ՀՅԴ թեկնածուները հանդիպեցին Ստեփանակերտի թիվ 9-ը դպրոցի ուսուցչական կազմի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ թեկնածուները հանդիպեցին Ստեփանակերտի թիվ 9-ը դպրոցի ուսուցչական կազմի հետ

ՀՅԴ թեկնածուները հանդիպեցին Ստեփանակերտի թիվ 9-ը դպրոցի ուսուցչական կազմի հետ

Ապրիլի 21-ին  Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԼՂՀ ԱԺ ընտրություններում ՀՅ Դաշնակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Վահրամ Բալայանի եւ համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը դպրոցի ուսուցչական կազմի հետ: Վահրամ Բալայանը, խոսելով ՀՅԴ նախընտրական ծրագրային դրույթներից, նշեց, որ երկրում առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ունենալ մրցունակ ու զարգացած երկիր, իսկ ՀՅԴ կողմից առաջարկվող ծրագիրը ցույց է տալիս դրան հասնելու  ուղեգիծը:

 

«Յուրաքանչյուր ոք պետք է ազատ զգա  իր հայրենիքում, պետք է իրեն իր երկրի տերը զգա, որպեսզի ցանկանա մնալ հայրենիքում, այլ ոչ թե բախտ որոնի օտար ափերում: Դաշնակցությունը  վստահ է, որ կարող է կառուցել այդ երկիրը, առաջնորդել ժողովրդին: Այդ է վկայում նրա՝ 124 տարիների կենսագրությունը, փորձն ու ներուժը»,- իր խոսքում նշեց Վահրամ Բալայանը՝ կարևորելով նաեւ Արցախում քաղաքական համակարգի կենսունակության խնդիրը. «Առանց կենսունակ քաղաքական համակարգի անհնար է երկրի մյուս ոլորտներում հաջողություններ ու զարգացում արձանագրել»,-շեշտեց նա:

 

Վահրամ Բալայանը ներկայացրեց Դաշնակցության ու նրա ղեկավարած, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի գրասենյակների դերն ու աշխատանքները Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ու Հայոց ցեղասպանության ընդունման գործում: Այս ասպարեզում ունեցած ամեն մի հաջողության հիմքում ընկած են ՀՅԴ Հայ դատի գրասենյակների՝ զօր ու գիշեր իրականացվող  քրտնաջան աշխատաքները: Արմեն Սարգսյանը, խոսելով Դաշնակցության կողմից առաջարկվող բարեփոխումների  մասին, նշեց, որ այսօր, առավել քան երբևէ, նոր թափ, նոր ոգի, նոր ուժ է պետք երկիրն առաջ տանելու համար.

 

«Եթե Դաշնակցությունն ԱԺ-ում չունենա իր կայուն տեղը, ապա չեմ տեսնում այն ապագան, որը երազել են մեր զոհված տղաները»,- ասաց Արմեն Սարգսյանը, ապա շեշտեց, որ ոմանց մոտ շրջանառվող այն կարծիքը, թե Դաշնակցությունը զուտ պատերազմի կուսակցություն է, չի համապատասխանում իրականությանը, եւ միայն այն մարդիկ կարող են իրենց թույլ տալ այդ հերյուրանքը, ովքեր չեն անցել պատերազմի թոհ ու բոհով, ովքեր խուսափել են պատերազմից, տաք տեղ որոնել, իսկ Արցախյան պատերազմով անցած մարդը, հաստատ, նման արտահայտություն թուլլ չի տա իրեն: «Մենք միշտ պատրաստ ենք պատերազմի, բայց մենք պատերազմ չենք ուզում, մենք պատերազմի կուսակցություն չենք, մեր գլխավոր նպատակը խաղաղությունն է, ուստի պատահական չէ, որ այն ընդգրկված է մեր նախընտրական կարգախոսում»,- շեշտեց Ա. Սարգսյանը եւ ասաց, որ շատ հեշտ է հասկանալ Դաշնակցությանը, քանզի նրա անունն արդեն իսկ խոսում է նրա որդեգրած ուղու մասին. «Հայ՝ ամեն ինչ հայ ժողովրդի համար, հեղափոխական՝ հեղափոխական ճանապարհով թերությունների ու սխալների արմատական վերացում, ինչն էլ կտանի դեպի զարթոնք եւ Դաշնակցություն՝ դաշնակցել, համագործակցել, միասնաբար առաջ շարժվել»:

1