Ռուսաստանի խոշոր քաղաքներում տեղի ունեցավ «Անմահ հոգիներ» ֆլեշ-մոբը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » Ռուսաստանի խոշոր քաղաքներում տեղի ունեցավ «Անմահ հոգիներ» ֆլեշ-մոբը

Ռուսաստանի խոշոր քաղաքներում տեղի ունեցավ «Անմահ հոգիներ» ֆլեշ-մոբը

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի Համառուսաստանյան հանձնաժողովի ծրագրի շրջանակում տեղի են ունենում միջոցառումներ, որոնց մասնակիցների քանակը գնալով զգալի ավելանում է: Հայ երիտասարդությունը որոշել է հետ չմնալ ժամանակից և իր միջոցառումների համար օգտագործել ժամանակակից ձևեր:

 

«Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսը»,  «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության աջակցությամբ,  Մոսկվայի Գորկու անվան կենտրոնական զբոսայգում անցկացրեց «Անմահ հոգիներ» ձեռնարկը, որի ժամանակ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի բաց թողնվեցին 1500 օդապարիկներ: Դրանցից յուրաքանչյուրը կրում էր լուսացուցիչ, որոնք միացնելուց հետո սկսում էին թարթել: Եվ երբ օդապարիկը գտնվում էր երկնքում, իբրև կենդանի օրգանիզմ լույս էր արձակում: Հենց դրա համար էլ օդապարիկները խորհրդանշում էին նրանց անմահ հոգիները, ովքեր զոհվել են Ցեղասպանության ժամանակ:

 

«Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանի խոսքերով՝ «Անմահ հոգիներ» ձեռնարկի անցկացումը վկայեց, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումները դահլիճներից դուրս են գալիս հրապարակներ և ավելի են գրավում հեռուստաընկերությունների ու այլ ԶԼՄ-ների ուշադրությունը: Մոսկվայում տեղի ունեցած ֆլեշ-մոբին զուգահեռ՝ նմանօրինակ ձեռնարկներ տեղի ունեցան նաև Ռուսաստանի այլ քաղաքներում: Երեկոյան ուղիղ ժամը 19:15–ին, ինչը խորհրդանշում է 1915 թվականը, դուդուկի հուզիչ մեղեդու ուղեկցությամբ երկինք բարձրացան հազարավոր սպիտակ օդապարիկներ:

 

Էդվարդ Սախինով

1