ձևավորման գործին:

 

Ընտանիքում ունենալով պատմաբան ամուսին՝ տիկին Մելանյան ժխտում է այն կարծիքը, որ նույն մասնագիտությամբ մարդիկ դժվար են համատեղվում կյանքում:

«Իմ կյանքի փորձից կարող եմ ասել, որ հակառակը՝ նույն մասնագիտությամբ  ամուսինները իրենց համատեղ կյանքի ընթացքում նաև մասնագիտական առումով են կապվում իրար, ամուսնական հարաբերությունները ինչ -որ տեղ վեր է ածվում նաև գործնականի, ընկերականի, որն էլ, իմ կարծիքով, ավելի ամուր է դարձնում զույգերի կապը»,- ասաց Մ. Բալայանը:

 

Կնոջ երջանկության բանաձևը համարում է խաղաղությունը, ասում է. «Եթե աշխարհը խաղաղ է, եթե  քո երկիրը խաղաղ է, սա երևի ցանկացած կնոջ ամենամեծ երջանկությունն է: Մի՞գուցե որպես պատմաբան, անցյալի արհավիրքներին ծանոթ լինելու պատճառով է, համենայնդեպս, ինձ համար խաղաղությունն է երջանկության բանաձևը…»

 

Հայ կնոջ դերը տիկին Մելանյան, առաջին հերթին, տեսնում է ընտանիքում եւ նրա ամենամեծ կոչումը համարում է ընտանիքի մայր, ընտանիքի հիմնասյուն լինելը:

 

«Իհարկե, եթե կինը հասցնում է ընտանիքի հետ նաև զուգակցել հասարակական, քաղաքական գործնեությունը, բնականաբար, շատ ավելի ընդունելի, օգտակար ու հաճելի երևույթ է: Հասարակական, քաղաքական կյանքում կինը միշտ էլ կարող է և պետք է ունենա իր լիարժեք դերակատարությունը: Ես, թերևս, տարբերություն չեմ դնում կնոջ և տղամարդու միջև հասարակական-քաղաքական կյանքում: Եթե կինը ունի համապատասխան մտավոր ունակություններ ու հնարավորություններ իր նպաստը բերելու հասարակական կյանքի կայացմանը, ազգային ընդհանուր առաջընթացին, ապա պետք է իրեն արժանի դերակատարությունն ունենա այդ գործընթացներում:

 

Պատմությունը մեզ շատ դրվագներ է բերում, երբ երկիրը ծանր իրավիճակում հայտնվելու դեպքում տղամարդու հետ մեկ տեղ ոտքի է կանգնել նաև հայ կինը՝ կիսելով հայրենիքի ճակատագիրը, ժողովրդի ցավն ու տառապանքները: Բնականաբար, այլ կերպ լինել չէր կարող, որովհետև կինը հասարակության լիարժեք անդամ է, ժողովրդի մի մասնիկը: Եվ այն փաստը, որ այսօր կինն ուզում է մեր հասարակական, քաղաքակական կյանքի ակտիվ մասնակիցը լինել՝ կապված է նաև մեր պատմական անցյալի հետ: Այսինքն՝ դա անցյալից ծնունդ առած, հիմնավորված ու արժևորված, շարունակական մի երևույթ է»,- ասում է նա:

 

Մելանյա Բալայանը  նաեւ ԼՂՀ ԱԺ գալիք ընտրություններում ՀՅԴ համամասնական ցանկով առաջադրված թեկանծու է:

 

Հարցին, թե իր կարծիքով ինչը՞ պետք է փոխել, որպեսզի  երկիրը քայլի զարգացման ճանապարհով, նշում է.

 

«Առաջին հերթին, կցանկանայի, որ հասարակության մեջ ձևավորվի առողջ մթնոլորտ՝ հնարավորինս նվազեցնելով անհեռանկարայնության և անհուսալիության հոգեվիճակը: Կարևոր է, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի յուրօրինակ սրտացավություն, պատասխանատվություն կրի ներկայի ու ապագայի նկատմամբ: Ակնհայտ փաստ է նաև, որ մեր պատմությունը մեզ համար ուղենիշ պետք է լինի. այսօր այս խոսքերը հնչեցվում են  միայն ասելու համար, բայց մեր գործնեության մեջ դա այդքան էլ նկատելի և կիրառելի չէ:

 

Անվիճարկելի փաստ է, որ այսօր աշխարհը առավել արագ տեմպերով է զարգանում, և մենք պետք է անենք առավելագույնը, որպեսզի այդ զարգացմանը համընթաց գնանք, այլապես մենք կդառնանք «երամից հետ մնացած թռչուն», որի ճակատագիրը պարզ է, թե ինչպիսի ավարտ կարող է ունենալ… Այսօր Արցախը պետք է դառնա այն երանելի վայրը, որը պիտի ձգի բոլորին: Իսկ երանելի վայր կառուցելը հնարավոր է միայն օրենքի գերակայության պայմաններում»,- շարունակելով միտքը՝ շեշտում է նա:

 

Նրա կարծիքով՝  յուրաքանչյուրը պետք է կարողանա իր շուրջը ստեղծել շատ ավելի պատկառելի, առողջ մթնոլորտ, իսկ այդպիսի մթնոլորտը ձևավորվում է միայն փոխադարձ հարգանքի դեպքում, մեկը մյուսի խնդիրները լուծելու պատրաստակամության ու ձգտման միջոցով: Առաջնային խնդիրը պետք է լինի մեր հասարակության շրջանում առողջ մթնոլորտ ձևավորելը:

  Լուսինե ԹԵՒՈՍՅԱՆ

 

1